«Այն փաստը, որ Վրաստանից արձագանք եղավ, դրական է։ Որ վրացական կողմը՝ պաշտոնական Թբիլիսին փորձում էր առաջիններից մեկը լիներ, որ շնորհավորում է, ակնհայտ էր։ Այլ բանով ևս սա կարող եմ բացատրել՝ քանի որ եղան որոշ լրատվամիջոցների կողմից այսպես կոչված էքզիթ փոլերի տվյալները, միգուցե շփոթմունք էր առաջացել, և արդեն Թբիլիսիում մտածել էին՝ քանի որ կա էքզիթ փոլի արդյունքը, կարելի է արդեն շնորհավորել։ Ես չէի ասի, որ միտումնավոր է եղել։ Այս պարագայում ես որպես միջամտություն այդ ամենը չեմ տեսնում․ բարի կամքի արտահայտում էր»,-Aravot.am-ի փաստմանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ՀՀ ԱԺ-ում քվեարկության արդյունքները դեռ չամփոփված, X-ում շնորհավորական ուղերձ էր հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հարցին՝ սա ինչպե՞ս կմեկնաբանեք և արդյոք դա միջամտություն չէ՞ր նաև տրամադրությունների ձևավորման առումով, այսպես պատասխանեց վրացագետ, քաղաքագետ, Օրբելի կենտրոնի վերլուծաբան Ջոնի Մելիքյանը։

Ըստ նրա՝ այսօր ունենալով ռազմավարական բնույթի հարաբերություններ ՀՀ-ի հետ՝ «Թբիլիսին ևս ակտիվ փորձում է հարաբերությունները զարգացնել, ինչը ողջունելի է։ Ուկրաինայից մինչև Իրան բարդ աշխարհաքաղաքական իրողությունների ֆոնին՝ Վրաստանի հետ հարաբերությունները ռազմավարական ու կարևոր են մեզ համար, և իմ կարծիքով՝ այդ հարաբերությունները պետք է շարունակել այդ ուղղությամբ և փորձել կապիտալիզացնել ապագայում»։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք միջազգային հարաբերություններում ճիշտ մոտեցո՞ւմ է չսպասել պաշտոնական արդյունքներին և շտապողականություն դրսևորել շնորհավորելու առումով, Ջոնի Մելիքյանն այսպես պատասխանեց․ «Դա ասելու համար պետք է միջազգային փորձը ուսումնասիրել։ Ինչ տեղի է ունեցել, իմ մոտեցումն ասացի, որ միգուցե էքզիթ փոլերից ելնելով է նման բան տեղի ունեցել։ Շնորհավորելու համար դժգոհելը իմ կարծիքով՝ ճիշտ չէր լինի ՀՀ-ի կողմից, ուրիշ բան է, որ մնացած հարցերը ՀՀ ներքին հարցերն են, և կարևոր է, որ արտաքին խաղացողները ներքին պրոցեսներին չմիջամտեն։ Այստեղ միջամտություն չեմ տեսնում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































