Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հաղթողը ուժեղ ոգին է

Նոյեմբեր 19,2026 12:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Կամքի ուժի ու վերածնման խորհրդանիշ լինել ու մնալը առաքելություն է, ողջ կյանքի համար ընտրված ուղի, որով քայլում է մի մարդ, ում ճակատագրի բերումով վիճակված էր կյանքի ամենածաղկուն տարիքում երկատել իրականությունը առաջի ու հետոյի միջև։ Իր օրինակով նա շատերին ոգեշնչեց ու տարավ իր հետևից, որպես առաջնորդ ու ստրատեգ դժվարությունների, հաշմանդամության վերջնագրերի դեմ դնելով նպատակի, պայքարի, ներքին ուժով ու ոգու ամրությամբ հաղթելու իր գերմարդկային համոզմունքը։ Արժանապատվության մարտիկն այսօր սպորտում է նույն կերպ ապրում ու քայլում առաջ, առանց երեք վերջույթի, ապացուցելով, որ մեկ ձեռքն էլ ծափ կտա։

Սարգիս Ստեփանյանի բազկի ուժը այսօր աշխարհի հնգակի չեմպիոնության տիտղոսը նվաճեց, չհանձնվելու խորհրդանիշ լեգենդար մարզիկի հետ զրույցը այս առիթով է։

– Սարգիս, աշխարհի հնգակի չեմպիոնի տիտղոսակիր լինելու ուրախալի լուրը Հայաստանի բոլոր լրատվականների էջերում է, արդեն գրանցված ևս մի նվաճման փաստ քո կյանքում, ինչպիսի՞ զգացողություն է լինել ու պահել չեմպիոնական տիտղոսը։

– Աշխարհի հնգակի չեմպիոն լինելը մեծ պատիվ է, բայց միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Յուրաքանչյուր հաղթանակից հետո հասկանում եմ, որ պետք է կրկին ապացուցեմ՝ արժանի եմ այդ տիտղոսին։ Ինձ համար ամենակարևորը ոչ միայն չեմպիոնական կոչումը պահպանելն է, այլ այն ճանապարհը, որով հասնում եմ այդ արդյունքին։ Երբ բարձրացվում է Հայաստանի եռագույնը, հնչում է մեր պետական օրհներգը, զգացողությունն անբացատրելի է։ Այդ պահին հասկանում ես, որ քո հաղթանակն արդեն միայն քոնը չէ։ Դու ներկայացնում ես հայրենիքդ, ժողովրդիդ, ընտանիքիդ և բոլոր նրանց, ովքեր հավատացել են քեզ։ Ես երբեք չեմ համարել, որ նախորդ հաղթանակներն ինձ իրավունք են տալիս հանգստանալու։ Ընդհակառակը՝ դրանք ինձ ավելի պարտավորեցնող են դարձնում։

– Մրցաշարից մրցաշար դու և քո մարզիկները բազմիցս ապացուցված նվաճումներով եք վերադառնում, հաշմանդամային սպորտի ասպարեզում փառահեղ էջեր բացելով, որոնք հետո պատմություն են դառնալու, ի՞նչն ես կարևորում հատկապես այդ ուղու մեջ, որն այսօր գծում ես դու և քո օրինակին հետևող, քեզնով ոգեշնչվող մարզիկները։

– Ինձ համար ամենամեծ ձեռքբերումը միայն մեդալներն ու տիտղոսները չեն։ Ամենակարևորն այն է, որ կարողացել ենք ապացուցել՝ հաշմանդամությունը մարդու հնարավորությունների սահմանը չէ։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր վիրավորում ստացած զինվոր, յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող մարդ հասկանա, որ կյանքը չի ավարտվում դժվարության կամ կորստի հետ։ Կարելի է նոր նպատակներ դնել, մարզվել, պայքարել և հասնել այնպիսի արդյունքների, որոնք մի ժամանակ գուցե անհնար էին թվում։ Ինձ համար շատ կարևոր է նաև, որ մեր մարզիկները ոչ միայն հաղթանակներ տանեն, այլև հավատան իրենց ուժերին, լինեն կարգապահ, նպատակասլաց և արժանապատվորեն ներկայացնեն Հայաստանը։

Եթե իմ անցած ճանապարհը թեկուզ մեկ մարդու օգնի վերագտնելու իր ուժն ու հավատը, դա ինձ համար մեծ հաղթանակ է։

– Մարզական ասպարեզում այսօր երկու սպորտաձևով ես զբաղված, ձեռքի ուժ և ինչո՞ւ գնդի հրում, ի՞նչ նվաճումներ կան այդ ասպարեզում։

– Բազկամարտն իմ հիմնական մարզաձևն է, որտեղ հասել եմ Եվրոպայի և աշխարհի չեմպիոնական տիտղոսների։ Սակայն այսօր իմ մարզական նպատակները միայն բազկամարտով չեն սահմանափակվում։ Զբաղվում եմ նաև գնդի հրումով, քանի որ այս մարզաձևում նույնպես մեծ նպատակներ ունեմ։ Իմ գլխավոր երազանքներից և նպատակներից մեկն է 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք ամառային Պարալիմպիկ խաղերին մասնակցել և այնտեղ հաղթողի պատվավոր կոչմանն արժանանալ։ Գիտակցում եմ, որ դրա համար դեռ շատ աշխատանք, հետևողական մարզումներ և մեծ նվիրում են անհրաժեշտ։ Բայց ես սովոր եմ նպատակներ դնել և մինչև վերջ պայքարել դրանց իրականացման համար։ Ինձ համար սպորտը շարունակական զարգացում է, և քանի դեռ ունեմ ուժ ու նպատակ, շարունակելու եմ առաջ շարժվել։

 – Առաջիկա մարզումներիդ սպորտային գրաֆիկն ու մրցաշարերի քարտեզը ենթադրում եմ, որ արդեն իսկ ունես, դեպի ո՞ւր է տանում սպորտային պայքարի ուղին մոտ ապագայում։

– Իհարկե, մարզական ծրագրերը շարունակվում են։ Ինձ համար յուրաքանչյուր մրցաշար նոր նպատակ է, նոր պատասխանատվություն և նոր հնարավորություն՝ Հայաստանի անունը բարձր պահելու։ Առաջիկա կարևոր նպատակներիցս 2027 թվականի Եվրոպայի առաջնությունն է։ Ցանկանում եմ շարունակել մարզական ուղիս, պահպանել ձեռք բերած արդյունքները և պայքարել նոր չեմպիոնական տիտղոսների համար։ Ինձ համար տարիքն ու անցած ճանապարհը պատճառ չեն կանգ առնելու։ Քանի դեռ ունեմ նպատակներ, ուժ և պայքարելու ցանկություն, շարունակելու եմ մարզվել։ Ես դեռ շատ անելիքներ ունեմ թե՛ անձնական մարզական կարիերայում, թե՛ հաշմանդամային սպորտի զարգացման գործում։

–Մտադի՞ր ես, արդյոք, ստեղծել քո մարզադպրոցը, հաշմանդամային սպորտի մարզասրահին զուգահեռ, քանի որ քո հանդիպումները մատաղ սերնդի հետ, կապը հասարակության տարբեր շերտերի հետ, քո անձը վերջապես, որպես կամքի ուժի ու պայքարի խորհրդանիշ է դիտարկվում և անհնար է թաքցնել, որ սիրված ու ընդունված է, այդ ամենը պարտավորեցնո՞ւմ են ապագայի ծրագրերում ունենալ նման մասնագիտական շարունակություն։

 – Իհարկե, նման նպատակներ ունեմ։ Այսօր արդեն իսկ Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի շրջանակում գործում է մեզ պատկանող «Լեգենդներ» մարզասրահը, որտեղ մենք իրականացնում ենք կարևոր աշխատանք՝ նպաստելով հաշմանդամային սպորտի զարգացմանը։ Ես անձամբ տարիների ընթացքում կուտակած իմ փորձը, գիտելիքներն ու մարզական ճանապարհով անցած դժվարությունների արդյունքում ձեռք բերած հմտությունները փոխանցում եմ մեր երիտասարդներին ու պատանիներին։ Ինձ համար շատ կարևոր է, որ իմ անցած ճանապարհը օրինակ և օգտակար փորձ դառնա հաջորդ սերնդի համար։ Սակայն մեր նպատակները դրանով չեն սահմանափակվում։ Մենք ցանկանում ենք ընդլայնել մեր գործունեությունը, ավելի մեծանալ և ունենալ նմանատիպ մարզադպրոցներ ու մարզասրահներ Հայաստանի բոլոր մարզերում։ Կարևոր է, որ ոչ միայն մայրաքաղաքում, այլև յուրաքանչյուր շրջանում հաշմանդամություն ունեցող մարդիկ հնարավորություն ունենան զբաղվելու սպորտով, վերականգնելու իրենց ուժերը, բացահայտելու սեփական հնարավորությունները և հասնելու նոր հաջողությունների։ Ինձ համար կարևոր է ոչ միայն անձամբ հաղթել, այլև իմ փորձով ու աշխատանքով նպաստել, որ վաղը մեր կողքին լինեն նոր չեմպիոններ, նոր ուժեղ անհատականություններ, որոնք իրենց հաղթանակներով կրկին բարձր կպահեն Հայաստանի պատիվը։ Իմ նպատակը միայն չեմպիոններ դառնալը չէ, այլ նաև նոր չեմպիոններ կերտելը։

–Սարգիս, եթե ետ նայելու լինենք, մարզական կյանքի և առհասարակ կյանքիդ ճանապարհին կա՞ մի բան, որ կցանկանայիր փոխել կամ շտկել, ի՞նչը կավելացնեիր և ի՞նչը կպակասեցնեիր մեր հասարակության կյանքում։

– Եթե անկեղծ լինեմ, ես չեմ ցանկանա փոխել իմ անցած ճանապարհը։ Այն հեշտ չի եղել, եղել են ծանր փորձություններ, կորուստներ, դժվարություններ, բայց հենց այդ ամենն է ինձ դարձրել այն մարդը, որը կամ, այսօր եմ։ Ես սովորել եմ, որ մարդուն բնորոշում են ոչ թե այն դժվարությունները, որոնց հանդիպում է, այլ այն, թե ինչպես է կարողանում կանգնել, շարունակել և պայքարել։ Իսկ մեր հասարակության մեջ կցանկանայի ավելի շատ տեսնել փոխադարձ հարգանք, համերաշխություն, հոգատարություն և հատկապես՝ միմյանց աջակցելու պատրաստակամություն։ Կուզենայի, որ մարդիկ ավելի քիչ դատեին և ավելի շատ հասկանային միմյանց։ Որ վիրավորում ստացած զինվորները, հաշմանդամություն ունեցող մարդիկ և կյանքի դժվարությունների միջով անցնող մեր հայրենակիցները երբեք չզգային, թե հասարակության մեջ իրենք երկրորդական տեղ ունեն։ Ինձ համար շատ կարևոր է նաև, որ մենք երբեք չմոռանանք մեր հերոսներին, նրանց ընտանիքներին և այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը նվիրել են հայրենիքին։

–Հինգերորդ չեմպիոնական տիտղոսդ նվաճելը համընկավ հայրիկիդ ծննդյան տարեդարձի հետ և դու այն նվիրեցիր իրեն, հուզիչ էր, ինչպիսի՞ արձագանք ունեցար իր կողմից։ Առհասարակ նրա դերը քո կյանքում ինչպիսի՞ն է եղել որպես հայր, որպես հայ մարդ, իր տեսակը, ով անցել է պատերազմով, տեսել հաղթանակի բերկրանքը, տեսնում է նաև այսօրվա իրականությունն ու քո հաղթանակը, պատմիր մի փոքր քո Մեծի մասին, ի վերջո, մենք այս կյանքում նաև մեր ծնողների և ընտանիքի հայելին ու արտացոլանքն ենք շատ ու շատ բաներում։

– Այդ օրը կրկնակի պատասխանատվություն էի զգում։ Ինձ համար շատ կարևոր էր, որ հայրիկիս ծննդյան օրը կարողանամ նրան նման նվեր մատուցել՝ ևս մեկ անգամ Հայաստանի անունը բարձր պահելով միջազգային հարթակում։ Հայրիկիս արձագանքն ու ուրախությունն ինձ համար անգնահատելի էին։ Երբ գիտես, որ քո հաջողությամբ ուրախացնում ես ծնողներիդ, այդ հաղթանակը բոլորովին այլ արժեք է ստանում։ Ինչ վերաբերում է հայրիկիս, նա ինձ համար պարզապես հայր չէ, այլ նաև ուժեղ անհատականության, կամքի և սկզբունքայնության օրինակ։ Նա զինվորական է եղել, հրամանատար, պատերազմի միջով անցած մարդ։ Նրա տեսակը ձևավորվել է զինվորական ծառայության, պատերազմի, պատասխանատվության և հայրենիքի հանդեպ նվիրումի պայմաններում։ Նա այն մարդկանցից է, ում մեջ միշտ տեսել եմ խրոխտ կեցվածք, ամուր բնավորություն, տղամարդկային արժանապատվություն և իր խոսքի ու գործի համար պատասխան տալու պատրաստակամություն։ Կարծում եմ՝ ծնողների օրինակը շատ մեծ ազդեցություն ունի մարդու ձևավորման վրա։ Իմ մեջ էլ կան այդ արժեքները՝ ուժեղ մնալու, չնահանջելու, պատասխանատվություն կրելու և մինչև վերջ պայքարելու հատկանիշները։ Եթե այսօր ես միջազգային հարթակներում կանգնում եմ Հայաստանի դրոշի ներքո, ապա վստահ եմ, որ այդ ամենի հիմքում նաև հայրիկիս և ընտանիքիս տված դաստիարակությունն է։ Ինձ համար մեծագույն պատիվ է, որ հայրիկս տեսնում է իմ հաղթանակները, և ես դեռ հնարավորություն ունեմ իմ հաջողություններով նրան հպարտանալու առիթներ պարգևելու։

– Քեզ սատարողների ու քո ուրախությունը կիսողների պակաս չկա, մարդիկ սոցիալական հարթակներում չեն թաքցնում իրենց ոգեւորող աջակցությունը ցույց տալ, իսկ ռեալ կյանքում նո՞ւյնն է։

-Առաջին հերթին իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում իմ մարզիչ Գևորգ Ստեփանյանին, ով կանգնած է իմ մարզական հաջողությունների հետևում։ Այս հաղթանակները տարիների համատեղ աշխատանքի, հետևողական մարզումների, նվիրվածության և փոխադարձ վստահության արդյունք են։ Շնորհակալ եմ նրա աշխատանքի, համբերության և ինձ միշտ առաջ մղելու համար։ Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր հետևում են իմ մարզական ուղուն, հետաքրքրվում իմ մարզումներով, ուրախանում իմ հաջողություններով, հավատում ինձ և յուրաքանչյուր հաղթանակիս հետ կիսում իմ ուրախությունը։ Ձեր ուշադրությունն ու աջակցությունն ինձ համար շատ թանկ են և լրացուցիչ ուժ են տալիս՝ շարունակելու առաջ շարժվել։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր հայրենակիցներին։ Ձեր ջերմ խոսքերը, բարեմաղթանքները, աջակցությունն ու հպարտությունը զգում եմ յուրաքանչյուր հաղթանակից հետո։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը և տեսնել, որ իմ հաջողություններով ուրախանում է իմ ժողովուրդը։ Այդ սերն ու վստահությունն ինձ համար մեծ պատասխանատվություն են։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Veterans of Armenia կազմակերպությանը՝ 2026 թվականին Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայացած Պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությանը մասնակցությունս ֆինանսավորելու և իմ մարզական ճանապարհին աջակցելու համար։ Ձեր աջակցությունը հնարավորություն տվեց ինձ մասնակցելու այդ կարևոր մրցաշարին և ևս մեկ անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու։

Արմինե Մելիք– Իսրայելյան

արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
17.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել