Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության, գիտական հետազոտությունների և միջազգային ակադեմիական շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ փաստերի հետևողական ժխտումը

Հունիս 12,2026 23:35 Share

2026 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանական «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսությունը եթեր է արձակել մի ռեպորտաժ՝ նվիրված «Համաշխարհային գրքի և հեղինակային իրավունքի օրվա» կապակցությամբ կազմակերպված «Հին տեքստերն ու դասական աղբյուրները բացահայտում են հայկական կեղծարարություններն ու հորինվածքները» և «Հին Թուրանի, Փոքր Ասիայի տարածքներում գոյություն ունեցած պրոտոթյուրքական ցեղերը և նրանց կապերը Կովկասի հետ» ներկայացումներին, որոնց մասնակիցներն էին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի, կրթության նախարարության, պետական համալսարանների և մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչներ։

Խոսքի հիմնական թեման կապված է Ադրբեջանի պատմության, Ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Ռեպորտաժի վերնագիրն արդեն տալիս է ամբողջ միջոցառման ուղղությունը՝ «Ադրբեջանի նոր պատմության մեջ հայկական ստերին տեղ չկա» :

Ըստ ելույթ ունեցողների՝ երկար տարիներ պատմությունը «խեղաթյուրված» է ներկայացվել, և հիմա Ադրբեջանը պետք է ներկայացնի իր սեփական պատմական մոտեցումը և ավելի ակտիվ խոսի միջազգային հարթակներում։ Խոսքի ընթացքում անդադար օգտագործվում են «պատմական փաստեր», «ճշմարտություն», «կեղծիքների բացահայտում» արտահայտությունները։

Արցախի մասին խոսելիս տարածաշրջանը ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական պատմական տարածք, իսկ պատերազմից հետո իրավիճակը նկարագրվում է որպես փոխված։ Ըստ նրանց՝ ադրբեջանական հասարակությունը թևակոխել է նոր փուլ։ Հաճախ հիշատակվում են պատերազմը և հետպատերազմյան իրավիճակը։ Խոսվում է նաև մշակութային և կրոնական հուշարձանների մասին՝ փորձելով ձևավորել դրանց պատմական մեկնաբանությունը։

Մի քանի հատվածներում խոսողները անդրադառնում են տեղեկատվական պայքարին՝ նշելով, որ պետք է գրքեր, հոդվածներ, հետազոտություններ և մեդիա նյութեր ստեղծվեն, որպեսզի ադրբեջանական պատմական մոտեցումը ավելի լայն տարածվի։ Ավարտական հատվածներում կրկին ընդգծվում է, որ Ադրբեջանը մտել է նոր պատմական փուլ, որտեղ, ըստ նրանց, պետք է ձևավորվի նոր մոտեցում՝ պետական և ազգային պատմական նարատիվը դնելով կենտրոնում։

Այս համատեքստում խորհրդանշական է Ադրբեջանի ազգային ժողովի գիտության և կրթության հանձնաժողովի անդամ, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլիի խոսքը, որը ցույց է տալիս խաղաղության բանակցությունների ֆոնին իրականացվող քաղաքականությունն ու մտադրությունները․ «Ադրբեջանը այլևս իր պատմությանն էլ է տեր կանգնում, իր պատմությունը նորից է սովորում, նորից է գրում: Եվ այս պատմության մեջ տեղ չկա հայկական ստերի, հայկական կեղծիքների համար։ Ավելին, այս պատմության և այս աշխարհագրության մեջ ոչ մի հայի համար էլ տեղ չկա»:

Նման սեմինարները ցույց են տալիս, որ ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության, գիտական հետազոտությունների և միջազգային ակադեմիական շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ փաստերի հետևողական ժխտումը։

Մասնավորապես խաղաղության բանակցությունների և տարածաշրջանային կայունության մասին քննարկումների ֆոնին նման խոսույթը ոչ միայն խորացնում է փոխադարձ անվստահությունը, այլ նաև պահպանում է թշնամական նարատիվները՝ շարունակելով լարվածության մթնոլորտը։

 

MONUMENT WATCH

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930