Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մարդիկ սակարկության առարկա չեն։ Նրանց չի կարելի օգտագործել որպես քաղաքական լծակ»․ ԱՄՆ կոնգրեսականը՝ հայ ռազմագերիների և նրանց ընտանիքների մասին

Հունիս 24,2026 16:16 Share

«Այս մարդիկ սակարկության առարկա չեն։ Նրանց չի կարելի օգտագործել որպես քաղաքական լծակ։ Նրանք հայրեր են, մայրեր, որդիներ և դուստրեր։ Նրանց ընտանիքները չափազանց երկար են սպասել՝ ավելի քան 1000 օր։ Ժամանակն է նրանց տուն վերադարձնելու։ Եվ մենք շարունակելու ենք միասին աշխատել ոչ միայն այս նպատակին հասնելու համար, այլ որպեսզի ապագայում կարողանանք պահպանել և պաշտպանել հայ ժողովրդին, նրա իրավունքներն ու ժառանգությունը»,- Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան։

Նա փաստեց՝ արդեն 1000 օր է, ինչ հայ ռազմագերիների ընտանիքները սպասում են պատասխանների։ Սպասում են, որ իրենց հարազատները վերադառնան տուն․ «Մենք այսօր այստեղ ենք, որովհետև կարևոր է երբեք չմոռանալ Ադրբեջանի շարունակվող հանցագործությունները։ Չնայած բոլոր այն փորձերին, որոնք արվում են իրականությունը քողարկելու համար, բայց ակնհայտ է՝ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել կատարել իր ստանձնած պարտավորությունները»։

Ըստ ԱՄՆ կոնգրեսականի՝ Ադրբեջանն իր վրա է վերցրել Արցախում՝ իրենց հայրենիքում ապրող ժողովրդի հողը բռնի ուժով զավթելու և այնտեղ ներխուժելու պատասխանատվությունը․ «Արցախը ավելի քան 120 հազար հայերի հայրենիքն էր։ Այնտեղի համայնքները, գյուղերը, եկեղեցիները և պատմական շատ հուշարձաններ ոչնչացվել են Ադրբեջանի կողմից։ Սակայն այս ոճրագործությունները դրանով չեն սահմանափակվում։ Դրանք, անկեղծ ասած, տասնամյակների պատմություն ունեն։ Ես Կալիֆոռնիայից եմ, որտեղ տարիներ առաջ բնակություն հաստատեցին բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնց նախնիները փրկվել էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից՝ Հայոց ցեղասպանությունից։ Նրանք կարողացան փախչել և նոր կյանք սկսել տարբեր երկրներում։ Ես մեծացել եմ այդ ընտանիքների կողքին։ Ես ճանաչում էի այդ մարդկանց, ընկերություն եմ անում նրանց երեխաների հետ։ Դեռ փոքր հասակից մեր հարևաններից լսել եմ այդ պատմությունները և սովորել հայ ժողովրդի պատմությունը»։

Հայ ռազմագերիների պահումը ադրբեջանական բանտերում ըստ ԱՄՆ կոնգրեսականի՝ միջազգային իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է․ «Դա հաջորդեց Արցախի 120 հազար հայերի բռնի տեղահանությանը՝ մարդկային ողբերգություն, որն աշխարհը չի կարող և չպետք է մոռանա։ Այս շաբաթ Կոնգրեսը հնարավորություն ունի գործելու։ Դա չափազանց կարևոր է, և մենք բոլորս պետք է աջակցենք այդ ջանքերին։

Ես ներկայացրել եմ ևս մեկ օրենսդրական փոփոխության առաջարկ, որի նպատակն է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Իմ առաջարկով նախատեսվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ցանկացած անվտանգության աջակցություն, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը իրական և նշանակալի քայլեր չի ձեռնարկել հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակման ուղղությամբ և դուրս չի բերել իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքներից։ Ե՞րբ է դադարելու ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը։

Մենք այստեղ ենք նաև հիշեցնելու միջազգային հանրությանը, որ անհրաժեշտ է պաշտպանել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, այն հուշարձաններն ու արժեքները, որոնք այսօր վտանգված են։

Այսօր ես ուղղակի կոչ եմ անում՝ Ադրբեջանը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանի ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց։ Ես նաև կոչ եմ անում այս վարչակազմին օգտագործել բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցներն այդ նպատակին հասնելու համար։ Ես այդ մասին ասել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Հստակ նշել եմ, որ անհրաժեշտ է ավելի վճռական գործել։ Նա ասաց, որ աշխատում են այդ ուղղությամբ։ Սակայն ես պատասխանեցի, որ միայն աշխատելը բավարար չէ։ Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները, որպեսզի Ադրբեջանը լսի այս պահանջը։

Կոնգրեսում տեղի ունեցած ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930