Դրանով լուծվում են ոչ միայն քաղաքական, այլեւ անձնական խնդիրներ
1830 թվականին լույս է տեսել Օնորե դե Բալզակի «Վենդետտա» վեպը: 19-րդ դարի ֆրանսիացին որոշակի էկզոտիկա էր տեսնում «արյան վրեժով» պայմանավորված վայրագ, հետամնաց բարքերի մեջ եւ այդ՝ իր միջավայրի համար անսովոր երեւույթը ցանկանում էր ներկայացնել ընթերցողներին:
Առայսօր այդ բարքերը, գուցե զուտ կենցաղային մակարդակով, պահպանվել են շատ ժողովուրդների մոտ. ընտանիքների միջեւ թշնամանքը որոշակի նշանակություն կարող է ունենալ ամենազարգացած երկրներում: Իսկ վենդետայով խնդիրներ լուծելը հիմա էլ հատուկ է որոշակի ցեղախմբերի, օրինակ, հեռավոր լեռնային գյուղերում ապրող ինչ-որ աուլներում կամ կիշլակներում:
Ո՞րն է վենդետայի հիմնական պատճառը: Մարդկանց, նրանց խմբերի միջեւ հակասություններ են առաջանում, որոնց արդյունքում հաճախ արյուն է թափվում: Բայց այդ խմբերը չեն վստահում պետությանը, նրանք համոզված են, որ արդարադատությունը չի գործի, որ հանցագործներն արժանի պատիժ չեն ստանա, եւ արդարություն հաստատելու գործառույթը, ինչպես որ իրենք են հասկանում, վերցնում են իրենց ձեռքը: Այնտեղ, որտեղ կա նորմալ գործող պետություն, այդ երկրներում վենդետայի մասին չի խոսվում:
Կարդացեք նաև
Երբ Բալզակի ժամանակներից 200 տարի անց «եվրոպամետ», «ժողովրդավար» եւ «օրինապաշտ» ՔՊ-ականները խոստանում եւ իրականացնում են «վենդետա»՝ իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, դա խոսում է ա/ իրենց քաղաքական տհասության, բ/ պետական ինստիտուտների չկայացած լինելու մասին, քանի որ ՔՊ-ականները «վենդետայի» համար օգտագործում են հենց այդ ինստիտուտները, եւ դրանք, օգտագործվելու հետեւանքով, իրականում դադարում են պետական լինելուց:
Քաղաքական «վենդետան», բնականաբար, կիրառվում է 2018-ից՝ չնայած այն ժամանակ ՔՊ-ականները վարանում էին դա այդպես կոչել: Բայց հիմա նրանք անկեղծացել են եւ իրենց գործողությունները միայն թեթեւակի են սքողում «ժողովուրդ», «քրեաօլիգարխիա», «օտարերկրյա գործակալներ» բառերով, որոնք, բնականաբար, իրավական բովանդակություն չունեն:
Վերջին ամիսների «վենդետան» ուներ, իհարկե, զուտ պրակտիկ՝ «նախընտրական» նշանակություն: Ընտրություններից մի քանի օր առաջ ասպարեզից հանվում էին մարդիկ, որոնք կարող էին խանգարել իշխանության վերարտադրությանը: Առավել հատկանշական էր ընտրություններից մի քանի օր առաջ Արմեն Աշոտյանին եւ Անդրանիկ Թեւանյանին ազատազրկելը: Թեպետ նրանք շատ տարբեր են, բայց ինձ համար հավասարապես քաղբանտարկյալ են, եւ ես շատ կցանկանայի, որ բոլոր ընդդիմադիրների, բոլոր ազնիվ քաղաքացիների վերաբերմունքը նույնը լիներ:
Աշոտյանի դեպքում «դարակներից հանեցին» ինչ-որ մի «գործ», որին 8 տարի չէին անդրադարձել, բայց հանկարծ «հիշեցին» ընտրություններից առաջ: Թեւանյանի պարագայում դարձյալ պեղեցին երկու տարվա հնության պատմություն, թե ինչպես է նա վերծանել եւ թարգմանել ԱԺ փակ նիստի նյութերը (որոնք, բնականաբար, բոլորին քաջ ծանոթ էին) եւ դրա համար ստացել աստղաբաշխական գումար: Ի դեպ, ՔՊ առաջնորդն ինքը խոստովանել է, որ վաղուց գիտեր այդ պատմությունը: Երբ պետք եղավ, դա համարվեց «հայրենիքի դավաճանություն»:
Ընդդիմության երկու վառ դեմքերին ընտրարշավի ժամանակ մեկուսացնելն ուներ, կրկնեմ, իր պրագմատիկ նպատակը: Բայց ՔՊ-ականներն իրավացի են, երբ դա անվանում են հենց «վենդետա», այսինքն՝ վրեժ, հաշվեհարդար: Այստեղ քաղաքականն, իմ կարծիքով, միահյուսված է անձնականի հետ:
Ամեն անգամ, երբ այդ երկու գործիչները կամ որեւէ այլ ընդդիմադիր կոշտ քննադատության են ենթարկում Փաշինյանին, ՔՊ ղեկավարը դա արձանագրում է, այնուհետեւ մտքում, իսկ երբեմն նաեւ՝ բարձրաձայն, ասում է՝ «հիմա դու քո հալը կտեսնես»: Դա կարող է վերաբերել նաեւ ոչ քաղաքական դեմքերին, օրինակ, ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանին: Եվ հենց որ առիթ է լինում, Փաշինյանն իր այդ սպառնալիքն իրագործում է՝ իրեն սպասարկող «իրավապահների» օգնությամբ: Այդպիսիք են բոլոր մանրախնդիր եւ բարդույթավորված մարդիկ:
Պարզ է, որ ընտրություններում «հաղթանակից» հետո անձնական-քաղաքական հաշվեհարդարն ավելի լայնամասշտաբ տեսք է ստանալու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.06.2026


















































