Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես նոր հանգամանք Լիպարիտ Սիմոնյանը նշել էր ՄԻԵԴ որոշումը

Հունիս 11,2026 12:30 Share

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը օրեր առաջ քննարկել էր մեղադրյալ Սամվել Գրիգորյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի բացառիկ վերանայման բողոքի հիման վրա՝ նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի՝ 2023 թ. սեպտեմբերի 13-ի, 2024 թ. մարտի 20-ի, 2024 թ. հունիսի 14-ի, 2024 թ. օգոստոսի 26-ի, 2024 թ. դեկտեմբերի 23-ի, 2025 թ. մարտի 12-ի, 2025 թ. հունիսի 10-ի, 2025 թ. սեպտեմբերի 10-ի և 2026 թ. փետրվարի 16-ի որոշումների բացառիկ վերանայման վարույթ հարուցելու հարցը։ Դատարանը Սամվել Գրիգորյանի գործով, ներկայացված նրա պաշտպանի՝ Լիպաիտ Սիմոնյանի բողոքները՝ նախկինում կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու և բացառիկ վերանայման, ԵԴ որոշման հիման վրա՝ նախկինում կալանքի տակ պահելու ժամկետները երկարաձգելու բոլոր որոշումների դեմ, ընդունել է վարույթ։

Հիշեցնեմ, որ գործն առնչվում է 2021թ. օգոստոսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում երեք զինծառայողների սպանությանը։ Ս.Գրիգորյանը դիրքի ավագն է եղել,  նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինաբար, դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու համար։ Գործով անցնող Ա.Հ.-ն մեղադրվել է համածառայակիցներին սպանելու համար։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ սկսած 2022 թ. նոյեմբերի 24-ից, երեք ամիսը մեկ որոշումներ է կայացրել՝ անձի խափանման միջոցի հետ կապված։

2022 թ. նոյեմբերի 9-ի որոշմամբ մեղադրյալ Սամվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ, երկարաձգվել՝ 3 ամիս ժամկետով։ Այդ որոշումների դեմ պաշտպանը բերել է վերաքննիչ բողոքներ, սակայն այսքան ժամանակ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մերժվել է, առաջին ատյանի դատարանի որոշումները՝ թողնվել անփոփոխ:

Վճռաբեկ դատարանն էլ բազմիցս  պաշտպան Լ.Սիմոնյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել է:

Առաջին ատյանի դատարանն  այս տարվա 2026 թ. փետրվարի 17-ի որոշմամբ մեղադրյալ Սամվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարաձգվել է 3 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի մայիսի 21-ը:

Վերաքննիչ դատարանի՝ 2026 թ. մարտի 19-ի որոշմամբ պաշտպան Լ.Սիմոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մերժվել է, առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել անփոփոխ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թ. փետրվարի 26-ին «Վանեսյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացրել է վճիռ, որով արձանագրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:

Մեղադրյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Լ.Սիմոնյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Վանեսյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2026 թ. փետրվարի 26-ի վճիռը, բացառիկ վերանայման բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հարուցել բացառիկ վերանայման վարույթ, վերանայել նշյալ բազմաթիվ որոշումները, և մեղադրյալ Սամվել Գրիգորյանին ազատել կալանքից:

Բացառիկ վերանայման վճռաբեկ բողոքի վերաբերյալ պատասխաններ են ներկայացրել տուժող Ռաֆայել Հարությունյանի ներկայացուցիչ Հ.Հարությունյանը, տուժողներ Ա. Մուրադյանի և Ա. Սահակյանի ներկայացուցիչ Հ. Սարգսյանը և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Կ.Կարապետյանը:

Հաշվի առնելով այն, որ բերված բողոքում բացակայում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու հիմքերը, միաժամանակ, հաշվի առնելով, որ այս գործի հանգամանքների քննության համար անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ, լսել վարույթի մասնակիցների դիրքորոշումը՝ ներկայացված բացառիկ վերանայման բողոքի առնչությամբ, Վճռաբեկ դատարանը  ընդունել է վարույթ և որոշել բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930