Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»

Հունիս 08,2026 14:47 Share

«Դուք ընտրել եք քաղաքական միտքը, քաղաքական հույսը, դուք ընտրել եք ԱԺ-ում փոփոխությունների և հակակշիռներ ունենալու ճանապարհը, ընտրել եք մեզ՝ որպես իշխանությանը հաշվետու պահող անխոցելի ընդդիմություն»,- իրենց ընտրողներին այսօր այսպես դիմեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իրենց ընտրողները երբեք չեն փոշմանելու կատարած ընտրության համար։ Հիշեցնենք, որ այս կուսակցությունն ըստ ԿԸՀ-ի՝ 7258 ձայն է ստացել։

Բանախոսի գնահատմամբ՝ ընտրություններին մեծ մասնակցություն ապահովելու հարցում իրենք էլ են իրենց ներդրումն ունեցել։

«Ժողովուրդ, մենք շատ լավ ենք՝ ֆիզիկապես, հոգեբանորեն։ Մեր ողջ թիմն աշխատանք ունի, արձակուրդ էին վերցրել՝ ընտրություններին մասնակցելու համար։ Մենք ժողովրդի հաշվին ընտրություններով աշխատանքի հարց չենք լուծել երբեք։ Սա հաջողակ, երջանիկ մարդկանց թիմ է։ Իրենք իրենց երջանիկ կյանքը դրել էին ժողովրդին ծառայելու համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան ստացվող ափսոսանքի նամակների։

Հայտարարեց՝ իրենց անձնական կյանքի իմաստով խնդիր չունեն, խնդիր ունենք իբրև պետություն, հասարակություն, և այդ խնդիրների լուծումները ներկայացրել են քարոզարշավի ժամանակ։

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա դրանք իրեն հուշում են հետևյալը՝ մեր քաղաքական խնդիրներին լուծումներ չեն գտնվելու, ավելի ենք մխրճվելու խնդիրների մեջ՝ երրորդ ժամկետով կառավարման ավտորիտար մղձավանջի մեջ. «Նիկոլ Փաշինյանին ոչ մի բան չի կանգնեցնելու, ինքը ոչ մի «տոռմուզ» չունի։ Այն ուժերը, որոնք խորհրդարանում են, նրանք ԱԺ-ում ոչ մի բան չեն կարողանալու անել»։

Նաև հայտարարում է, որ մինչև քարոզարշավի և բուն ընտրական գործընթացի սկսվելը զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»։

«Այս ընտրությունների լեգիտիմությունը որոշելու լծակը տրված է այս պահին խորհրդարան անցած ուժերին՝ Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերին։ Նրանք հանձնաժողովներում ունեցել են անդամներ, և իրենք գիտեն, թե տեղի ունեցած կեղծիքներն ինչ ծավալի են։ Եթե ԱԺ անցած ուժերը վերցնեն մանդատները և գնան խորհրդարան, ապա դրանով ընտրությունները կհամարվեն լեգիտիմ, և դրանով այս շրջափուլը կարող ենք համարել փակված»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Ինչ վերաբերում է քննարկվող հարցին, թե ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, Էդմոն Մարուքյանը տարակուսած է. «Ինչի՞ վրա եք ուրախանում։ Ցանկացած պահի, ցանկացած հարց, որ բերեն խորհրդարան, որի համար կարիք լինի սահմանադրական մեծամասնության՝ դատավորի ընտրություն կլինի, սահմանադրություն փոխել կամ այլ բան, ընդդիմադիր ֆրակցիաներից ինչ-որ պատգամավորներ դառնալու են այդ պահին նիկոլական ու քվեարկելու են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930