Մաքուր Պատմություն – 75 տարի առաջ՝ 1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը, Հայաստանում տեղի ունեցավ ստալինյան բռնաճնշումների ամենազանգվածային և դաժան գործողություններից մեկը։ Մեկ գիշերվա ընթացքում շուրջ 12,000 մարդ բռնի ուժով տեղահանվեց և աքսորվեց Խորհրդային Միության հեռավոր շրջաններ։
Ուշագրավ է, որ թեև աքսորն իրականացվում էր «դաշնակցականների», «թուրքահպատակների» և «հունահպատակների» դեմ պայքարի քողի տակ, աքսորվածների ճնշող մեծամասնությունը՝ բացառությամբ ընդամենը 17 հոգու, էթնիկ հայեր էին։ Նրանց թվում էին բազմաթիվ հայրենադարձներ, ովքեր ընդամենը տարիներ առաջ էին Եվրոպայից ու Մերձավոր Արևելքից վերադարձել Հայաստան՝ հավատալով խորհրդային քարոզչությանը։
Պատմաբանների պնդմամբ՝ այս զանգվածային բռնագաղթի վերաբերյալ տեղական արխիվներում (ՀԿ(բ)Կ Կենտկոմ կամ Նախարարների խորհուրդ) որոշումներ գրեթե չեն պահպանվել։ Հրամանը եկել էր ուղիղ Մոսկվայից։ Գլխավոր հիմքը Իոսիֆ Ստալինի ստորագրած 1949 թ. մայիսի 29-ի որոշումն էր, որով նախատեսվում էր «անբարեհույս տարրերի» տարաբնակեցումը Կովկասից և Սև ծովի առափնյա շրջաններից։
Բռնադատվածների համար սահմանված էին հատուկ ուղղություններ.
▪️ «Դաշնակցականների» համար՝ Ալթայի երկրամաս։
▪️ Թուրքահպատակների համար՝ Տոմսկի մարզ։
▪️ Հունահպատակների համար՝ Ղազախստան (Ջամբուլի և Հարավ-Ղազախստանյան շրջաններ)։
Կարդացեք նաև
Փաստաթղթերը վկայում են, որ գործողությունը մանրակրկիտ պլանավորված էր ապրիլ ամսից։ Պետությունը նախատեսել էր ամեն ինչ՝ պահակախմբեր, տրանսպորտ, փախուստների կանխում։ Թեև պաշտոնապես խոստացվում էին վարկեր և աշխատանքի տեղավորում նոր վայրերում, իրականում մարդիկ հայտնվում էին սիբիրյան ցրտի ու անմարդկային պայմանների մեջ՝ զրկված տարրական իրավունքներից։
Այս աքսորը հարված էր հայ մտավորականությանը, հայրենադարձներին և հազարավոր ընտանիքների, որոնց միակ «մեղքը» հայրենիքի հանդեպ սերն ու անցյալի կենսագրությունն էր։


















































