Լրահոս
Օրվա լրահոսը

Նախապես ասել չեն կարող, բայց եթե հայտարարում են, որ անձի մուտքը ՀՀ արգելված է, անպայման պատճառը պետք է ասեն. Հովհաննես Քոչարյան. «Հրապարակ»

Հունիս 24,2026 10:45 Share

Մեր զրուցակիցը նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանն է:

– Սփյուռքում ապրող այն հայերը, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին, Հայաստան չեն կարողանում այցելել․ նրանք պերսոնա նոն գրատա են հայտարարված, նրանց անգամ չեն բարեհաճում բացատրել, թե ինչու: Գալիս հասնում են «Զվարթնոց» եւ իմանում, որ իրենց մուտքը փակ է: Օրինակ, Մուրադ Փափազյանը, Անդրանիկ Միհրանյանը եւ այլք։ Արգելված է բացառապես Փաշինյանին քննադատողների մուտքը: Օրենքի տեսանկյունից ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

– Այս հարցը, որի մասին խոսում ենք, ունի հստակ օրենսդրական կարգավորում, օտարերկրացիների մասին ՀՀ օրենքով սահմանված հոդված էլ կա: Օրենքը հստակ ասում է, թե որ դեպքերում կարող են այլ պետության քաղաքացիներին Հայաստանում արգելված անձ համարել: Նման նախադեպ կարող է լինել, եթե, օրինակ, անձը Հայաստանի համար սպառնալիք է ներկայացնում իրենից, ինչի վերաբերյալ նախապես ծանուցելու պարտականություն Միգրացիոն ծառայության վրա դրված չէ:

– Խոսքն ի՞նչ տեսակ սպառնալիքի մասին է:

– Օրինակ, Հայաստանի Հանրապետությանն ուղղված սպառնալիք, իբրեւ մարդը կարող է գալ Հայաստան եւ այնպիսի գործունեություն իրականացնել այստեղ, որը պետության շահերին կվնասի: Այդ կարգի ձեւակերպումներ կան օրենքում, սակայն օրենքի այդ կետերը կան մի շարք այլ երկրների օրենքում: Եվ հենց օրենսդրական այդ կարգավորումներն են ԱԱԾ-ին թույլ տալիս, որ նման եզրակացություններ կազմվեն, եւ մարդուն համարեն անցանկալի անձ: Պրակտիկայում չկա նման նախադեպ, որ անձը կարողանա բողոքարկել այդ որոշումը: Կարող է, իհարկե, փորձել, բայց պատկերացրեք` մարդը եկել է Հայաստան եւ տեսել, որ իր մուտքը փակ է, ի՞նչ պետք է անի այդ պահին, շոկի մեջ ընկնելուց բացի….

– Օրենքի սահմանո՞ւմ է, երբ մարդկանց անգամ չեն ասում պատճառը, թե ինչու են անցանկալի անձ համարում:

– Նախապես ասել չեն կարող, բայց եթե հայտարարում են, որ տվյալ անձի մուտքն արգելված է, ապա նաեւ պետք է ասեն` երբ եւ ինչու: Եթե դա չեն անում, ուրեմն սխալ է, անպայման պատճառը պետք է ասեն:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930