«Հուլիսի 7-ին լրանում է Վաչագան Մանուկյանի ծննդյան 35-ամյակը։ Նրա հոր՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ միասին նախաձեռնել ենք հրատարակել «Ազգային հերոս Վաչագան Մանուկյանը» վերնագրով գիրքը»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, «Արմավ» հրատարակչության հիմնադիր Արմեն Ավանեսյանը։
«Գիրքը բացվում է Վաչագանին նվիրված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով։ Գիրքը բաղկացած է մի քանի բաժնից։ Այն ոչ թե ամփոփում է Վաչագանի ստեղծագործությունները, այլ ամբողջացնում է նրա կերպարը՝ վկայություններով, հերոսի մասին տարբեր անհատների խոսքերով։
Առաջին բաժնում զինվորականների, բանակի երախտավորների, գեներալների վկայություններն են, ինչպես, օրինակ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի, գեներալ-մայոր Արմեն Լալայանի և այլն։ Տեղ է գտել նաև 44-օրյա պատերազմի բովով անցած Տիգրան Ավետիսյանի վկայությունը։
Գրքում զետեղված են մշակութային գործիչների կարծիքները Վաչագանի մասին, նրանց թվում են՝ Էդվարդ Միլիտոնյանը, Հասմիկ Պապյանը, վաղամեռիկ Գագիկ Գինոսյանը, Ֆելիքս Բախչինյանը, Մարիաննա Գևորգյանը և այլք։
Կարդացեք նաև
Դրանից հետո գալիս են ստեղծագործական նվիրումներ՝ Վաչագան Մանուկյանին։ Դրանք բանաստեղծություններ են, երաժշտական կատարումներ, տարբեր ստեղծագործություններ, ինչպես նաև մեր ժամանակակից նկարիչների կտավները։ Քանի որ YouTube-ը տալիս է հնարավորություն, QR կոդերով տեղադրվել են նաև այն երաժշտական ստեղծագործությունները, որոնք նվիրված են Վաչագան Մանուկյանին, դրանց թվում նաև Շուշիի «Վարանդա» երգչախմբի «Արցախ» երգն է, Ժիրայր Շահրիմանյանի և այլոց ստեղծագործությունները»,- ներկայացրեց Արմեն Ավանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ այնուհետև գալիս են հրապարակումները Վաչագան Մանուկյանի մասին, որոնք տեղ են գտել մամուլում, սոցցանցերում։ Արմեն Ավանեսյանի խոսքով՝ հրապարակումներ կան հերոսին նվիրված խաչքարի բացման մասին, Վաչագան Մանուկյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված «Ոսկե սերմեր» մրցույթի, Էջմիածնում անցկացվող ըմբշամարտի ամենամյա հուշամրցաշարի, տարբեր կրթական հաստատություններում իրականացված միջոցառումների մասին։ Վերջում ներկայացվում են Վաչագանի մեդալներն ու պարգևները։
«Որպեսզի գրքում նաև Վաչագանի ներկայությունը լինի, ամեն բաժնի առանձին տիտղոսաթերթում նրա խոսքերն են լինելու։ Դրանք ամեն բաժնում առկա են որպես գաղափարաբանական ուղեցույց»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ Վաչագան Մանուկյանն անմահացել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում մղված մարտերի ժամանակ։ Նա կամավորագրվել և առաջնագիծ էր մեկնել Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































