«Ներիր ինձ, հայրենիք, նվաստիս անփառունակ ընթացքի համար: Ներիր, որ չկարողացա կերտել հաղթական երթդ, ու ներիր, որ բոլոր վերքերդ չկարողացա առնել մարմնիս վրա որպես բազմաչարչար օրերիդ մխիթարանք… Ներեցեք ինձ, այսօրվա հրաշք մանուկներ, ներեցեք, որ արյունս բավարար չեղավ փրկել ձեր կյանքերն ու վաղվա սերունդներին: Եվ ներիր ինձ, իմ ազգ, անվնաս երկիր քեզ չնվիրելու համար»,- այս խոսքերի հեղինակը անմահացած Վաչագան Մանուկյանն է՝ բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանի հերոս որդին։
Հուլիսի 7-ին Վաչագանը դառնում է 35 տարեկան, և հենց ծննդյան օրը հերոսի ծննդավայր Էջմիածնում կկայանա Վաչագան Մանուկյանի բրոնզե կիսանդրու բացումը, որը հեղինակը՝ քանդակագործ, Նկարիչների միության անդամ Գրիգոր Գրիգորյանն է։ Aravot.am-ի հետ զրույցում քանդակի հեղինակը ասաց, որ Վաչագանին ճանաչում է մանկուց. «Վաչագանին փոքրուց ճանաչել եմ, Խաչիկի հետ ընկերներ ենք: Իմ արվեստանոցը Խաչիկենց տան հարևանությամբ է գտնվում: Վաչագանը հաճախ էր գալիս իմ արվեստանոց, ընկերների հետ էր գալիս, նաև մենակ էր գալիս, ինձ օգնում էր: Վաչագանը տարբերվող երեխա էր, թույլի կողքին միշտ կանգնած էր, բոլորին հասնող էր: Հերոսի բոլոր հատկանիշներն իր մեջ կային, փոքրուց ինքը շատ լուրջ, կազմակերպված երեխա էր: Հենց մի քիչ մեծացավ, արդեն իրար հետ նաև ընկերություն էինք անում»:
Գրիգոր Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես է քանդակը ստեղծելիս հաղթահարել զգացմունքային պահերը, հատկապես որ ճանաչել է Վաչագանին։ «Շատ բարդ էր… ընդհանրապես հարազատ մարդուն քանդակելը ծանր է, նկարը, որ մոտդ է լինում, նայում ես, անընդհատ այլ ապրումներ ես ունենում, շատ դժվար է…»,- ասաց մեր զրուցակիցը։
Ներկայացնելով իր աշխատանքը՝ Գրիգոր Գրիգորյանը տեղեկացրեց, որ կիսանդրին 60 սմ բարձրություն ունի, իսկ պատվանդանը գրանիտից է։ Նա ասաց, որ քանդակը Վաչագանի ծնողներին, ընտանիքին ու հարազատներին դուր է եկել, ինչի համար ուրախ է, նաև զգացված է, որ հենց իրեն են վստահել քանդակել հերոսին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Վաչագան Մանուկյանն անմահացել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում մղված մարտերի ժամանակ։ Նա կամավորագրվել և առաջնագիծ էր մեկնել Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից։
Ինչ վերաբերում է Գրիգոր Գրիգորյանին, նրա քանդակները տեղադրված են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, Լիբանանում, նա մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների։ Հայաստանում, ի թիվս այլնի, նրա հայտնի գործերից են Էջմիածնում տեղադրված Չարենցի կիսանդրին, Արշակ թագավորի քանդակը՝ Բյուրականի մոտակայքում, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադիա Մուրադի կերպարով արձանը՝ նվիրված ցեղասպանված եզդիների հիշատակին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Գրիգոր Գրիգորյանը խնդրեց քանդակի լուսանկարը նախապես չհրապարակել, նաև համեստորեն հրաժարվեց իր լուսանկարի հրապարակումից։


















































