Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը հետամուտ է՝ լուծել Երևանում խցանումների խնդիրը և դիտարկում է հնարավոր բոլոր գործիքները. Արտյոմ Կարապետյան

Հունիս 12,2026 16:30 Share

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին։

Քաղաքապետ Ավինյանը հայտարարել է, որ խցանումների դեմ պայքարում մտադիր են սահմանափակել ավտոմոբիլների շարժը Երևանի կենտրոնում. գրել էր Դանիել Իոաննիսյանը. «Հասկանալի է, որ խաչմերուկների թողունակությունը բարձրացնող հանգույցների ու էստակադաների կառուցման, մետրոների մոտ կայանատեղիների ստեղծման, շրջանցիկ ճանապարհների ու կամուրջների կառուցման փոխարեն արգելել-սահմանափակելը հեշտ է։

Բայց ես ավելի էժան առաջարկ ունեմ. գնդակահարել ավտոմոբիլիստներին։ Այո-այո, եթե քաղաքապետարանը սկսի ավտոմոբիլիստներին գնդակահարել` խցանումների հարցը շատ արագ կլուծվի։ Փամփուշտի գինն էլ մի 200 դրամ է, թանկ բան չի։

Կա նաև ուրիշ առաջարկ. քանդել փողոցներն ու դրանք դարձնել աներթևեկելի։ Լավ խորը քանդել ու չսարքել, որ միայն ոտքով, ձիով, էշով ու ուղղաթիռով լինի շարժվել… Ինչպես Սարալանջ-Փափազյան-Ավետիսյան խաչմերուկն են արել։

Ի վերջո, կա ևս մի, ավելի նուրբ տարբերակ. արգելել խադավիկներին ու շարունակել վատթարացնել ճանապարհային մակերևույթի որակը։ Շատ շուտով Երևանում քշվող ավտոմոբիլ չի մնա»:

Արտյոմ Կարապետյանն արձագանքել է. «Երևանն առաձգական չէ, և մեքենաների անդադար հոսքը մայրաքաղաք օրեցօր ավելանում է: Լուծումներից մեկն, իհարկե, նոր կամ այլընտրանքային ճանապարհների կառուցումն է, ինչն, օրինակ, Դանիել Իոաննիսյանն, իր գրառման մեջ, հերթական անգամ «էքսպերտի» դիրքերից հիշատակում է, ավելին՝ հեգնում քաղաքապետին, թե ավելի էժան առաջարկ ունի՝ գնդակահարել ավտոմոբիլիստներին՝ մեկնաբանելով խցանումների դեմ պայքարում Երևանի կենտրոնում ավտոմոբիլների շարժը սահմանափակելու մտադրության մասին քաղաքապետի հայտարարությունը:

Իհարկե, անհաջող հումոր է, պարոն Իոաննիսյան, բայց խորհուրդ ենք տալիս զբաղվել բացառապես ձեր մասնագիտական ոլորտին առնչվող հարցերով և հեգնելուց ուշադիր ու փոքր-ինչ զուսպ լինել, ավտոմոբիլիստներին գնդակահարելու «հումորը» խոսում է ագրեսիայի մասին, զգույշ եղեք, պարոն Իոաննիսյան:

Երևանում նոր ճանապարհներ կառուցվում են և դրանցից մեկը՝ Իսակովը Արշակունյացին կապող ճանապարհն է, որն, անշուշտ, էականորեն կբեռնաթափի այդ հատվածը, բայց եթե բոլոր հնարվոր ճանապարհներն ու էստակադաներն էլ կառուցվեին, միևնույնն է, միայն այդ տարբերակով հնարավոր չէր լինի կառավարել մայրաքաղաքի ավտոմոբիլային ահագնացող հոսքը:

Քաղաքապետարանը հետամուտ է լուծել Երևանում խցանումների խնդիրը և դիտարկում է հնարավոր բոլոր գործիքները՝ մայրաքաղաքում հարմարավետ երթևեկություն ապահովելու համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել