Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի չլինի քաղաքական համերաշխություն եւ ընդհանուր ճակատագրի համար պատասխանատվություն
Պաշտոնական տեղեկություններով՝ ՔՊ-ին կողմ է քվեարկել ավելի կան 700 հազար ընտրող: Շատ հնարավոր է, իհարկե, թվանկարչությունը կամ, ասենք, նման թվի հասնելը զինծառայողների քվեարկության միջոցով այն ժամանակ, երբ ընտրական տեղամասը փակվել էր՝ արտառոց դեպք միջազգային պրակտիկայում: Բայց, ենթադրենք, ՔՊ-ն ստացել է կես միլիոն ձայն, որը, համաձայնեք, սոլիդ թիվ է:
Թերեւս այսօր ամենասխալ բանը կլինի այդ մարդկանց փնովելն ու պիտակավորելը: Օրինակ, «այդպես էլ ազգ չդարձանք»՝ նկատի ունենալով, որ «նիկոլական» կես միլիոնն ազգ չի: Կամ՝ «էս սաղ 65+ զառամյալ սովետական մարդիկ են արել»: Ես էլ եմ 65+, բայց, անհամեստորեն ասած, ինձ չեմ համարում ո՛չ զառամյալ, ո՛չ էլ սովետական՝ այն բացասական իմաստով, որը սովորաբար նկատի ունեն:
Ինչ մնում է «ազգ դառնալուն», ապա դա կախարդական փայտիկով տեղի չի ունենում, ոչ էլ՝ ընտրությունների միջոցով: Ավելին ասեմ՝ իմ կարծիքով, ընտրություններում այս կամ այն ուժին ձայն տալը «ազգ դառնալու» գլխավոր ցուցիչը չէ:
Կարդացեք նաև
«Ազգ դառնալը» դինամիկ գործընթաց է, որը ոչ մի ազգի դեպքում կանգ չի առնում, եւ այստեղ հնարավոր են տեղատվություններ եւ մակընթացություններ: Գերմանացիները 1870 թվականին, կարծես թե, «ազգ դառան», իսկ 1933-ին դադարեցի՞ն «ազգ լինել»: Կամ գուցե հակառա՞կը՝ ռասիստական, մարդատյաց գաղափարների հետեւից գնալը հենց «ազգ լինելու» մասին էր խոսում:
Եթե դառնանք մեզ, ապա ինչի՞ հիման վրա մենք կարող ենք պնդել, որ նրանք, ովքեր հավատում են, թե հիմնական 3 ընդդիմադիրներ ուժերը ցանկանում են պատերազմ սկսել Ադրբեջանի հետ, նրանք ուղարկված են Պուտինի կողմից, որ 44-օրյա պատերազմում պարտվելը «մեծ հաջողություն» էր, կամ այն քաղաքացիները, ում Փաշինյանի ցուցումով «բերման են ենթարկել» ընտրական տեղամասեր, այդ բոլորը «ազգ չեն»: Իսկ նրանք, ովքեր չեն հավատում այս ցնդաբանություններին, կամ նրանք, ովքեր չեն ենթարկվել իշխանության ճնշումներին, «ազգ են»:
Քաղաքացիների պատասխանատվության աստիճանը, գրագիտությունը, կամ այս պահին հասարակության մեջ տիրող տրամադրությունը չեն կարող ուղիղ կապվել կայացած կամ ոչ կայացած ազգ լինելու հետ: Խոսքը, բնականաբար, քաղաքական, ոչ թե էթնիկ ազգ լինելու մասին է (երկրորդ պարագայում մենք, կարծես թե, խնդիր չունենք): Քաղաքական ազգի հատկանիշներից ամենակարեւորներից են, կարծում եմ, երկուսը. ա/ քաղաքական համերաշխությունը՝ մեկ պետության շրջանակներում, եւ բ/ ապագայի մասին ընդհանուր պատկերացումը՝ ոչ միայն ապրել կողք կողքի, այլեւ համատեղ պատասխանատվություն վերցնել երկրի ապագայի մասին:
Խնդիրը, հետեւաբար, ոչ թե այս կամ այն ձեւով քվեարկելն է, այլ «քաղաքական ազգ» դառնալու խոչընդոտները: Իսկ դա վերաբերում է բոլորիս՝ թե՛ նիկոլականներին, թե՛ հականիկոլականներին:
Այլ հարց է, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մենք, տարբեր հայացքներ ունեցողներս, քաղաքականապես համերաշխ չլինենք եւ Հայաստանի ապագայի համար համատեղ պատասխանատվություն չվերցնենք: Նրա համար է, որ իրեն ձայն տված կես միլիոն ընտրողները «հպարտ քաղաքացի» են, իսկ նրան դեմ քվեարկածները՝ «ռսաստրուկներ»: Այդպիսի մոտեցումը ոչ մի օգուտ չի բերելու ո՛չ պետությանը, ո՛չ էլ անձամբ Փաշինյանին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

















































