Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ու Կոմիտասի ոգին շատ ամուր ապրում է իմ ներսում. Ջոել Մարտին

Հունիս 17,2026 16:10 Share

«Ես հարյուրավոր հայկական երգեր գիտեմ, բայց ցանկանում եմ խորապես ուսումնասիրել բոլորը: Այսօրվա անդրադարձը միայն Կոմիտասի մասին չէ, օրինակ՝ «Բինգյոլը» հայկական ամենասիրված և խորը հուզական ավանդական ժողովրդական երգերից մեկն է, որը հայտնի հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի գրած հուզիչ բալլադն է, իսկ երաժշտության հեղինակը գուսան Շահենն է: Այն զգացողությունը, ինչ ծնվում է իմ մեջ, շատ յուրահատուկ է… Ես արդեն մի քանի տարբերակներ էի ստեղծել, եւ միայն այսօր նայեցի տեքստը: Գեղեցիկ, հույզերով համակող գործ է, որ ինձ ինչ-որ չափով օրհներգ է հիշեցնում: Այնպես որ, վերամշակում եմ այն՝ արտացոլելու համար այս բոլոր զգացմունքները: Այն իմ գլխում է, եւ ես պետք է մինչև վերջ հասցնեմ… Ես արդեն 8 ժամ է՝ գրում եմ՝ սկսած առավոտյան 5:15-ից… Ես սիրում եմ այս գործընթացը… Այնպիսի զգացողություն է ինձ մոտ, ասես առաջին անգամ լինի, երբ սկսեցի երաժշտություն գրել…»,- սա ճանաչված դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինի՝ վերջերս ֆեյսբուքում արած գրառումն է. նա ուղղակի սիրահարված է հայկական երաժշտությանը եւ մասնավորապես Կոմիտասին։

Հունիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան) ներկայացրեց Jazzical Komitas նախագիծը, որտեղ մենակատարը հենց Ջոել Մարտինն է։ Համերգը ղեկավարեց բրիտանահայ ճանաչված դիրիժոր և տենոր Սիփան Օլահը:

Ջոել Մարտինը նախ կատարեց Կոմիտասի «Շուշիկին»՝ իր յուրօրինակ մեկնաբանությամբ, հետո մյուս ստեղծագործությունների հոգեպարար հնչյունները տարածվեցին դահլիճում… «Շուշիկի», «Հայկական սեր», «Հով արեք», «Չինար ես», «Ալ այլուղս», «Բինգյոլ», «Էջմիածնի պարը»… Ահա ոչ ամբողջական ցանկը այն ստեղծագործությունների, որոնք ջազային մեկնաբանությամբ վայելեցինք երեկոյի ընթացքում։

Ամերիկացի երաժիշտը, որն իրեն «ընտրված հայ» է անվանում, նաեւ որոշ փակագծեր բացեց համերգից առաջ. «Ես առաջին անգամ Հայաստան եմ եկել 2019 թվականին՝ որպես օտարական… Այդ ժամանակ ոչինչ չգիտեի Հայաստանի կամ հայկական երաժշտության մասին… Երբեք չէի լսել Կոմիտասի մասին մինչև այն բախտորոշ օրը, երբ Նյու Յորքի Քուինս թաղամասում նվագում էի մի հավաքույթի ժամանակ փոքրիկ դաշնամուրի վրա… Մոտեցա, սկսեցի նվագել, եւ Էմմա Առաքելյանը մոտեցավ ինձ ու ասաց. «Օ՜, դուք այնքան լավ եք նվագում, պետք է անպայման Կոմիտաս էլ նվագեք»: Ես հարցրի. «Ի՞նչ է Կոմիտասը»… Նա ասաց՝ ոչ թե ինչ է, այլ ով է, ու հանդես եկավ մի ամբողջ ներկայացումով Կոմիտասի մասին… Ես մտածեցի՝ հրաշալի պահ է, գնացի տուն և… հաջորդ վեց ամիսների ընթացքում այդպես էլ չլսեցի Կոմիտաս: Բայց այդ 6 ամսվա ընթացքում Կոմիտասի անունը շարունակում էր հնչել իմ ներսում… Որոշեցի վերջապես նստել ու Կոմիտաս լսել: Մտածում էի՝ հավանաբար ինձ դուր չի գա, բայց գոնե հետո կկարողանամ ասել, որ լսել եմ… Դա պետք է տևեր 15 րոպե… Սակայն երկու ժամ շարունակ շարունակում էի լսել Կոմիտաս ու հայկական ժողովրդական երգեր…

Երբ աղջիկներս տուն եկան դպրոցից, ես նրանց ասացի՝ դուք պետք է լսեք սա, եւ նրանց համար 30 րոպե Կոմիտաս միացրի… Կրտսեր դուստրս, որ 8 տարեկան էր այդ ժամանակ, ասաց. «Հայրի՛կ, կարծում եմ՝ դու պատրաստվում ես ևս մեկ ձայնասկավառակ ձայնագրել»: Ես պատասխանեցի. «Այո, ճիշտ ես»: Ու 4 ամիս անց ծնվեց «Jazzical Komitas – Passion of Fire»-ը… Բայց ես չէի կարող ավարտել այս նախագիծը, քանի որ երբեք չէի եղել Հայաստանում: Ուստի զանգահարեցի իմ ճանաչած միակ հայուհուն և ասացի. «Էմմա՛, ես պետք է գնամ Հայաստան, բայց այնտեղ ոչ մեկին չեմ ճանաչում»: Նա ասաց. «Այնտեղ անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT), ինչո՞ւ այդ մասին չխոսենք»: Դա իմ կյանքի մնացած մասի սկիզբն էր: Այնպես որ, դուք հիմա գիտեք իմ պատմությունը, գիտեք, թե ինչու եմ շարունակում գալ Հայաստան, եւ սա իմ 15-րդ այցելությունն է… Ես պատրաստվում եմ տուն գնել այստեղ…

Բայց ավելի կարևոր բան եմ ուզում ասել՝ հանճարեղ Կոմիտասը միայն ձերը չէ: Նա ինձ նման մարդկանց համար է, որոնք երբեք չէին իմանա, թե ինչ է կատարվում այստեղ, եթե անձամբ չլսեին նրա երաժշտությունը եւ չվկայեին այս ամենը: Ես հավատում եմ, որ Հայաստանի ու Կոմիտասի ոգին շատ ամուր ապրում է իմ ներսում… Ես պետք է կիսվեմ դրանով աշխարհի հետ»,- ասաց Ջոել Մարտինը։

Նրա ձեւակերպմամբ՝ Հայաստանը հատուկ վայր է բոլոր նրանց համար, ովքեր երբևէ երաժշտություն են ստեղծել այստեղ. «Սա իրոք շատ հատուկ վայր է, հատուկ ժամանակ: Ես երախտապարտ եմ, որ կարող եմ ականատես լինել սրան, լինել սրա մի մասնիկը և ցանկանալ կիսվել աշխարհի հետ: Սա իմ կյանքի առաքելությունն է»: Ջոել Մարտինի խոսքով՝ Հայաստանը կարող է դառնալ Կովկասյան տարածաշրջանի, Եվրոպայի թվային Սիլիկոնյան հովիտը նաեւ երաժշտության ոլորտում։

«…Ես հնարավորություն ունեմ օգտագործելու դասական երաժշտությունը, ջազը, մյուզիքլը… Ես կարող եմ օգտագործել ամեն ինչ և ցանկացած բան՝ երաժշտությանը ծառայեցնելու համար։ Դա հրաշալի զգացողություն է՝ կարողանալ կյանքի ու նվագելու 50 տարիները ներդնել մի բանի մեջ, որն իրականում իմաստ ունի քեզ համար… Այս ամենն իսկապես իմաստ ունի ինձ համար։ Ահա թե ինչու ես երբեք նույն ձևով չեմ նվագում։ Նախևառաջ, սա մարտահրավեր է ինձ համար, որովհետև եթե ես ձանձրանամ, նշանակում է՝ դուք էլ կձանձրանաք։ Իսկ ես դա չեմ ցանկանում… Նաեւ դեմ չեմ քրտնաջան աշխատել երաժշտություն ստեղծելու համար, որովհետև սա այն է, ինչ ես հնարավորություն ունեմ անելու ամեն Աստծո օր՝ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Դա օրհնություն է և պատիվ»,- ընդգծեց Ջոելը:

 

Ունկնդիրը ջերմորեն ընդունեց Կոմիտասյան շնչին ու ոգուն հավատարիմ մնացած, բայց այլ մեկնաբանությամբ ներկայացրած երաժշտին: Նա էլ իր երախտագիտությունը հայտնեց՝ Բրամսից պատառիկ կատարելով, ասաց, որ Կոմիտաս չէ, բայց կրկին շատ գեղեցիկ է: Ջոել Մարտինը նաեւ ներդաշնակ աշխատեց նվագախմբի հետ՝ էլ ավելի ընդգծելով հայկական երաժշտության գույները՝ այլ տեսանկյունից։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930