Սևան համայնքում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցում են «Վստահություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող՝ Սևան խոշորացված համայնքի գործող ղեկավար Սարգիս Մուրադյանը, «Միասնական համայնք»-ի ընտրական ցուցակը գլխավորող՝ Ծովագյուղ համայնքի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սուրեն Գրիգորյանը։
Նոյեմբերի 18-ին Սարգիս Մուրադյանը քարոզարշավ էր իրականացնում իր ծննդավայր Լճաշենում։ Հանդիպման ընթացքում ելույթ ունեցողները բացահայտ աջակցություն հայտնեցին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Նրանցից մեկը Լճաշենի հայտնի գործարար է, որն աջակցում է Սարգիս Մուրադյանին։ Ուշագրավ է, որ Մուրադյանը ծափահարությամբ ողջունեց նրա ելույթը, թեև ընտրություններում նրա մրցակիցներից մեկը հենց «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն է։
Կից ներկայացնում ենք ելույթի հատվածը։ Այն ձայնագրվել է Սարգիս Մուրադյանի շտաբի կողմից, իսկ «Վստահություն» դաշինքը տեղական հեռուստաընկերությանն այն ներկայացրել է որպես նախընտրական գովազդ՝ վճարովի եթերաժամով։



















































