Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի՝ անկանխատեսելի քայլերը՝ հնարավոր չէ լիովին բացառել իրավիճակի էսկալացիան։
«Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ պատերազմով՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ այդ թվում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ԱՄՆում կազմակերպելը, առավել կարևոր են ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, որոնք տեղի են ունենալու նոյեմբերին»,- «Առավոտի» հարցին՝ այն, որ օրեր առաջ Իրանն ու ԱՄՆ-ն նոր ռազմական հարվածներ են փոխանակել, սա կարո՞ղ է հանգեցնել ռազմական գործողությունների սրման, այսպես պատասխանեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։
Հիշեցնենք՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարձակվել է ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբ-բնակարանի վրա, մինչդեռ ԱՄՆ զինված ուժերը, իրենց հերթին, պնդում էին, որ ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, ինչպես նաև հարձակվել են Քեշմ կղզում գտնվող օբյեկտների վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել իրանական Քեշմ կղզուն՝ «ինքնապաշտպանության նպատակով»։
Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ էսկալացիայի հավանականությունը փոքր է նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ում դժգոհություն կա պատերազմից․ «ԱՄՆ-ի համար պարզ է, որ Իրանին չի կարող ծնկի բերել օդային հարվածներով, իսկ ցամաքայինը նշանակում է երկարատև, մաշող պատերազմ։ Այս պատերազմում շահագրգիռ է միայն Իսրայելը։ Ինչպես այս ամբողջ պատերազմի ընթացքում տեսանք, երբ բանակցություններն արդեն լրջանում են, Իսրայելը ինչ-որ քայլ անում էր, որ իրավիճակը սրվի»։
Կարդացեք նաև
Էմմա Բեգիջանյանը, հղում կատարելով ԱՄՆ-ի և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցին, ասաց․ «Դոնալդ Թրամփը Նեթանյահուի հետ խիստ հեռախոսազրույց է ունեցել՝ ընդհուպ մինչև նրան գիժ է անվանել։ Թրամփն ինքն է դա հաստատել և միաժամանակ նշել, որ որևէ լուրջ տարաձայնություններ չունի Իսրայելի հետ»։ Նշենք, որ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իսրայելական զորքերը չեն մտնի Բեյրութ։
Էմմա Բեգիջանյանն այս առիթով ասաց․ «Ամենակարևորը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատեց մի բանաձև, որով պատերազմի ավարտն է արձանագրվում, այսինքն՝ այսուհետ պետք է պատերազմը լինի Կոնգրեսի հաստատմամբ։ Այդ բանաձևում նշված է, որ ԱՄՆ-ն պետք է դուրս գա պատերազմից։ Բայց սա դեռ պարտադիր կիրառման օրենք չէ, դեռ Սենատը պետք է հաստատի։ Այնուամենայնիվ, ըստ այդ բանաձևի՝ նախագահն ունի վետոյի իրավունք»։
Իրանագետն ասաց, որ այս պահին գործ ունենք սահմանափակ փոխհրաձգություններով հրադադարի հետ։ Մեր դիտարկմանը՝ սակայն կողմերը չեն ստացել այն, ինչ ուզում են, Էմմա Բեգիջանյանն այսպես արձագանքեց․ «Այս պատերազմը սկսվեց այն պահին, երբ Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցությունները հասել էին ԱՄՆ-ի համար թերևս առ այսօր ամենաձեռնտու համաձայնության։ Այսինքն՝ որպեսզի պատերազմը կանխեր, Իրանը բավականին մեծ զիջումներ էր արել, ու ըստ տարբեր աղբյուրների՝ Նեթանյահուն Թրամփին համոզեց, որ Իրանի քաղաքական ու զինվորական էլիտան մի տեղ է հավաքված, եթե դրանց ոչնչացնենք, Իրանին ծնկի կբերենք, ինչը չստացվեց։ Պարզապես Իսրայելը նպատակ ունի Իրանը դարձնել այրված դաշտեր։ Բայց կարծում եմ՝ Իսրայելը ուզած-չուզած զիջումների պետք է գնա ԱՄՆ-ին։ Միևնույն ժամանակ, հրեական լոբբիստական կազմակերպություններն էլ են ճնշում Թրամփին»։
Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի՝ անկանխատեսելի քայլերը՝ հնարավոր չէ լիովին բացառել իրավիճակի էսկալացիան, բայց նաև նշեց, որ այս պահին փաստերը խոսում են այն մասին, որ դա չի լինելու։ Հղում կատարելով նաև նավթի միջազգային գների և այս պատերազմի կապին՝ Էմմա Բեգիջանյանը նշեց․ «Նավթի շուկայում միջազգային գներն իջել էին, բայց ԱՄՆ-Իրան փոքր բախումից հետո նորից գները բարձրացան։ Այսինքն՝ համաշխարհային տնտեսությանն էլ է վտանգ սպառնում, ինչն ԱՄՆ-ի և աշխարհի համար ցանկալի չէ։ Պարզապես ԱՄՆ-ն ցանկանում է, որ բոլոր էներգետիկ ռեսուրսներն իր վերահսկողության տակ լինեն»։
Ըստ իրանագետի՝ պատերազմից հետո առավել կարևորվել է նաև Հորմուզի նեղուցի բացումը․ «Այս պատերազմը մի խնդիր ևս ավելացրել է ԱՄՆ-ի համար։ Հորմուզի նեղուցն Իրանի վերահսկողության տակ է, այսինքն՝ Իրանը ստուգում, վերահսկում է, պետք է վճարեն ու նեղուցը անցնեն։ Բայց եթե իսրայելական է, ամերիկյան, կամ Իրանի նկատմամբ ոչ բարյացակամ քաղաքականություն վարող երկրների նավերն են, դրանք նեղուցով անցնել չեն կարող»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.06.2026


















































