Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՕՊ-ի հարցում ոչ մեկի վրա հույս չպետք է դնենք, ՀՀ տարածքում ինքնուրույն պետք է կարողանանք մեր առջեւ դրված խնդիրները կատարել»․ Էդվարդ Ասրյան

Հունիս 09,2026 16:03 Share

Հայաստանի հակաօդային պաշտպանությունն հիմա ավելի լավ վիճակում է, քան 2018-ին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Նա անդրադարձավ մայիսի 28-ին անցկացված զորահանդեսին՝ նշելով․ «Ես տպավորված եմ այդ զորահանդեսով, որովհետեւ ես եմ անձամբ նաեւ կառավարել այդ զորահանդեսը։ Պատկերացրեք՝ իմ համար այնքան տպավորիչ էր, որ իմ աչքերը նույնիսկ արցունքոտվում էին, որ ես տեսնում էի իմ դիմաց քայլող զորքը, տղամարդիկ եւ կանայք, ինչպես նաեւ այն սպառազինությունն ու տեխնիկան, որը մենք գիշեր-ցերեկ աշխատանքի արդյունքում բերել ենք»։

Հարցին, թե ինչո՞ւ նախընտրական փուլում որոշեցին զորահանդես անել, ավելի վաղ չէին անում, Ասրյանը պատասխանեց․ «Զորահանդեսը տարվա մեջ մի քանի անգամ անցկացնելու միջոցառում չէ, 2016 թվականից հետո 2026 թվականին՝ 10 տարվա ժամանակահատվածում անցկացվեց։ Դա մի բերեք կապեք ընտրություններից առաջ հարցի հետ, ես գտնում եմ, որ դա սխալ միտք է»։

Նա նշեց, որ պատերազմից հետո բանակը գտնվում էր այն վիճակում, որ պետք է վերականգներ իր կորուստները, ձեռք բերեր նոր սպառազինություն, բանակը պետք է իր ողնաշարն ուղղեր։ «Եվ մենք ուղղել ենք այդ ողնաշարը՝ մեր քրտնաջան աշխատանքի արդյունքում, մեր պաշտպանության նախարարի ամենօրյա աշխատանքի արդյունքում։ Իր պահանջկոտությամբ, մեր աշխատանքով մենք կարողացել ենք ուղղվել եւ մեր հասարակությանը մատուցել այն, ինչ մենք կատարել ենք»,- ասաց նա։

Հարցին, թե Հայաստանի օդն այսօր որքանո՞վ է պաշտպանված, Էդվարդ Ասրյանը պատասխանեց, որ աշխարհում չկա պետություն, որի օդը 100 տոկոսով փակ կլինի։ «ՀՀ բանակի այս կերպափոխման համատեքստում այդ աշխատանքներն առաջնակարգ տեղ են զբաղեցնում՝ «օդը փակելու», հակաօդային ու հակահրթիռային պաշտպանություն ունենալու համար։ Եվ այստեղ մենք ոչ միայն ձեռք ենք բերում հակաօդային պաշտպանության միջոցներ, այլ հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգում կործանիչ ավիացիան՝ իր հրթիռներով, որը տեսաք զորահանդեսի ժամանակ, մեծ նշանակություն ունի հակաօդային պաշտպանության մեջ։ Նաեւ մենք արդեն Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ ակտիվ աշխատանքի արդյունքում, մեր ընկերությունների ձեռքբերումների արդյունքում, ձեռք ենք բերում այնպիսի միջոցներ, որոնք մեր հակաօդային պաշտպանության մակարդակը բարձրացնում են: Կարելի է ասել՝ մենք ամենօրյա աշխատանք են անում այդ ուղղությամբ։ ՀՀ հակաօդային եւ հակահրթիռային, հակադրոնային համակարգերը պետք է հույսները դնեն իրենց վրա։ Այսինքն՝ ուրիշ ոչ մեկի վրա մենք հույս չպետք է դնենք։ Մենք պետք է այնպես ուժեղանանք, որ ինքնուրույն ՀՀ տարածքում կարողանանք մեր առջեւ դրված խնդիրները կատարել»,- հավելեց Ասրյանը։

Նա անդրադարձավ նաեւ քննադատություններին, թե ինչ տեսակի զենքեր է գնել այս իշխանությունը։ «Մենք հենց այնպես զենք չենք գնում, մենք գնահատում ենք բոլոր պարամետրերը, չափորոշիչները՝ այդ զենքը մենք կարո՞ղ ենք ինտեգրել մեր սպառազինությանն ու զինտեխնիկային, մենք ունա՞կ ենք դա սովորելու, մեր զորքն ունա՞կ է դա կիրառելու, ինչպե՞ս ենք դա ինտեգրելու ընդհանուր համակարգում, ինչպե՞ս ենք դա կառավարելու ընդհանուր ավտոմատացված համակարգում»,- ասաց նա։

Հարցին, թե 2023 թվականին Արցախում ի՞նչ զինտեխնիկա է անցել Ադրբեջանի տիրապետությանը, Էդվարդ Ասրյանը հստակ չպատասխանեց, միայն ասաց․ «Ցանկացած ժամանակահատվածի տեխնիկա գնահատվում է տվյալ ժամանակահատվածի իր որակներով։ Հին արտադրանքի ոչ մի տեխնիկա իր նշանակությունը չի կորցնում։ Եվ մենք էլ չենք ասում՝ մենք հրաժարվել ենք հին տեխնիկաներից, ցանկացած տեխնիկա իր տեղն ու նշանակությունն ունի ԶՈւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի մեջ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930