«Տարիների ընթացքում փորձում էինք կառչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթից՝ վառ գիտակցելով, որ այն ստորագրողների համար արժեք չունի։ Որովհետև առաջին իսկ օրերին Բաքվի բռնապետը չհարգեց իր ստորագրությունը, և դրան հաջորդեց նրա ենթակայի նմանատիպ պահվածքը՝ ՀՀ իշխանությունների ղեկավարի կողմից։ Նա ևս չհարգեց այդ փաստաթղթի տակ դրած իր ստորագրությունը՝ ողջ մեղքը բարդելով երրորդ կողմի՝ ՌԴ-ի վրա»,- այսօր՝ Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից վեց տարի անց, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով համաձայնագրին, ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի ու ՀՀ մի շարք հասարակական ու ընդդիմադիր քաղաքական գործիչներ Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Կարդացեք նաև
Մետաքսե Հակոբյանի. «Այդ փաստաթղթի ստորագրումից վեց տարի անց հստակ հաստատվեց, որ այո՛, այդ փաստաթուղթը, համենայնդեպս, ոչ այն կետերը, որոնք ի շահ Արցախի ու Հայաստանի էին, ձեռնտու էին Ադրբեջանին։ Այն առ այսօր շարունակում է օգտագործել և հենց այդ փաստաթղթի հիման վրա առաջադրել իր պահանջները ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ։
Միգուցե զենքերի ձայները լռեցին նոյեմբերի 9-ին, և մենք այդ կերպ պատկերացրինք ու ձևակերպեցինք դա որպես պատերազմի ավարտ։ Բայց շատ լավ հասկանալով, որ հենց այդ փաստաթղթի շրջանակներում ՀՀ իշխանությունները, իրենք չօգտագործելով այդ փաստաթուղթը, հնարավորություն տվեցին ադրբեջանցիներին դեռևս առանց զենքերի ձայնի ու ռումբերի պայթյունի շարունակել պատերազմը և օգտագործել այդ փաստաթուղթը։ Ունենք հստակ տարվող պատերազմ։ Միգուցե զոհեր չունենք այդ պատերազմում, բայց այդ պատերազմի շրջանակներում կան Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների նկատմամբ հստակ պահանջներ»։
Անդրադառնալով գերիների վերադարձի հարցին՝ Հակոբյանը զարմանք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե այդ հարցերով դիմում են երրորդ երկրներին, սակայն արդյունքի չեն հասնում, այն դեպքում, երբ միաժամանակ հպարտանում են, որ ադրբեջանցիների ու թուրքերի հետ ունեն այնպիսի հարաբերություններ, որ կարող են համապատասխան գործընկերոջ հետ հեռախոսազանգով հարցեր քննարկել ու լուծել։
«Երբ ամպագոռգոռ հայտարարություններ են հնչում խաղաղության հզոր գործընթացի մասին, և որ երկու պետությունները գնում են դրան, առնվազն շատ փոքրիկ հարց է հումանիտար հարցերի լուծումը, այդ թվում՝ մեր գերեվարված ու պատանդառված հայրենակիցների վերադարձը, որն ունի շատ ավելի պարզ լուծում։ Որովհետև խաղաղության գործընթացը քաղաքական գործընթաց է, և դրա մեկնարկին պետք է լուծված լինեին բոլոր հումանիտար հարցերը, ու վաղուց արդեն, առանց նախապայմանների, մեր հայրենակիցները պետք է իրենց տներում լինեին։ Սրանք հերթական մանիպուլյացիաներն ու կեղծիքներն են»,- ասաց Հակոբյանը։
Ամփոփելով իր խոսքը արցախցի պատգամավորն ասաց. «Ամոթ էր ունենալ այսպիսի ղեկավարներ և թույլ տալ նման ղեկավարներին անել այն, ինչ իրենք արեցին: Հայրենիքը հնարավոր է կորցնել պատերազմի ժամանակ, այն հնարավոր է նաև հետ բերել, բայց երբեք չես կարող հետ բերել Եռաբլուրում հանգչող նահատակներին»:
Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվեց Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որով ավարտվեց 44-օրյա արցախյան պատերազմը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթուղթն ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ից։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ






















































