ՀՀ վարչական դատարան էր դիմել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայող Տիգրան Նազարյանը: ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության դեմ գործով դատարանը պատասխանող էր ճանաչել նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը: Հայցվորը պահանջում էր պարտավորեցնել պատասխանողին դիմելու օրվանից՝ 2025 թ. մարտի 24-ից սկսած երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակել:
Նա 2019թ. նոյեմբերի 13-ից մինչև 2024թ. մայիսի 13-ը զբաղեցրել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի պաշտոնը, ապա դրանից հետո մինչև 2025թ. մարտի 24-ը` զբաղեցրել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ (առաջատար) ծառայողի պաշտոնը:
Ըստ հայցվորի դատարան ներկայացրած փաստաթղթերի, նրա զինվորական ծառայության ստաժը կազմում է 24 տարի 5 ամիս (որից` 8 տարի 6 ամիս և 11 օրվա ստաժը ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում ծառայության ստաժն է):
Դատարանն արձանագրել է, որ Նազարյանի զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառված ժամանակահատվածը գերազանցում է 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժը, հետևաբար, վերջինս կարող է հավակնել զինվորական կենսաթոշակի՝ որպես պրոբացիայի ծառայող:
Կարդացեք նաև
Դատարանը բավարարել է նրա հայցապահանջը,
պարտավորեցրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 2025 թ. մարտի 24-ից սկսած Տիգրան Նազարյանին նշանակել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ:
Որոշմամբ անվավեր է ճանաչվել արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի 19.05.2025 թ. թիվ Ե40/7-2850 գրությունը:
Դատարանը (դատավոր՝ Անի Հարությունյան) հաստատված է համարել այն, որ Նազարյանը ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն է տեղափոխվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից՝ սահմանված մեկամսյա ընթացքում:
Մայիսի 18-ին վարչական վերաքննիչ դատարան է դիմել պատասխանողը` ՀՀ արդարադատության նախարարությունը: Վերջինս պահանջում է բեկանել դատական ակտը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.06.2026

















































