Aravot.am-ը անցյալ տարի տեղեկացրել էր Երևանում առաջին անգամ անցկացվող, տարածաշրջանի համար բացառիկ կրթական իրադարձության՝ «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիայի» մասին։ 2024 թ. հիմնադրված այս նախաձեռնությունը կրկին՝ հունիսի 23-28-ը, համախմբում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորին՝ մաեստրո Վասիլի Պետրենկոյին և երիտասարդ տաղանդներին։ Հիշեցնենք, որ ակադեմիայի կազմակերպիչներն են «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամը (գեղարվեստական խորհրդի նախագահ՝ Վասիլի Պետրենկո) և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան)։
Մեզ հետ զրույցներում երաժիշտները քանիցս հավաստիացրել են, որ այս նախագիծը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի կարևոր դերն ու ռազմավարական նշանակությունը համաշխարհային մշակութային քարտեզի վրա։ Մեր զրուցակիցները նաև փաստում են, որ, դառնալով միջազգային կարգի երաժշտական հարթակ, Երևանն այսօր դիրքավորվում է որպես արևմտյան և արևելյան կատարողական արվեստի ավանդույթների խաչմերուկ, որտեղ համաշխարհային մեծության վարպետներն ու ապագա աստղերը հանդիպում են ստեղծագործական երկխոսության համար։ Նման մասշտաբի ակադեմիայի անցկացումը Հայաստանը ներկայացնում է որպես դասական երաժշտության համաշխարհային կարևորագույն կենտրոններից մեկը, որն ընդունակ է ձևավորելու երաժշտական արվեստի վաղվա օրակարգը։
Մեզ տեղեկացրին, որ այս տարի ակադեմիայում մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 60 դիրիժորներ՝ աշխարհի 22 երկրներից, որոնցից խիստ ընտրությամբ հրավիրվել են միայն 6-ը։ Այսպիսով, ակադեմիան կհյուրընկալի ընտրված մասնակիցներին Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Արգենտինայից, Լեհաստանից և Ռուսաստանից։ Նրանք հնարավորություն կունենան անհատական փորձեր անցկացնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և կմասնակցեն «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները» խորագրով բացառիկ սեմինարին։ Թե՛ փորձերը, թե՛ սեմինարը կվարի անձամբ մաեստրո Պետրենկոն։
Դասընթացները կեզրափակվեն հունիսի 28-ին կայանալիք մեծ գալա-համերգով։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ակադեմիայի դիրիժորների ղեկավարությամբ կհնչեն Բեթհովենի, Բրամսի, Մոցարտի, Մենդելսոնի, Վեբերի և Պրոկոֆևի գլուխգործոցները։
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում մաեստրո Պետրենկոն նշում է. «Ինձ համար ակադեմիան հաջորդ սերնդի տաղանդավոր դիրիժորների աճի և հնարավորությունների ընձեռնման միջոց է։ Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ բարձրագույն արվեստը մնում է այն հզոր ուժը, որը միավորում է մարդկանց և կրթում նոր՝ լուսավոր սերունդ»։
Երկու խոսքով հնարավոր չէ, բայց, այնուամենայնիվ, փորձենք հակիրճ ներկայացնել մաեստրոյի վերջին շրջանի գործունեությունը։ Վասիլի Պետրենկոն Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է (2021 թ.-ից)։ Տասնհինգ տարի եղել է Լիվերպուլի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, իսկ այժմ վերջինիս դափնեկիր դիրիժորն է։ Մինչ այդ էլ վարել է «հնչեղ» պաշտոններ՝ եղել է Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը (2016-2022), Օսլոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2013-2020)։ Ելույթներ է ունեցել Բեռլինի, Լոնդոնի, Բոստոնի, Չիկագոյի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի «Գևանդհաուս», Լոնդոնի սիմֆոնիկ, Սանտա Չեչիլիայի ակադեմիայի և Ֆրանսիայի ազգային նվագախմբերի հետ։ Հանդես է եկել BBC Proms, Էդինբուրգի, Գրաֆենեգգի և Գլայնդեբուրնի փառատոներում։
Իմիջիայլոց, դիրիժորի երկացանկում ներառված են շուրջ 30 օպերա, որոնք նա ղեկավարել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Փարիզի, Ցյուրիխի, Բավարիայի, Նիդերլանդների ազգային, Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան և այլ հեղինակավոր օպերային թատրոններում։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ



















































