Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի». Աննա Վարդապետյանը՝ դատախազներին

Հունիս 03,2026 19:22 Share

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ՝ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մինչ օրս կատարված աշխատանքները:

Հիշեցնենք, որ Աշխատանքային խմբի գործառույթներն ուղղված են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ հաղորդումները գրանցելուն, ուսումնասիրելուն, ստուգելուն, ըստ ենթակայության ուղարկելուն և դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 010 511-527 հեռախոսահամարով։ Թեժ գծի միջոցով ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձինք և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք կարող են փոխանցել Գլխավոր դատախազություն կամ հաղորդումն ուղարկել Դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կամ անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։

Աննա Վարդապետյանը, դիմելով դատախազներին, ընդգծել է. «Ձեզնից յուրաքանչյուրից պահանջվում է ձեր աշխատանքով հանրության մոտ ձևավորել հստակ ընկալում, որ.

 Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ:

 Հանցագործություն է ոչ միայն ընտրակաշառք առաջարկելը կամ տալը, այլև ստանալը։

 Հանցագործություն է քաղաքացիներին գումար, ծառայություն, նվեր, արտոնություն կամ այլ օգուտ առաջարկելը՝ նրանց ընտրության վրա ազդելու նպատակով։

 Հանցագործություն է ընտրության վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը:

 Հանցագործություն է քաղաքական հավաքների կամ ընտրական միջոցառումների մասնակցության համար մարդկանց վճարելը։

 Հանցագործություն է ընտրողին նյութապես շահագրգռելը՝ անկախ նրանից, թե այն ինչ անվան տակ է ներկայացվում, օրինակ՝ բարեգործություն։

Ընտրական գործընթացի հետ կապված յուրաքանչյուր հանցագործություն անկախ ներգրավված անձանց քանակից, ընտրակաշառքի չափից, ձևից, ընտրողների կամքի վրա ազդեցության եղանակից, դերակատարներից արժանանում է քրեաիրավական խիստ գնահատականի: Հաջորդիվ մեր աշխատանքը նույն տրամաբանությամբ պետք է շարունակվի: Եվ այս գործընթացի արդյունքը ընտրական հանցագործությունների նկատմամբ «զրո» հանրային հանդուրժողականությունը պետք է լինի»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930