Արթիկի բնակիչ Հակոբ Հարությունյանը, որը Ռոբերտ Քոչարյանի համակիրն է և որը ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ հայտնվել էր մի տհաճ միջադեպի մեջ՝ մեղադրելով ՔՊ-ականներին իր վրա պլանավորված հարձակում գործելու ու ծեծի ենթարկելու մեջ, Aravot.am-ին տեղեկացրել էր, որ հետ է վերցրել իր բողոքը։
Արթիկի և Անիի քննչական բաժնում նրա առողջությանը թեթև մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նա ասել էր, որ Արթիկի քաղաքապետարանի առևտրի և գովազդի բաժնի պետ Արտակ Գրիգորյանի հետ հարևան են, չի ուզում լարված հարաբերություններ, բացի այդ՝ Գրիգորյաններն իրենց որդու՝ Սիփանի հետ, որի հետ եղել է միջադեպը, եկել են, զրուցել, ներողամտություն հայցել, հորդորել են իրեն՝ հետ վերցնել բողոքը, ասել են, որ թյուրըմբռնում է եղել, ինքն էլ իր մարդկային քայլն է կատարել։
«Հորեղբայրը, հայրը ու տղան եկան իմ մոտ, զրուցեցինք, ներողամտություն հայցեցին, ասացին, որ թյուրըմբռնում է եղել, սխալ են մտածել, առանց լսելու, առանց հասկանալու կռիվ են սարքել։ Ասացին՝ ջահել երեխեք են, մենք արդեն իսկ խոսել ենք իրենց վրա, քո կողմից լավություն արա, բողոքը հետ վերցրու։
Կարդացեք նաև
Ես մեծահոգի մարդ եմ, իրենք էլ 10 մետր հեռավորության վրա են ապրում, ոչ մի լարվածություն չեմ ուզում, հարևան մարդիկ ենք։ Այդպես էլ արել եմ, չնայած՝ առիթ եղել է, ձեզ ասել եմ, որ ես ծեծի ենթարկվելուց հետո անձնապես չեմ դիմել ոստիկանություն, այլ համացանցում տեսանյութի տարածումից ու իմ՝ հիվանդանոց գնալուց հետո է ոստիկանությունը եկել այս դեպքի հետքերով։
Ես իրենց ասի՝ ձեր ենթադրությունը ուղեղից հանեք, ի՞նչ է նշանակում, թե այլ հայացքով եմ ձեզ նայել մեքենայի միջից կամ փորձել եմ նկարահանել, ես հո Շտիռլիցը չե՞մ, կամ որ ասում են՝ ես հայհոյանք եմ տվել, բա ես էդ մակարդակի մա՞րդ եմ, իմ հետ շփվողները լավ գիտեն, որ ես հարգանք ունեցող անձ եմ։
Մի խոսքով՝ ես իմ մարդկային քայլն եմ արել»,- ասել էր Հակոբ Հարությունյանը։
Aravot.am-ին այս թեմայի շուրջ պարզաբանում ներկայացրեց նաև Արտակ Գրիգորյանը՝ Սիփան Գրիգորյանի հայրը։
«Մի հարց ունեմ իրեն, այ ստախոս, բանսարկու, ովքե՞ր են եկել քո տուն, ես քո տան տեղը գիտե՞մ, որ զղջալուց, ներողություն խնդրելուց ես խոսում։
Հերքում եմ իր ասածները, նա սովորական, շարքային ստախոս է։ Նախ հարևաններ չենք, ես իրենց տան տեղը չգիտեմ, 200 մետր հեռավորության վրա է ապրում և հետո՝ ես և ինքը եղել ենք նույն ընտրատեղամասում՝ որպես վստահված անձինք, ինքը միջնորդների միջոցով ինձ խաբարներ էր անում, թե այ մարդ, կգնամ, բողոքը հետ կվերցնեմ, դեպք է, թող անցնի, գնա։
Իրեն մի հատ հարցրեք՝ այդ ամբողջ օրը ես երկու բառ խոսե՞լ եմ իր հետ ընտրատեղամասում։
Իսկ հիմա մամուլով հայտարարում է, որ մենք գնացել, իրենից ներողամտություն ենք հայցել, ինչի՞ պիտի ներողություն խնդրենք, երբ իր անվայելուչ պահվածքի պատճառով է դեպքը դեպի ունեցել, ինքն է հրահրել միջադեպը և քաշքշել որդուս։
Եվ ինչո՞ւ պիտի գնայի, ներողություն խնդրեի կամ զղջայի, երբ քրեական վարույթ կա նախաձեռնված ու որդուս մեղադրանք է առաջադրվել։ Թե ինչ լուծում կստանա այս քրեական վարույթը, չեմ կարող ասել, ընթացքը ցույց կտա, բայց փաստը դա է։
Սկզբում խոսում էր 40 հոգու կողմից ծեծի ենթարկվելու մասին, հիմա մեկ հոգու ներողություն խնդրելով՝ գործն ավարտո՞ւմ է, ստացվեց, որ ի սկզբանե սուտ էր խոսում, թե իրեն 40 հոգով են ծեծի ենթարկել»,-ասաց Արտակ Գրիգորյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































