«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։
-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում ԱԺ ընտրություններից հետո։ Թեև ըստ ԿԸՀ ներկայացրած ընտրությունների՝ ՔՊ-ն հաղթեց, բայց չունի մեծամասնական 2/3-ը և հետևաբար Սահմանադրության հետ կապված հարցեր չի կարող ընդունել։ Ի՞նչ զարգացումներ եք տեսնում։
-Նախ տեսնենք, թե ԿԸՀ-ն ինչպիսի վերջնարդյունք կհրապարակի իր ամփոփիչ զեկույցում։ Դեռևս քվեների վերահաշվարկ է ընթանում և հնարավոր չէ բացառել ինչպես ԲՀԿ-ին տրված նորահայտ ձայների, այնպես էլ ՔՊ-ին տրված նոր քվեների «հայտնաբերումն» ու ԲՀԿ-ի ձայների կտրուկ նվազումը։ Այսինքն, եթե ԲՀԿ-ն հայտնվի ԱԺ-ում, ապա վարչապետ Փաշինյանի քաղաքական մանևրի դաշտը կնեղանա ու, հակառակը՝ ԲՀԿ-ի դուրսմղման և ՔՊ-ի օգտին տրված նորահայտ քվեների մեջտեղ գալու դեպքում, գործող իշխանության օրենսդրական ու քաղաքական այլ քայլերը կաշկանդող խոչընդոտներ այլևս չեն լինի։
– Ընտրության նախնական արդյունքների հրապարակումից հետո շատ է խոսվում ընդդիմության՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Ո՞ր որոշման պարագայում ինչ է սպասվում, և ըստ Ձեզ՝ ո՞ր որոշումն է այս պահին ավելի նպատակահարմարը։
Կարդացեք նաև
-Այս ընտրությունների արդյունքում Հայաստանի պետականության ընդհանուր դիրքերը, կարծես, ավելի թուլացան։ Հակառակ նրան, որ շատ պետությունների կողմից արդեն իսկ շնորհավորանքներ են ուղղվել վարչապետ Փաշինյանին, նրա պաշտոնավարման ճակատագիրը մեծապես կախված է լինելու Ռուսաստանի դիրքորոշումից։ Եթե Մոսկվան ճանաչի այս ու այսպիսի ընտրությունների արդյունքն ու նախագահ Պուտինը շնորհավորի Փաշինյանին, ապա դրանով վերջ կդրվի Հայաստանի ներսում նրա իշխանության երկարաձգման դեմ հանդես եկող «Հայաստան» դաշինքի, ԲՀԿ-ի և «Ուժեղ Հայաստանի» նկրտումներին։ Կրեմլը չի շտապում, հաշվենկատորեն պահում է ինտրիգը, թեև այն կարծիքին եմ, որ, ամենայն հավանականությամբ, կճանաչի Փաշինյանի վերանշանակումը։ Գուցե որոշ վերապահումներով, բայց կճանաչի։ Հավանաբար, եթե ու երբ ռուսական ճանաչումը տեղի ունենա, կլուծվի նաև մանդատները վերցնել/չվերցնելու հարցը։ Մոսկվայի կողմից ընտրությունների արդյունքները ճանաչելու դեպքում մանդատները «կգտնեն» իրենց տերերին։
-Կարծիքներ կան, որ եթե ընդդիմադիրները հրաժարվեն մանդատներից, ՔՊ-ն գնալու է ԸՕ փոփոխության, հասնելու են նրան, որ Ազգային ժողով անցկացնեն այն ուժերին, որոնք մասնակցել են ընտրություններին և հանդիսանում են ՔՊ-ին սատարող ուժեր: Ըստ որոշ փորձագետների՝ նման սցենարի դեպքում հաջորդ ամենաշատ ձայներ հավաքած Արման Թաթոյանը գործարքի չի գնա, բայց ՔՊ-ի պրոքսիները մեծ հաճույքով կգնան այդ գործարքին: Ու եթե իշխանությունն իր պրոքսի ուժերին բերի խորհրդարան, ապա Փաշինյանի համար նոր Սահմանադրության փոփոխությունը խնդիր չի առաջացնի: Սա հավանական և վտանգավոր սցենար համարո՞ւմ եք։
-«Անկախ» Հայաստանում ցանկացած տարբերակ հնարավոր է։ Մեզանում, սովորաբար, «իրավունքը» սպասարկել է ուժային լծակներին տիրապետող սուբյեկտներին։ ՀՀ ուժային կառույցները հավատարմորեն պաշտպանում են գործող իշխանությանը։ Վերջինս նաև ծանրակշիռ արտաքին աջակցություն է վայելում։ Ուստի եթե քաղաքական ծանրաքաշներ համարվողներն, այնուամենայնիվ, հրաժարվեն իրենց բաժին հասած մանդատներից, ապա դրանք, իրոք, կարող են տրվել անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերին և այդ գործողության իրավաչափությունը կհիմնավորվի հզորագույն իրավական «փաստարկներով»։ Այդուհանդերձ, քիչ հավանական եմ համարում, որ գործը դրան հասնի։
-Մինչ արևմտյան շատ երկրների ղեկավարներ շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին, պաշտոնական Մոսկվայից արձագանք չկա։ Ինչպե՞ս կգնահատեք, հնարավո՞ր է ՌԴ-ն չճանաչի ՀՀ-ում ընտրությունների արդյունքները, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, թե վերընտրվելուց հետո Մոսկվա է մեկնելու։
-Գուցե սա տարօրինակ թվա, բայց գտնում եմ, որ Փաշինյանը Մոսկվայի ընթացիկ պահանջներին լիովին համապատասխանող Հայաստանի ղեկավար է։ Գրեթե՝ իդեալական։ Նրա օրոք Ռուսաստանն ազատվեց Հայաստանի հանդեպ ունեցած ցանկացած առարկայական պարտավորությունից, մինչդեռ մեր երկրի առնվազն տնտեսական ու էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից պահպանվում է։
-Ռուսական պատժամիջոցների ծավալներն օրեցօր նոր թափ են ստանում, ԵՄ-ից Հայաստանին աջակցություն են խոստանում արտահանողներին փոխհատուցելու և ռուսական պատժամիջոցներին դիմակայելու համար։ Ո՞ւր է տանում այս գործընթացը։
-Եթե Մոսկվան ճանաչի Փաշինյանի վերընտրությունն իրավաչափ, դրանից հետո շատ չանցած մեր ապրանքների Ռուսաստան արտահանելու հետ կապված սահմանափակումները կվերացվեն։ Գուցե ոչ բոլորը միաժամանակ։ Բայց դա կարվի մեծ լավության կարգով։ Ինչ վերաբերում է հայկական ապրանքները դեպի ԵՄ վերաուղղորդելու հեռանկարին, ապա այսօր մեր արտահանողները ժամանակավոր արտոնություն են ստացել՝ ի հակակշիռ ռուսական սահմանափակումների։ Այդ ժամանակավոր արտոնությունը մշտական համագործակցության վերաճելը կհամարեմ մեծ հաջողություն, բայց դրա հեռանկարը դեռևս մշուշոտ է։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.o6.2026


















































