Հունիսի 17-ին, նախագահությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի, տեղի ունեցավ թեմի քահանայից հերթական ժողովը։
Նախքան նիստի մեկնարկը, ժողովականները միասնական աղոթք բարձրացրեցին Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ հայցելով Տիրոջ օրհնությունը մեր հայրենիքին և բարեպաշտ ժողովրդին։ Այնուհետև եկեղեցու հովվատանը սկսվեց աշխատանքային նիստը, որի բացմանը թեմակալ առաջնորդը դիմեց ներկաներին՝ մասնավորապես նշելով.
«Մենք Աստծու գործակիցներն ենք» (Ա Կորնթ. Գ 9)։
«Սիրելի՛ քահանա հայրեր, մեզանից յուրաքանչյուրն ունի իրեն վստահված եկեղեցական համայնքը, սակայն բոլորս միասին ծառայում ենք մեկ Տիրոջ, մեկ Եկեղեցու և մեկ առաքելության։ Մեր ծառայության պտուղը Աստծո խոսքի տարածումն է, մեր ժողովրդի հոգևոր՝ մարդկային, ազգային, քաղաքացիական նկարագրի կերտումն է և թեմի միասնական զորացումը։
Գոհություն եմ հայտնում Աստծուն ձեզանից յուրաքանչյուրի համար՝ հիշելով ձեզ իմ աղոթքներում և ուրախանալով այն սիրո ու նվիրումի համար, որ դրսևորեցիք եպիսկոպոսական ձեռնադրության և ուխտի Սուրբ Պատարագի օրերին։ Ոչ միայն տեսա, այլև զգացի ձեր եղբայրական ջերմությունը, ձեր հավատարմությունը Սուրբ Եկեղեցուն և ձեր հոգածությունը Մասյացոտնի թեմի հանդեպ։ Համոզվեցի, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ծառայությունը չի սահմանափակում միայն իրեն վստահված հովվությամբ, այլ սրտացավ մասնակցություն է բերում նաև մեր թեմի ընդհանուր կյանքին, միասնությանն ու առաքելությանը։
Կարդացեք նաև
Գոհություն Տիրոջը, որ այսպիսի համագործակիցներ և ծառայակից եղբայրներ է պարգևել ինձ, որպեսզի «միասիրտ և միակամ» շարունակենք մշակել Տիրոջ այգին միասնական ոգով, պատասխանատվությամբ և կարգապահությամբ․ «Հոգ տարե՛ք Աստծո հոտին, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծո կամքի» (Ա Պետր․ Ե 2), – պատգամում է մեզ Սուրբ Պետրոս առաքյալը։
Սիրելի՛ քահանա հայրեր,
Եղբայրական մեր այս ժողովը կոչված է լինելու ոչ միայն կարծիքների փոխանակման, այլև Սուրբ Հոգու ներգործությամբ ճշմարտության համատեղ որոնման և թեմական կյանքի զորացման առիթ։ Ուստի աղոթական սիրով և հայրական վստահությամբ հորդորում եմ, որպեսզի յուրաքանչյուրս հանդես գանք առավելագույն անկեղծությամբ, հոգևոր համարձակությամբ և եկեղեցաբանական պատասխանատվությամբ՝ «խոսելով ճշմարտապես, սիրով» (Եփես. Դ 15), ոչ թե մարդկային հաճոյախոսությամբ, այլ Քրիստոսի Եկեղեցու շինության մտահոգությամբ։
Մեր խոսքը թող լինի ազատ, բայց հնազանդ Եկեղեցու ավանդությանը, համարձակ, բայց եղբայրասիրությամբ լեցուն, քննադատական, բայց երբեք պառակտիչ։ Ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է հորդորում. «Հետամուտ լինենք խաղաղության և աշխատենք միմյանց հավատն ամրապնդել» (Հռ. ԺԴ 19)։ Մեր առջև ծառացած թեմական խնդիրները պահանջում են ոչ թե լռություն կամ շրջանցում, այլ իմաստուն քննարկում, փոխադարձ ունկնդրում և համատեղ պատասխանատվություն, որպեսզի մեր խորհրդակցությունները և որոշումների կայացումը պտղաբեր լինեն, և մեր թեմական ընտանիքը, պատասխանատու ծառայության շնորհիվ, առավել զորանա՝ ի փառս Աստծո և ի շինություն Հայոց Սուրբ Եկեղեցու»։
Առաջնորդ Սրբազանի խոսքից հետո ներկայացվեց ժողովի օրակարգը, որն ընդգրկում էր թեմի ծիսական, վարչական և քարոզչական կյանքին առնչվող զանազան հարցեր ու ծրագրեր։ Ժողովականները ծավալեցին արդյունավետ քննարկումներ, ինչպես նաև լսեցին Սրբազան հոր առաջարկներն ու հանձնարարականները՝ հաստատված ծրագրերի ընթացքի և հետագա անելիքների վերաբերյալ։
Մասյացոտնի թեմ


















































