Օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց մի ձայնագրություն՝ ընտրակաշառք տալ-ստանալու թեմայով, որտեղ հնչում էր նաև Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանի անունը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տարածել էր նաև հետևյալ հայտարարությունը․
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուները նույն դաշինքի համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստակամ անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»։
Կարդացեք նաև
Ձայնագրության հրապարակումից հետո Գյումրու ավագանու ընդդիմադիր ակտիվ անդամին սկսեցին խստորեն քննադատել նրա գործընկերները՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն ու նույն խմբակցությունից Քնարիկ Հարությունյանը։
Առաջինն արձագանքեց Քնարիկ Հարությունյանը՝ գրելով․ «Ընտրակաշառքի վերաբերյալ այսօրվա ձայնագրությունում ուղիղ բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը։
Գիտեք զավեշտը ո՞րն է․ օրեր առաջ այս մարդը լուրջ դեմքով հարցազրույց էր տվել ու ասել հետևյալը․
«Եթե բացառենք ընտրակեղծիքները և բռնաճնշումներն ընդդիմության վրա, ապա միանշանակ ընդդիմությունը կհաղթի ընտրություններում»։
Հավատացեք, էլ բան չկա ավելացնելու։
Ամոթ, ուղղակի ամոթ»։
Սարիկ Մինասյանն էլ առիթը բաց չթողեց մեկ տարի առաջ Գյումրու քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանին ձայն տված Կարեն Սիմոնյանին հիշեցնելու, որ Գյումրիում իշխանափոխություն է լինելու։
Նա, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը, գրել էր․ «Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, իսկ միգուցե անցած տարի էլ ընտրակաշառքի միջոցով գյումրեցիներիցս խլեցիք մեր բարեկեցիկ ու զարգացող ապագան։
Բոլոր ընտրակաշառատուները, ովքեր փողով գնել են մեր երեխաների ապագան, ովքեր փորձում են խլել մեր երկրի ինքնիշխանությունն ու խաղաղությունը, ենթարկվելու են պատասխանատվության։
Գյումրիում իշխանափոխություն լինելու է, դա գյումրեցիների պահանջն է»։
Քիչ առաջ ֆեյսբուք սոցիալական հարթակում իրեն հասցեագրված քննադատություններին արձագանքեց նաև Կարեն Սիմոնյանը։
«Վերջին շրջանում իմ մասին հրապարակվում են նյութեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը և զուրկ են փաստական հիմքերից։
Ես չեմ պատրաստվում ներքաշվել անհիմն մեղադրանքների, անձնական բնույթի հարձակումների կամ արհեստականորեն ստեղծված քննարկումների մեջ։
Յուրաքանչյուր նման հրապարակում առաջին հերթին բնութագրում է ոչ թե այն անձին, ում հասցեագրված է, այլ դրա հեղինակների և պատվիրատուների արժեհամակարգը, ներքին բարոյական չափանիշներն ու հանրային պատասխանատվության ընկալումը։
Համոզված եմ, որ հասարակությունը կարողանում է տարբերակել փաստը շահարկումից, իսկ արժանապատիվ խոսքը՝ վիրավորանքից ու մանիպուլյացիայից։
Իմ գործունեությունը շարունակելու եմ առաջնորդվել թափանցիկության, պատասխանատվության և հանրային շահի սկզբունքներով՝ չշեղվելով այդ արժեքներից»,- գրել է Գյումրու ավագանու անդամը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































