Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. «Եթե այսպես շարունակվի, ՔՊ-ն կարող է որոշել, որ ընտրական իրավունքից օգտվում են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները». «Հրապարակ»

Հունիս 18,2026 11:05 Share

Զրուցեցինք ՀԱԿ վարչության անդամ, կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու, իրավաբան Արմեն Խաչատրյանի հետ:

– Հանրային քննարկման է դրված նախագիծ, որով ընտրություններից առաջ Հայաստանում 6 ամիս բնակված լինելու ցենզ են սահմանում՝ ընտրությանը մասնակցելու համար: Ինչպե՞ս եք սա գնահատում:

– Հենց սկզբից մեզ համար տարօրինակ էր, թե ոնց կարող են ընտրական իրավունքը սահմանափակել կամ ոտնահարել: Բայց մեկ էլ հաջորդ օրն իմանում ենք այս նախագծի մասին, որով իրենք կարող են որոշել, որ եթե 6 ամիս Հայաստանում չես եղել՝ օրինակ, ուսանող ես եղել կամ արտագնա աշխատանքի ես եղել, կամ պայմանագրային ինչ-որ հարաբերությունների մեջ ես եղել, կարող են որոշել, որ դու՝ վերջ, էլ չես կարող քվեարկել: Կատակ չեմ աում, բայց եթե այսպես շարունակվի, ՔՊ-ն կարող է որոշել, որ ընտրական իրավունքից օգտվում են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կամ նա, ով Խաչի Ավետարանի վրա կերդվի, որ ՔՊ համակիր է, հակառակ դեպքում՝ ընտրություններին չի մասնակցի:

– Իրենք առարկում են, ասում են, որ եթե Հայաստանի կյանքին չի մասնակցում, չպետք է ընտրի: Ոմանք էլ, որոնք օրինագիծն ընդունում են, դեմ են միայն 6 ամիս ժամկետին:

– Դա ընդհանրապես աբսուրդ է: Հավասար ընտրական իրավունքի համար ազգերը, ժողովուրդները հեղափոխություններ են արել, արյուն է հոսել: Հավասար ընտրական իրավունքը մի տուփ սիգարետ չէ, որ կարող ես մի տեղից վերցնես, հետո ծխելու հավես չունենաս, դա շպրտես մի կողմ: Դա լրջագույն իրավունք է, որը սահմանափակելու համար ծանրակշիռ հիմքեր են պետք: Օրինակ, մարդու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով քաղաքացու ընտրական իրավունքն է սահմանափակվում: Եթե մարդը դատապարտված է ազատազրկման, նա զրկվում է ընտրական իրավունքից: Այսինքն՝ հիմքերը պետք է շատ հիմնավոր լինեն, որպեսզի իրավաչափ լինի այդ կարեւորագույն իրավունքի սահմանափակումը: Ընդ որում, դու նրան չես կարող զրկել, դու նրան կարող ես սահմանափակել:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այս օրինագիծը բերել, Մոսկվայից եկած ընտրողների՞ց վախեցան:

– Ավելի կտրուկ ասեմ՝ իրենց պարտությունն է պատճառը: Ընտրությունների արդյունքում այդ մարդիկ պարտվել են, որովհետեւ 49,5 տոկոսն ընդամենը եղել է վարչական ռեսուրսի, պետական միջոցների չարաշահման, վախի մթնոլորտի արդյունքում: Սրա հաշվին, ինչպես նաեւ վերջին պահին ԲՀԿ-ից գողացած 5 մանդատների հաշվին կարողացել են որոշակի մեծամասնություն ստանալ ԱԺ-ում ու դրա անունը դրել են հաղթանակ: Մի հատ էլ «ջախջախիչ հաղթանակ» էին ասում: Հասկանալի չէ, թե ում են ջախջախել:

– Երեւի, սեփական ժողովրդին:

– Այդպես է: Երբ իշխանությունը չի կարողանում Ալիեւին դիմակայել ու ջախջախվում է նրա կողմից, շուռ է գալիս, սկսում է սեփական ժողովրդին ջախջախել:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930