Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Ալեքսանյանը դատի օրը փոխանցել էր, որ դատարանի դիմաց չկանգնենք, այլ գնանք հանգստանալու, որովհետև հաջորդ օրը շատ կարևոր օր է. Արեգա Հովսեփյան

Հունիս 11,2026 16:17 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ նախընտրական բռնաճնշումներին ու խախտումներին. «Մենք կուսակցությամբ ունեինք այն դիրքավորումը, որ այդքան չէինք աղաղակում, բարձրաձայնում այն լայնամասշտաբ բռնաճնշումների մասին, որ տեղի են ունենում մեր թիմակիցների նկատմամբ, որովհետև համարում էինք, որ դա իշխանությունների օրակարգն էր՝ մեզ հետ տանելու մեր օրակարգից։ Պայմանական, եթե կարող էինք գնալ մի մարզ, շփվել գյուղացիների հետ, մեր ծրագրերը ներկայացնել, նրանք փորձում են մեզ տանել մի դատարանի դիմաց կամ քննչականի դիմաց ու կանգնել ի սատարումն մեր ընկերների։

Ես համարում եմ, որ մեր ընտրած մարտավարությունը ճիշտ էր, որովհետև մենք տանում էինք մեր օրակարգը, իսկ մեր թիմակիցները ստանում էին լիարժեք ու ստանում են իրավաբանական աջակցությունը։ Իսկ քաղաքական տեսակետից մենք գնում էինք մեր օրակարգով՝ չտրվելով Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգին։ Եվ ուզում էի նշել, որ Երրորդ Հանրապետության Հայաստանի պատմության մեջ երևի նման մասսայական բռնաճնշումներ նախընտրական շրջանում երբևէ տեղի չեն ունեցել։

Հարյուրավորներին կանչում էին քննչական։ Հիմա ես նաև կարող եմ ասել, որ ինձ ևս կանչել էին քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Ես դրա մասին անգամ հանրային չեմ ասել։ Երևի թե Հայաստանի Հանրապետության գլխավոր ազգային սպառնալիքն էի ես, կամ գուցե նրանք կարծում են, որ ես եմ։ Կանչել էին հարցաքննության, և բոլոր թիմակիցները առնվազն կանչվել էին, և մեծ մասին արդեն իսկ տեղում ազատ էին արձակում, որովհետև որևէ հիմք չկար նրանց նկատմամբ վարույթ հարուցելու։

Նրանք ձգտում էին այդպիսով մեզ շեղել մեր օրակարգից, չեզոքացնել որոշներին և այլն։ Բայց ուզում եմ ասել, որ մեր ընկերները, օրինակ՝ նույն Ալիկ Ալեքսանյանը, հիշում եմ, որ դատի օրը փաստաբանի միջոցով փոխանցել էր, որ մենք դատարանի դիմաց չկանգնենք, այլ գնանք հանգստանալու, որովհետև հաջորդ օրը շատ կարևոր օր է։ Կամ նույն մյուս մեր ընկերները կոչով էին դիմում մեզ, որ չգնանք դատարանի դիմաց կանգնենք, այլ գնանք իրազեկման։ Այ այսպիսի թիմ է։

Եվ մի թիմ, որը ձևավորվել է ընդամենը չորս ամիս առաջ որպես կուսակցություն, այդքան բռնաճնշումների ենթարկվելով՝ կարողացել է պահպանել կորիզը, իր կառուցվածքը և մտնել ընտրապայքարի մեջ և արժանապատիվ կերպով անցնել այդ ամբողջը»։

Արեգա Հովսեփյանն ընդգծեց, որ երբևէ չի եղել կուսակցական, սա իր համար առաջին կուսակցական փորձն է. «Ես պարզապես հիանում եմ մեր կուսակցության անդամներով, նրանցով, որոնք չեն կոտրվել, ու գեթ մեկը անգամ չի եղել, որ այս ամբողջ ընթացքում, այս բռնաճնշումների ընթացքում ասի՝ գուցե սա չանենք, որովհետև կարող է բռնաճնշումների ենթարկվենք։ Հետքայլ ոչ մեկը չի տվել։

Այ այսպիսինն է «Ուժեղ Հայաստանը», «Ուժեղ Հայաստանի» թիմը, և այնպիսին է լինելու «Ուժեղ Հայաստանը», որը մենք կկառուցենք, որովհետև ունենք քաղաքական որոշում, որ պայքարը շարունակվում է»։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930