Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուկան մեզ օգնում է վստահություն ձևավորել». ֆերմերային շուկայի արդիականացում Հայաստանում, կայուն և կլիմայախելամիտ պարենային համակարգերի խթանում

Հունիս 17,2026 17:20 Share

2026 թ. հունիսին ավարտվեց Հրազդան մարզադաշտի տարածքում գործող ֆերմերային շուկայի վերանորոգումը, որն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝ «Կայուն ֆինանսավորման հասանելիության ապահովում՝ Հայաստանում սնուցման նկատմամբ զգայուն, կլիմայախելամիտ պարենային համակարգերի վերափոխման համար» համատեղ ծրագրի շրջանակում։

Աշխատանքները մեկնարկել են այս տարվա սկզբին, և արդյունքում թե՛ գյուղացիների, թե՛ այցելուների համար ստեղծվել է ավելի հարմարավետ, կազմակերպված և ժամանակակից միջավայր։ Գյուղացիներին տրամադրվել են նոր, միանման տաղավարներ, որոնք հնարավորություն են տալիս ապրանքների ցուցադրումն ու վաճառքը կազմակերպել ավելի կանոնակարգված և արդյունավետ։ Տեղադրվել են նաև թափոնների տեսակավորման արկղեր՝ բնապահպանական առումով պատասխանատու գործելաոճը խթանելու համազար։ Բացի այդ, մեկնարկում է սննդային թափոնների վերաօգտագործման նախաձեռնություն, որի նպատակն է ստանալ կոմպոստ և այլ արժեքավոր օրգանական պարարտանյութեր՝ այդպիսով շուկայի գործունեության մեջ ներմուծելով շրջանաձև տնտեսության սկզբունքները։

ՊԳԿ առաջին ֆերմերային շուկան բացվել էր դեռևս 2013 թվականին՝ քաղաքի կենտրոնում, որն ավելի ուշ տեղափոխվել է Հրազդան մարզահամալիրի տարածք։ Այսօր շուկան շարունակում է գործել և ընդլայնվել՝ ծառայելով որպես կարևոր հարթակ կայուն գյուղատնտեսության խթանման, գյուղացի-սպառող կապի ամրապնդման և համայնքների ներգրավվածության խրախուսման համար։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ էր փոքր տնտեսվարողների համար շուկայի հասանելիությունը բարելավելու համար, ինչը նրանց հնարավորություն տվեց իրացնել սեփական արտադրանքն առանց միջնորդների և սպառողներին առաջարկել թարմ ու տեղական մթերքներ:

Ֆերմերային շուկաները, որոնք հայտնի են նաև որպես թարմ գյուղմթերքի շուկաներ, կարևոր դեր են խաղում տեղական արտադրողներին անմիջապես սպառողների հետ կապելու գործում։

 

 

Այս շուկաները թարմ, սեզոնային և սննդարար մթերքների հասանելիություն ապահովելուց բացի նպաստում են գյուղական բնակչության բարեկեցությանը, ամրապնդում են տեղական տնտեսությունները և խթանում են բնապահպանական առումով ավելի կայուն պարենային համակարգերը։ Ժամանակակից ֆերմերային շուկաներն աստիճանաբար վերածվում են նորարարական կենտրոնների՝ ներմուծելով այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են շրջանաձև տնտեսությունը, թափոնների նվազեցումը և կլիմայական փոփոխությունների հանդեպ դիմակայունությունը։

«Այս շուկաները գյուղացիների համար կարևոր հնարավորություն են ստեղծում՝ ոչ միայն առանց միջնորդի վաճառելու իրենց արտադրանքը, այլև սպառողների հետ երկարատև հարաբերություններ հաստատելու», – ասաց շուկայում իր արտադրանքը վաճառող ֆերմեր Սուրեն Գրիգորյանը։ «Հաճախորդներիցս շատերը, ում հետ առաջին անգամ ծանոթացել եմ հենց այստեղ, շարունակում են ինձնից մթերքներ գնել նույնիսկ ձմռան ամիսներին, երբ շուկան չի գործում։ Անցած ամբողջ տարվա ընթացքում այդ սպառողներին մթերքներ եմ առաքել մոտավորապես տասը օրը մեկ։ Շուկան մեզ օգնում է վստահություն ձևավորել, ընդլայնել մեր հաճախորդների շրջանակը և ապահովել վաճառք ողջ տարվա ընթացքում»։

«Այս ջանքերն արտացոլում են սնուցման նկատմամբ զգայուն և կլիմայախելամիտ լուծումներին աջակցելու մեր հանձնառությունը՝ լուծումներ, որոնք օգուտ են բերում թե՛ մարդկանց, թե՛ շրջակա միջավայրին», – նշեց ՊԳԿ՝ «Կայուն ֆինանսավորման հասանելիության ապահովում՝ Հայաստանում սնուցման նկատմամբ զգայուն, կլիմայախելամիտ պարենային համակարգերի վերափոխման համար» համատեղ ծրագրի ազգային համակարգող Լուսինե Թադևոսյանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների համատեղ հիմնադրամի կողմից և իրականացվում ու համաֆինանսավորվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ), Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Շրջակա միջավայրի ծրագրի (ՇՄԾ) կողմից։

Այս նախաձեռնությունները կոչված են խթանելու շրջանաձև տնտեսության սկզբունքները, նվազեցնելու շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և երաշխավորելու ֆերմերային շուկաների երկարաժամկետ կայունությունը։

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել