«Իսկ դուք վստահ եք, որ չե՞նք հաղթել»,- դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա նշեց․ «Փաշինյանն էլ չի հաղթել։ Մենք էլ չենք հաղթել, ինքն էլ չի հաղթել, 700 հազարից ավելի մարդը չհերիքեց իրեն հաղթելու համար։ Հայաստանին պետք է լեգիտիմ իշխանություն, ինքը չապահովեց դա, հիմա ինքը թոզ փչած իշխանություն է։ Ընտրություններն ամբողջությամբ տապալված են՝ եւ կեղծված են, եւ տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում։ Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալվել է»։
Սամվել Կարապետյանն ասաց, որ այսօր դիմել են ԿԸՀ, հետո կդիմեն Սահմանադրական դատարան՝ երկու պահանջով, առաջինը՝ չեղարկել ընտրությունների արդյունքները, երկրորդը՝ նշանակել երկրորդ փուլ։ «Եթե ինքը վստահ է իր վրա, որ հաղթել է, ավելի ճիշտ կլինի երկրորդ փուլ լինի, կորոշենք՝ հաղթել են, թե չէ։ Եթե ինքը վստահ է, որ այսքան ապօրինություններից հետո հաղթել է, գնանք երկրորդ փուլ։ Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, իրենք էլ դա գիտեն, մենք էլ դա գիտենք, երեւի ամբողջ աշխարհն էլ դա տեսնում է։ Դրանից ելնելով՝ կարվեն քայլեր, մենք առաջարկում ենք գնալ երկրորդ փուլ»։
Նրա խոսքով՝ եթե ԿԸՀ-ն ու ՍԴ-ն մերժեն իրենց դիմումները, Հայաստանում կլինի ոչ լեգիտիմ իշխանություն։ «Մեր հարցը խորհրդարանը չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, որովհետեւ այս երկիրը դարձրել է դուքյան, ինչ ուզում են, անում են»։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ փողոցային պայքար չկա, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Հանրությունը սկզբում հաշտ է լինում, հաշտ է լինում, հետո հաշտ չի լինում։ Հիմա հլա պրոցեսն է, որ հաշտ է։ Մի քիչ կմտածի, կհասկանա, որ նորից իրենց խաբեցին, հետո հաշտ չի լինի»։
Կարդացեք նաև
Հարցին՝ եթե գնան խորհրդարան, չի նշանակո՞ւմ, որ լեգիտիմացնում են կեղծված ընտրությունները, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան, եթե մենք գտնենք, որ կարող ենք հեռացնել ձեր ասած փողոցային պայքարով, ուրեմն կհեռացնենք փողոցային պայքարով»։
Հարցին, որ իրենց ուժին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, Կարապետյանը պատասխանեց․ «Դե մեղադրում են, բայց երեկ 45 հոգի նորից են ազատվել, այսինքն՝ չեն կարողացել ապացուցել ընտրակաշառքը»։
«Ես ոչ մի անգամ ոչ լեգիտիմ կառավարություն չեմ ձեւավորի, իսկ ինքը բոլորից լավ գիտի՝ եթե ինքը հիմա ձեւավորեց կառավարություն, դա լինելու է ոչ լեգիտիմ եւ շատ մեծ փորձանքներ է բերելու մեր երկրի գլխին»,- ասաց նա։
Սամվել Կարապետյանը հավելեց․ «Մենք հաստատ Երեւանում հաղթում էինք, իրենք ինչ արեցին, Երեւանում արեցին։ Մենք ոչ մեկի սխալն էլ չենք կրկնել։ Եթե մենք սխալ անեինք, չորս ամսում չէինք հավաքի 350 հազար ձայն։ Այսինքն՝ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, Փաշինյանը սխալվել է՝ գողացել է քվեներ, տեռոր է արել ընտրության ժամանակ։ Մենք ինչ ասում էինք, դա տեսնում էինք եւ դրան հասնելու էինք։ Բայց կրկնում եմ՝ մենք չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել, պարտվել է հայ ժողովուրդը, դրա համար մենք դիմելու ենք ՍԴ, որպեսզի ճիշտ որոշում կայացնի»։
Սամվել Կարապետյանը նաեւ ասաց, որ ընդդիմադիր մյուս ուժերի՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ չի հանդիպել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































