Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԸՀ ներկայացրեցինք մասշտաբային ընտրախախտումների փաստեր, ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում, արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն»

Հունիս 12,2026 12:38 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ի ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Դիմումը ԿԸՀ մուտք արեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդեւանյանը։

Նա ասաց, որ հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում ՔՊ-ն չի հաղթել, ՀՀ քաղաքացիները ՔՊ-ին չեն տվել այն վստահության քվեն, որն իրենք պատկերացնում էին։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողների հետ զրույցում Արամ Վարդեւանյանն ասաց․ «Դիմումի շրջանակներում ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախքան քվեարկությունը, ինչպես նաեւ՝ քվեարկության օրը։ Մենք հատկապես շեշտադրել ենք այն բոլոր ռեպրեսիվ գործողությունները, որոնք տեղի են ունեցել՝ վարչական ռեսուրսի չարաշահումները, ատելության խոսքը եւս»։

Արամ Վարդեւանյանն ասաց, որ նախքան այս, մի քանի դիմում էին ներկայացրել ԿԸՀ՝ թե ատելության խոսքի վերաբերյալ, թե վարչական ռեսուրսի չարաշահման։ «Մենք դրանց հետ կապված ստացել էիք ԿԸՀ մի կողմից անգործությունը, մի կողմից մերժումը։ Դրանք բոլորը բողոքարկվել էին Վարչական դատարան, եւ մենք ունենք նաեւ Վարչական դատարանի վճիռներ, որոնցով այդ խնդիրներն արձանագրված են»,- ասաց նա։

Արամ Վարդեւանյանը բարձրաձայնեց վերաքվեարկության անհրաժեշտության հարցն այն ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը քննարկելու ընթացքում պարտավոր է նաեւ անդրադարձ կատարել վերաքվեարկության հանգամանքին։ «Դա մենք ներկայացրել ենք մեր կողմից մուտքագրված դիմումի շրջանակներում։ Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են՝ եթե անվավեր ճանաչված ընտրատեղամասերի արդյունքներն ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա այդտեղ պարտադիր է վերաքվեարկության հանգամանքը։ ԿԸՀ-ն պարտավոր է նշվածը կազմակերպել։ Մեր կողմից ներկայացված՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերի մեջ է նաեւ մի շատ կարեւոր հանգամանք՝ ընտրություններին մասնակցած մեր հայրենակիցներից 100 հազարի ձայները ոչ թե անձնագրի՝ պատշաճ կերպով աշխատանքի արդյունքում են ձեւավորվել, այլ մասնագետի կողմից մուտքագրման եղանակով լրացնելով»,- ասաց Վարդեւանյանը։

Նա նշեց, որ նույնիսկ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից է արձանագրվել, որ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, տարբերակված մոտեցում ու ռեպրեսիվ քրեական հետապնդումներ են եղել։ «Այս ամենով հանդերձ՝ պարզապես այլ հետեւության հնարավոր չէ գալ, քան այն, որ այս ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն»,- նշեց Վարդեւանյանը։

ՔՊ-ականների հայտարարություններին, թե արձանագրված խախտումները չեն ազդել ընտրության արդյունքի վրա, Արամ Վարդեւանյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ իշխանական ցանկացած ներկայացուցիչ այլ տարբերակ, քան նման կարծիք հայտնելու, չունի, որովհետեւ վերջիններիս միակ մոլուցքը իշխանության մնալն է։ Բայց ՀՀ քաղաքացիներն իրենց դիրքորոշումն արտահայտել են, ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հրապարակված տվյալները, ըստ ԿԸՀ-ի կողմից հրապարակված թվերի, չեն համապատասխանում իրականությանը»։

Վարդեւանյանը նաեւ հավելեց, որ չհաղթանակի դեմ իրականացնելու են բոլոր միջոցները, դրանցից մեկն այսօր իրականացրեցին։ Նա նաեւ ասաց, որ երկու ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել, «Ուժեղ Հայաստան» դաշինքը 500-ից ավելի ձայն էր ստացել։ «Մեր կողմից հետեւողականություն ցուցաբերվելու է մեր յուրաքանչյուր քվեի վերաբերյալ։ Եթե մենք կտեսնենք, որ վերաքվեարկության հետ կապված որեւէ մի նոր ապօրինություն է մշակվում, մենք նաեւ իրավական որոշակի գործիքակազմ այդ մասով էլ ունենք»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով փողոցային պայքարին եւ հարցին, թե արդյոք հավատո՞ւմ են, որ իրավական ճանապարհով հնարավոր է հասնել հաջողության, Արամ Վարդեւանյանն ասաց, որ, իհարկե, իրավական «բեզպրեդել» առկա է երկրում։ «Արդյոք դրա դեմ իրավական որեւէ գործողություն արդյունավետություն չի՞ ունենալու, ավելի հավանական է, որ դա ճիշտ կանխատեսում է։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ պետք է այն չիրացնել։ Չէ, այն պետք է իրացնել։ Արդյոք միայն դա իրացնելը բավարա՞ր կլինի, չեմ կարծում։ Այն, որ ընտրական գործընթացը մշտապես հանդիսանում է իրավաքաղաքական գործընթաց, եւ այդ իմաստով պարզապես հենվելն իրավական գործընթացի վրա արդյունավետ չի կարող լինել, դա կարծում եմ՝ իսկապես տեղին դիտարկում է։ Այն, որ պետք է լինի նաեւ զուգահեռ որոշակի քաղաքական գործընթաց, կարծում եմ՝ առավել ողջամիտ է։ Եվ կարծում եմ՝ նաեւ այսօր հնարավորություն կունենաք լսելու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների առաջնորդ Սամվել Կարապետյանի դիրքորոշումը»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930