«Երեք հարց ապագա վարչապետին» հաղորդաշարի վարող Ալիկ Ալեքսանյանի կալանավորումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին իր երեք հարցերն է տվել նրա դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը։
-Այսօր ի՞նչն է խանգարում կանանց՝ ակտիվ մասնակցել հասարակական եւ քաղաքական կյանքին ու ինչպե՞ս կարելի է լուծել այդ խնդիրը։
-Այս մեկ տարվա ընթացքում գտնվելով քաղաքական պայքարի մեջ՝ ես ուղղակի զարմացած եւ հիացած եմ Ազգային Ժողովի կին ընդդիմադիր գործիչներով, մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով, մեր թիմի ուժեղ կին անդամներով։ Ես տեսնում եմ հայ կանանց պոտենցիալը։ Ամեն ինչ անելու ենք, որ իրենք ավելի զարգանան, ավելի համարձակ դառնան, ավելի ուժեղ դառնան։ Կանայք, ինձ թվում է, ավելի ճիշտ են տեսնում՝ ինչ է հարկավոր հայ երեխային, հայ երիտասարդին, հայ մարդկանց։ Դրա համար ամեն ինչ անելու ենք՝ բարձրացնելու հայ կնոջ դերը։
Ես նույնիսկ իմ հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ ուրախ կլինեի, եթե մեկ օր Հայաստանի ղեկավար տեսնեի շատ համարձակ, հայրենասեր կնոջ։
Կարդացեք նաև
-Ես էլ։ Բայց հուսով եմ՝ ինձ նկատի չունեիր։
-Քեզ նկատի չունեի։
-Ինչպե՞ս պահպանել հայկական մշակույթը այս թվային աշխարհում՝ միաժամանակ բաց մնալով այլ մշակույթների համար։
-Մենք ունենք շատ փորձառու, ուժեղ մշակութային գործիչներ։ Շատերը հիմա ստվերում են, շատերը պայքարում են։ Ես շատ շնորհակալ եմ այն մշակութային գործիչներին, ովքեր պայքարում են այս չարիքի դեմ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ հայկական մշակույթի միջոցով պահպանենք եւ պաշտպանենք մեր ինքնությունը։ Զարգացնելով մշակույթը՝ մենք կունենանք ձեւավորված իսկական էլիտա, որը հիմա ամբողջությամբ բացակայում է հայկական աշխարհում։ Եվ ինձ շատ ուրախացնում է, որ նոր երիտասարդ տաղանդներ են ի հայտ գալիս։
Մենք պարտավոր ենք պահպանել եւ զարգացնել Արցախի մշակույթը։ Դա նույնպես հայրենասիրություն է բերում մեր երիտասարդներին։ Դրա համար ես այդքան մեծ վտանգներ չեմ տեսնում թվային աշխարհից։ Ճիշտ է, մենք պարտավոր ենք ուշադիր հետեւել՝ ինչպես են զարգացնում իրենց մշակույթները շատ կարեւոր երկրներում։ Ինչ-որ փորձ այնտեղից էլ ենք ձեռք բերելու։ Բայց հիմնականում մեզ հարկավոր է ճիշտ, հայրենասիրական ու մեր ժողովրդին ծառայող մշակույթ։ Մենք չպետք է մոռանանք, որ միշտ մշակույթն է պահպանել հայկական դիմագիծը։
-Այս նախընտրական փուլում քո հասցեին քննադատություններ շատ են հնչել։ Ո՞րն էր ամենահիշվողը եւ զարմացնողը։
-Հիմնականում դրանք քննադատություն չեն, նախընտրական զառանցանքներ են, ինչը շատ շուտով, վստահ եմ, կավարտվի։ Իսկ ինչն է ինձ զարմացնո՞ւմ։ Զարմացնում է, որ բիզնեսի մեջ քեզ քննադատում են քո չարածների համար։ Իսկ քաղաքականության մեջ քեզ քննադատում են իրենց չարածների համար։ Բայց ես ձեզ համար պատրաստ եմ ցանկացած գին վճարել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































