ՀՔԱՎ. 2026 թվականի հունիսի 3-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացել է հեռախոսային և էլեկտրոնային սպառնալիքներ՝ կապված հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների հետ։
Սպառնալիքները սկսվել են հեռախոսազանգերով։ Ժամը 15։19-ից սկսած մեր գրասենյակի հեռախոսահամարին զանգեր են ստացվել Կիպրոսի միջազգային կոդով սկսվող մի քանի համարներից։ Զանգերի ընթացքում հնչել են «ճիշտ ընտրություն» կատարելու պահանջներ և բռնության սպառնալիքներ։ Երկու զանգ ձայնագրվել է և կցվել իրավապահ մարմիններին ներկայացված դիմումին։ Նախնական լսողական դիտարկմամբ՝ ձայնը հնչում է ոչ բնական և կարող է լինել տեխնիկապես ձևափոխված կամ սինթետիկ, ինչը պահանջում է առանձին աուդիոֆորենսիկ փորձաքննություն։
Նույն օրը սպառնալիքները շարունակվել են էլեկտրոնային եղանակով։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պաշտոնական [email protected] հասցեին ժամը 15։45-ից մինչև 18։27 ուղարկվել են առնվազն 35 սպառնալից նամակներ։ Դրանք պարունակել են ընտանիքի անդամներին վնասելու, սպանելու, հասցեները իմանալու և այլ բռնության սպառնալիքներ։
Նամակների տեխնիկական վերնագրերը ցույց են տալիս կարևոր համընկնում․ տարբեր Gmail հասցեներից ուղարկված մի շարք նամակներ Gmail-ին փոխանցվել են նույն ելքային IP հասցեից՝ 84.38.184.87։ Header-ներում կրկնվում է նույն շղթան՝ Received: from 84.38.184.87 … by smtp.gmail.com with ESMTPSA։ Սա նշանակում է, որ նամակները Gmail-ին փոխանցվել են վավերացված SMTP կապով, ոչ թե պարզապես կեղծված From դաշտով։ Այսինքն՝ խոսքը պարզ email spoofing-ի մասին չէ, այլ մի քանի Gmail հաշիվներով և ընդհանուր տեխնիկական ելակետով իրականացված նամակների ուղարկման սխեմայի մասին է։
Կարդացեք նաև
Բաց աղբյուրներով 84.38.184.87 IP հասցեն ներառված է 84.38.184.0/23 ցանցային միջակայքում, որը կապվում է AS49505 autonomous system-ի հետ։ RIPEstat և IPinfo հարթակներում AS49505-ի holder/organization դաշտում նշվում է JSC Selectel կամ SELECTEL JSC Selectel, իսկ գրանցման երկիրը՝ RU / Russian Federation։ Սա ցույց է տալիս օգտագործված հոսթինգային կամ ամպային ենթակառուցվածքը, բայց չի ապացուցում վերջնական կատարողին, պատվիրատուին կամ նրանց ֆիզիկական գտնվելու վայրը։
Նամակների լեզուն նույնպես թողնում է հետքեր։ Սպառնալիքների մի մասը գրված է լատինատառ հայերենով, մյուս մասը՝ հայատառ, սակայն երկու դեպքում էլ հանդիպում են ոչ բնական հայերենի, անկայուն տրանսլիտի և բառացի թարգմանություն հիշեցնող ձևակերպումներ։ Օրինակ՝ «քո կյանքը կդառնա մի մեծ տառապանք» արտահայտությունը հայերենում արհեստական է հնչում, մինչդեռ հեշտությամբ հետ է թարգմանվում ռուսերեն կամ անգլերեն կառուցվածքի։ Նույն փաթեթում հանդիպող «ընտրությունների գործընթացին չխանգարել» պաշտոնական ձևակերպումն ու կոպիտ բռնի սպառնալիքները ստեղծում են ռեգիստրային անհամապատասխանություն։ Սա չի ապացուցում սկզբնաղբյուրը, բայց լրացնում է նախապես պատրաստված կամ խմբաքանակային տեքստերի օգտագործման վարկածը։
Նույն ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացում է տարածել օտարերկրյա կամ անհայտ ծագման վիրտուալ հեռախոսահամարներից կատարվող քաղաքական ենթատեքստով սպառնալից զանգերի և տարբեր էլեկտրոնային հասցեներից ուղարկվող սպառնալիքներով լի նամակների վերաբերյալ։ Մեզ հասած և հրապարակային հարթակներում հայտնված տեղեկություններով՝ նմանատիպ սպառնալիքներ ստացել են նաև այլ քաղաքացիներ և կազմակերպություններ։ Այդ տեղեկությունները դեռ պահանջում են լրացուցիչ ստուգում, սակայն դրանք թույլ են տալիս մեր դեպքը դիտարկել ավելի լայն սպառնալիքային արշավի հնարավոր համատեքստում։
Այս փուլում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սպառնալիքները չի վերագրում որևէ կոնկրետ քաղաքական ուժի, պետական կառույցի կամ արտաքին դերակատարի։ Վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է Google-ի, հեռախոսային օպերատորների, վիրտուալ հեռախոսային ծառայությունների և հոսթինգային ենթակառուցվածքի տվյալների իրավական կարգով ստացում և համադրում։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ և իրականացնել համակողմանի, լրիվ և անաչառ քննություն։
Տեղի ունեցածը գնահատում ենք որպես ընտրական գործընթացի շուրջ վախի մթնոլորտ ձևավորելու, քաղաքացիական վերահսկողությունը թուլացնելու և քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա հոգեբանական ազդեցություն գործադրելու փորձ։
Նորայր Ալեքյան,
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ՏՏ մասնագետ


















































