Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա չի կարող պարտադիր լինել, չես կարող մարզի բնակչին ասել՝ Երևան մտնել չես կարող։ Իրեն պետք է այլընտրանք տաս, որ անվճար կանգնի»․ Վիկտոր Մնացականյան

Սեպտեմբեր 10,2026 18:41 Share

«Տրանսպորտի ռեֆորմը միայն տրանսպորտի մասին չէ։ Նախ՝ իրենք չեն անում տրանսպորտային ռեֆորմ, այլ  հասարակական տրանսպորտի որոշակի փոփոխություններ՝ չստուգված, առանց պիլոտային ծրագրերի, առանց  հստակ վերլուծության»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ Երևանի քաղաքային իշխանությունները տրանսպորտային բարեփոխումներ են առաջարկում Երևանի կենտրոնը բեռնաթափելու համար և կան կարծիքներ՝ եթե այդ ռեֆորմը եվրոպական երկրներում աշխատում է, ինչո՞ւ Երևանում չպետք է աշխատի, այսպես արձագանքեց քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը։

Ըստ նրա՝ պետք է հստակ վերլուծություն, որը հիմնված կլինի տվյալների վրա․ «Այդ տեղեկատվությունը երևանցիներին պետք է ներկայացնեն, պետք է իմանանք՝ ինչ է անում իրենց ստեղծած «Երեւանի երթեւեկության կառավարման կենտրոնը», ինչն է ճիշտ գտել, ինչը՝ սխալ։ Կարող է մի տաքսու վարորդ ավելի շատ խորհուրդներ տալ, քան ամբողջ կենտրոնը՝ 40 միլիոն աշխատավարձային ֆոնդով։ Տրանսպորտային ռեֆորմը չի լինում միայն երթևեկության փոփոխությամբ, պետք է ընդհանուր ռազմավարություն ունենաս։ Մինչև չհասկանաս, թե ինչու է Նոր Նորքի բնակիչը գալիս Կենտրոն, մինչև համաչափ չբաշխես, չես կարող այդ ռեֆորմն անել։ Ամբողջ աշխարհում կյանքը լավանում է, մեքենաները շատանում են, ամենալավ քաղաքապետին էլ բերես ավագանի, չես կարող։ Դրա համար համակարգային լուծումներ են պետք, այլ ոչ թե էդ պահին եղած»։

Հետաքրքրվեցինք՝ այն, որ քաղաքային իշխանություններն առաջարկում են «ցավոտ» սահմանափակումներ մարդատար մեքենաների համար, մարզերից Երևանի կենտրոն եկող քաղաքացիների համար, դա ճի՞շտ ճանապարհ է, Վիկտոր Մնացականյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է ցավացնելուն, նման հարցերը՝ հատկապես ֆինանսական, շուտվանից երևանցիներին՝ ՀՀ քաղաքացուն, չեն ցավեցնում, դաղում են։ Ընդհանրապես, ՀՀ քաղաքացիներին, երևանցիներին ցավեցնում է արհամարհական վերաբերմունքը։ Խցանումների մեջ մնալն արհամարհական վերաբերմունք է։ Իրենց համար խաչմերուկները փակում են կամ այն ժամերին են աշխատանքի գնում, երբ ուզում են գնալ, այսինքն՝ դա իրենց մեծ մասին չի վերաբերվում՝ պատգամավորներ, նախարարներ կառավարության անդամներ, քաղաքապետ ու մնացածը։ Իսկ մնացած քաղաքացիները կիսաստորացված են մնում։ Միջազգային պրակտիկա, չափանիշներ կան, մարդ չի կարող մեկ միլիոնանոց քաղաքում մեկ ժամից ավելի տուն գնալ ու գալ ամեն ուղղությամբ։ Սա անձի կյանքի որակը շատ փոխում է։ Դա այն քաղաքներում կարող է լինել, որ անձը, օրինակ՝ ստանում է 3000-5000 դոլար աշխատավարձ։ Երկրորդը՝ որ ասում եք՝ դա ճի՞շտ ճանապարհ է. ոչ թե ճիշտ ճանապարհ է, այլ ճիշտ գաղափար է, ճանապարհն է սխալ։ Գաղափարն իրենցը չէ, հերթական անգամ գողացել են»։

Ըստ Վիկտոր Մնացականյանի՝ մինչ այս փոփոխություններն անելը, որոնք առաջարկում են Երևանի իշխանությունները, պետք են համակարգային լուծումներ։ Նա մի քանի օրինակներ բերեց․ «Հիմնական բոլոր պողոտաներում չի կարելի մեքենաները թողնել եզրաքարերի մոտ, ընդհանրապես կայանում չպետք է լինի։ Դրա համար, օրինակ՝ Մաշտոցի պողոտայում կամ մնացած պողոտաներում պետք է կառուցել ստորգետնյա կամ վերգետնյա ավտոկայանատեղիներ՝ 100-300 մեքենատեղի համար։ Դա պետք է պետությունն անի։ Ամենայն հարգանքով մանկապարտեզներին, որ այդպես առանց հասկանալու գնում, 200 հոգանոց համայնքում դնում են 2 միլիոն դոլար, մանկապարտեզ են վերանորոգում, որ հաճախի 10 երեխա, բայց տասնյակ հազարավոր երևանցիներին վերաբերող տրանսպորտային կոլապսային հարցերը չեն լուծում։ Մենք պիտի ունենայինք Հանրապետության հրապարակում, Շահումյան հրապարակում, Երևանի քաղաքապետարանի դիմացի հրապարակում, Սախարովի հրապարակում տարբեր տեղեր ևս ստորգետնյա ավտոկայանատեղիներ։ Մեկ մեքենայի համար տարիների ընթացքում ստորգետնյա ավտոկայանատեղի չեն կառուցել։ Իսկ Երևանի գլխավոր նախագծով այդ տեղերը կան։ Բայց այդ մարդիկ խոսում են անպայման ցավեցնելուց, դաղելուց կամ սուտ ռեֆորմներից։ Դա աշխատանքի հերթական իմիտացիան է»։

Խոսելով մարզերից Երևանի կենտրոն եկող մարդատար մեքենաների սահմանափակումների մասին՝ Վիկտոր Մնացականյանը հիշեցրեց, թե իրենք ինչ էին առաջարկում․ «Քանի որ երբ Արմավիրից, Երևանին մոտ մարզերից, օդանավակայանից, մարդիկ գալիս են Երևան, նրանց ամենամոտը Երևանի քաղաքապետարանն է, առաջարկում էինք քաղաքապետարանի դիմացի հրապարակը դարձնել ստորգետնյա ավտոկայանատեղի։ Ոչ թե միլիոններով պետք էր ծախսել ծաղիկների վրա, որ ընդամենը քաղաքապետարանի 20 աշխատողներ նայեն դրանց, այլ այս երկու տարիներին պետք էր փորել այդ հրապարակը, մինչև 500-1000 մեքենա հնարավոր է անվճար այդտեղ կանգնեցնել։ Պետությունը պետք է ծախսեր 10 միլիոն դոլար քաղաքապետարանի դիմաց Ռուսաստանի հրապարակում ավտոկայանատեղի կառուցելու համար, որ ով գալիս է մարզերից, կայանատեղին անվճար լինի։ Դա չի կարող պարտադիր լինել, չես կարող մարզի բնակչին ասել՝ Երևան մտնել չես կարող։ Իրեն պետք է այլընտրանք տաս, որ անվճար կանգնի, բայց դա էլ չի կարող լինել առավոտից երեկո։ Դա պետք է լինի 3 ժամ։ Մասնակցային կառավարումն ինչի՞ համար է։ Իրենց կուսակցության անունը «Քաղաքացիական պայմանագիր» է։ Պետք է մարդկանց հետ պայմանավորվեն, նստեն, լսեն, խնդիրները, նաև հաշվի առնեն իրավունքները, գնան, ասեն՝ ձեզ քանի՞ ժամ է պետք։ Մեկն ասի՝ ես մարզից գալիս եմ, գնում եմ շուկա կամ երեխայիս տանում եմ բժշկի, գալիս։ Իսկ եթե ուզում ես ավել մնալ երեք ժամից, արդեն դա վճարովի է։ Ամեն ժամը 200 դրամ, բայց ոչ թե ժամը 1000 դրամ լինի մարզերի բնակիչների համար»։

Վիկտոր Մնացականյանը նաև առաջարկում է, որ Շահումյան հրապարակում ևս կարելի է ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցվել՝ օրինակ՝ տան Ոսկու աշխարհին կամ «Կամար» բիզնես կենտոնին, մանավանդ, որ ներկայումս ամբողջ Խորենացի փողոցը և հարակից Կինո Երևան թաղամասը ծանրաբեռնում է Ոսկու աշխարհը․ անգամ մարդիկ իրենց բնակարանններն են վաճառում, գնում, քանի որ չեն կարողանում իրենց տներ հասնել։

Վիկտոր Մնացականյանի փաստմամբ՝ տրանսպորտային լուծումը շատ լուրջ գիտելիքներ, հմտություններ, փորձ է պահանջում, ինչն այսօրվա քաղաքային իշխանությունների մեջ, ցավոք, չի տեսնում․ «Կան մի քանի հոգի՝ քաղաքապետ, փոխքաղաքապետ, վարչության պետ, ավագանի, որոնք երեկոյան սուրճ խմելուց ինտերնետից են մի բան հանում, սրա-նրա նախընրական ծրագրից են մի բան վերցնում ու գնում առաջ։ Այդպես չի լինի։ Պետք է քննարկումներ լինեն Երևանի տեղի մասնագետների հետ, լսեն ավտոբուսի, տաքսու վարորդներին, առաքիչներին, ընդհանրապես միջին բիզնեսին, տրանսպորտային մասնագետներին, Երևանի բնակիչներին, հրավիրեն մասնագետներ։

Որպես 1 միլիոնանոց քաղաք՝ նորմալ չէ, որ Երևանը չունի տրաֆիկ ինժեներ․ մի օր մի բան մտքներով անցնում է, անում են։ Սարյանի օրինակը․ փողոցը դարձել է Սարյանի ռեստորանների, սրճարանների ավտոկայանատեղի, ձախից ու աջից մեքենաներ են կանգնեցնում, մինչդեռ միակողմանի փողոցում միայն աջից պետք է մեքենա կանգնի, Բաղրամյանից աջով Սարյան մտնել չես կարող, Սարյանում դատարկ է, իսկ Պրոսպեկտում խորը խցանումներ են։ Իրենք չեն ուզում հաշվի նստել իրենց սխալների հետ, բայց քանի որ մեր քաղաքն է, այն սիրում ենք, ուզում ենք այս քաղաքում ապրել, պատրաստ ենք օգնել, բայց չեն լսում։ Մի քաղաք, որն ամիսը մեկ է ավագանու նիստ անում, չի կարող կենսունակ լինել»։

Մեր հարցին՝ այնուամենայնիվ, եթե գնան այս լուծումների ճանապարհով, դա ինչի՞ կհանգեցնի, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Կարող է ինչ-որ էֆեկտ տալ, բայց շատ թույլ, այսինքն՝ տանջվես, տանջվես, բայց էֆեկտը լինի շատ թույլ։ Կարմիր գծերն օգնեցի՞ն, թե՝ ոչ, Երևանի կենտրոնում կա՞ ազատ կարմիր գիծ՝ ոչ, բայց մարդկանց կյանքը դժվարացավ, այդ գումարն էլ արդյունավետ չի ծախսվում, քանի որ անընդհատ մի նոր կոռուպցիոն սկանդալ է լինում։ Այսինքն՝ այդ փողը տալիս ես, բայց սխալ տեղ են ծախսում։ Տրանսպորտի փողը պետք է ծախսվի տրանսպորտային ռեֆորմի վրա, չես կարող այդ փողը հավաքես, տանիք վերանորոգես կամ լույս դնես»

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել