Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ներողամիտ եմ, այո՛, բողոքը հետ եմ վերցրել»․ ինչո՞վ է ավարտվում Արթիկում տեղի ունեցած ծեծկռտոցը

Հունիս 12,2026 12:24 Share

Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի համակիր Հակոբ Հարությունյանը, որի առողջությանը թեթև մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, և որը պնդում էր, թե քաղաքական հողի վրա են իրեն ծեծի ենթարկել, հետ է վերցրել իր բողոքը։

Նա Aravot.am-ին փոխանցեց, որ հարևան մարդիկ են, երբեք կողմ չի եղել լարված հարաբերություններին, բացի այդ՝ ներողամիտ է, Գրիգորյանները եկել են իր մոտ, իրենից ներողություն են հայցել, զրուցել են, ինքն էլ ներել է։

Խոսքը Արթիկի համայնքապետարանի առևտրի և գովազդի բաժնի պետ Արտակ Գրիգորյանի ընտանիքի մասին է, որի որդուն՝ Սիփանին էր Հակոբ Հարությունյանը մեղադրում իրեն ծեծի ենթարկելու համար։

«Հորեղբայրը, հայրը ու տղան եկան իմ մոտ, զրուցեցինք, ներողամտություն հայցեցին, ասացին, որ թյուրըմբռնում է եղել, սխալ են մտածել, առանց լսելու, առանց հասկանալու կռիվ են սարքել։ Ասացին՝ ջահել երեխեք են, մենք արդեն իսկ խոսել ենք իրենց վրա, քո կողմից լավություն արա, բողոքը հետ վերցրու։

Ես մեծահոգի մարդ եմ, իրենք էլ 10 մետր հեռավորության վրա են ապրում, ոչ մի լարվածություն չեմ ուզում, հարևան մարդիկ ենք։ Այդպես էլ արել եմ, չնայած՝ առիթ եղել է, ձեզ ասել եմ, որ ես ծեծեի ենթարկվելուց հետո անձնապես չեմ դիմել ոստիկանություն, այլ համացանցում տեսանյութի տարածումից ու իմ՝ հիվանդանոց գնալուց հետո է ոստիկանությունը եկել այս դեպքի հետքերով;

Ես իրենց ասի՝ ձեր ենթադրությունը ուղեղից հանեք, ի՞նչ է նշանակում, թե այլ հայացքով եմ ձեզ նայել մեքենայի միջից կամ փորձել եմ նկարահանել, ես հո Շտիռլիցը չե՞մ, կամ որ ասում են՝ ես հայհոյանք եմ տվել, բա ես էդ մակարդակի մա՞րդ եմ, իմ հետ շփվողները լավ գիտեն, որ ես հարգանք ունեցող անձ եմ։

Մի խոսքով՝ ես իմ մարդկային քայլն եմ արել»,- ասաց Հակոբ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Արթիկի կենտրոնական հրապարակում, որտեղ Հակոբ Հարությունյանի ասելով՝ իր մեքենայի մեջ է եղել, երբ իրենից հարևանի որդին՝ Սիփան Գրիգորյանը, հաշիվ է պահանջել, քաղաքապետարանից դուրս եկող իր ընտանիքի անդամներին՝ հորը, մորը, իբրև թե այլ հայացքով նայելու համար։

Ըստ նրա, Սիփանն իրեն խփել էր, նրան ՔՊ-ի մոտակա գրասենյակից օգնության էին հասել մոտ 40 երիտասարդներ։

Սիփան Գրիգորյանի հայրը՝ Արտակ Գրիգորյանն իր հերթին Aravot.am-ին պատմել էր, որ Հակոբ Հարությունյանը իրեն անպարկեշտ է պահել, իրենց տեսնելով՝ անվայելուչ արտահայտություններ է թույլ տվել, որը պատահաբար լսել է իր որդին և նրանից բացատրություն պահանջել։

Ըստ Արտակ Գրիգորյանի, քաշքշոց էր տեղի ունեցել, նախ Հակոբ Հարությունյանն էր սկսել քաշքշել իր որդուն, որը ևս վնասվածք էր ստացել։

Նա պնդում էր, որ միջադեպը քաղաքական չէ և ՔՊ-ի գրասենյակից երիտասարդներ չեն մասնակցել, եթե 40 հոգով իրեն ծեծի ենթարկեին, ընդ որում իր բռնցքամարտի չեմպիոն որդու մասնակցությամբ, առնվազն գլուխը ջարդված կլիներ, բայց փաստն այն է, որ նրա մարմնին մի սալջարդ անգամ չկա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930