Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ծառայողների հոգեկան առողջության, մասնագիտական կարողությունների և ծառայողական բարեկեցության ամրապնդումը՝ արդյունավետ ծառայության կարևոր նախապայման

Հունիս 09,2026 14:56 Share

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 29-ին անցկացվել է ոստիկանության ծառայողների դիմակայունության բարձրացման համակարգի ներդրմանը նվիրված աշխատանքային քննարկում։

Առանցքում՝ Ոստիկանության ծառայողների հոգեկան առողջության պահպանման և զարգացման, սթրեսի հնարավոր կանխարգելման և արդյունավետ կառավարման, հոգեբանական գիտելիքների զարգացման վերաբերյալ հարցերն էին։

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է ԵԱՀԿ կողմից, ՆԳ Նախարարության հետ համատեղ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում և Փրկարար Ծառայությունում» (AEGIS) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԶԾ և ԵԱՀԿ կողմից:

Ծրագրի շրջանակներում նախատեսված է մեծածավալ աշխատանք՝ Ոստիկանության ծառայողների համար հոգեբանական ծառայության ներդրման ուղղությամբ և սա առաջին քննարկում էր, որի նպատակն էր կարիքների նախնական սահմանումը:

Մասնակցել են նաև ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Հոգեբանների հայկական գիտական միավորման Նախագահ Դավիթ Ամիրյանը, ՆԳ նախարարության, ԵԱՀԿ, ՄԱԶԾ և ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) ներկայացուցիչներ։

Անդրադարձ է կատարվել ոստիկանության ծառայողների աշխատանքային գործունեության ընթացքում առաջացող մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը ծառայության վրա։ Կարևորվել է ամբողջական և համապարփակ կարիքների գնահատումը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու համապատասխան գործիքակազմերի ներդրումը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ոստիկանությունում ծառայությունն ինքնին ենթադրում է նաև հոգեբանական լարվածություն, ինչը կարող է անդրադառնալ ծառայողների աշխատանքային արդյունավետության վրա։

Նրա խոսքով՝ նման իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ են նպատակային և գործնական լուծումներ․ բացի մասնագիտական պատրաստվածությունից, անհրաժեշտ է նաև հոգեբանական պատրաստվածություն, իսկ դրանց մշակման լավագույն ճանապարհներից մեկը՝ համակարգի ներկայացուցիչների փորձն ու դիտարկումները հաշվի առնելն է։ Այդ համատեքստում իրականացվում է կարիքների գնահատում, ինչը հիմք կհանդիսանա հետագա քաղաքականության մշակման համար։

Նախարարն ընդգծել է, որ ծառայողների հոգեկան առողջության, դրա պահպանման և զարգացման, մասնագիտական կայունության և բարեկեցության ամրապնդմանն ուղղված համակարգային մոտեցումները կարող են նպաստել նրանց դիմակայունության, մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը։

Դավիթ Ամիրյանը ներկայացրել է սթրեսային իրավիճակների առաջացման հիմնական պատճառներն ու գործոնները՝ անդրադառնալով նաև այն հանգամանքին, թե ինչպես կարող են աշխատանքային միջավայրն ու ծառայության պայմանները նպաստել սթրեսի ձևավորմանը կամ, հակառակը, օգնել դրա հաղթահարմանը։

Նա խոսել է ղեկավար–ենթակա հարաբերություններում արդյունավետ հաղորդակցության կարևորության, սթրեսային վիճակներից դուրս գալու գործնական մեխանիզմների և հոգեբանական կայունության ամրապնդման եղանակների մասին։

Քննարկվել են նաև ծառայողների իրազեկվածության բարձրացման, սթրեսի կառավարման հմտությունների զարգացման և հոգեկրթական ծրագրերի ներդրման կարևորության մասին հարցեր։ Նշվել է, որ նման ծրագրերը կարող են նպաստել ռիսկերի վաղ բացահայտմանը, ինքնօգնության և փոխաջակցության մշակույթի ձևավորմանը։

Ծավալվել է ակտիվ քննարկում, ներկայացվել են նաև մի շարք առաջարկություններ՝ արդյունավետ հայեցակարգային լուծումների մշակման և ներդրման ուղղությամբ։

ԵԱՀԿ ծրագրի ազգային համակարգող Դիանա Անանյանը նշել է, որ ԵԱՀԿ-ի կողմից ներգրավված փորձագետների թիմը կիրականացնի կարիքների և կարողությունների համապարփակ գնահատում, ինչի արդյունքներով կմշակվի Ոստիկանության ծառայողների համար հոգեբանական աջակցության ծառայության ներդրման հայեցակարգ։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ հայեցակարգի մշակումից հետո, նախ կգործարկվեն պիլոտային ծրագրեր ընտրված ստորաբաժանումներում, ապա դրանց արդյունքների հիման վրա և մնացած ստորաբաժանումների առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կիրականացվի համակարգի ամբողջական ներդրումը:

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930