Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդար որոշումն այն կլիներ, որ ֆիքսեին այն ահռելի խախտումները, որոնք թույլ է տվել «Քաղաքացիական պայմանագիրը». Լևոն Քոչարյանը ՍԴ-ից արդարության որևէ ակնկալիք չունի

Հունիս 24,2026 20:30 Share

«Կարծում եմ, ձերբակալություններով քաղաքական ճնշումներն իշխանությունը կշարունակի։ Տեսնում ենք այն լկտիությունը, ապօրինությունը, որն արվում է ամեն օր։ Կարծում եմ, իրենք հատուկ են պահում, որ ամեն օր այսպես մի լուր ունենան։ Ընտրություններից հետո քանի դեպք եղավ՝ Ռուբեն Հակոբյանի դեպքը, մինչև այդ՝ Անդրանիկ Թևանյանը, հիմա՝ Չալաբյանը։ Ուրիշ է՞լ ինչ դեպքեր կան։ Ամեն օր մի նոր ձայնագրություն է լինում։ Օրինակ, այսօր նորից ընտրակաշառք կոչված ձայնագրություն դրվեց, որտեղ, անկեղծ ասած, չեմ հասկանում, ինչն է ընտրակաշառքի մասին։ Նույնիսկ ձայնագրության վերջում մարդն ասում է՝ ոչ մեկի փող չենք բաժանում, փող չենք տալիս։ Այսինքն, միշտ էսպես ժողովրդին լարվածության մեջ պահել, ինչ-որ բան ցույց տալ, մոլորեցնել։ Այնպես որ, կարծում եմ, շարունակվելու է»,- լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով իշխանությունների բռնաճնշումները շարունակվելու մասին հարցին։

«Հայաստան» դաշինքի և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջև քննարկումների, համագործակցության և հետընտրական կոալիցիա կազմելու մասին դիտարկմանը Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Քննարկումներ կան։ Ունենք ինչ-որ համագործակցություն, հետընտրական կոալիցիայի ձևավորման քննարկումներ։ Բոլորիս ուշադրությունն արդեն երկու օրից կլինի Սահմանադրական դատարանի վրա։ Երբ որ լինի հայտարարություն անելու արդեն պատրաստ որևէ բան, կարծում եմ, կարվի»։

Լևոն Քոչարյանը տեղեկացրեց նաև, որ ընդդիմադիր երկու ուժերի ղեկավարները չեն հանդիպել, և դրա մասին ասվել է. «Բայց եթե կարիք լինի, կհանդիպեն, կզրուցեն։ Այստեղ ոչ մի խնդիր չկա»,- ասաց պատգամավորը, բայց գերադասեց չպատասխանել միասնական հանրահավաք կազմակերպելու, դրա ժամկետների, վայրի և օրակարգային խնդիրների վերաբերյալ հարցին. «Եկեք, ես հիմա առաջ չընկնեմ։ Այս առումով, եթե կլինի համատեղ հայտարարություն, կարվի»։

Ընդդիմադիր պատգամավորը ՍԴ-ից որևէ դրական ակնկալիք չունի. «Ես արդար որոշում չեմ սպասում։ Արդար որոշումն այն կլիներ, որ ֆիքսեին այն ահռելի խախտումները, որոնք թույլ է տվել «Քաղաքացիական պայմանագիրը»։ Դրանք բազմաթիվ են, ու հիմնականը վերաբերում է ավելի շատ քարոզարշավի փուլին։ Այնտեղ տարբեր հիմքերով ներկայացվել է։ Բայց մեծ մասը նաև իրենց արած ծախսերի հետ է կապված, ինչը մենք, համոզմունք ունենք, որ շատ ավելի քիչ է գրվել, քան իրական ծախսերն են։ Դա բոլորիս աչքի առաջ է։ Մյուս կարևոր կտորը կա, որը վերաբերում է մատյանում փաստացի ստորագրություններին, որոնց տարբերությունը մոտ 30 հազար է։ Այսինքն, 30 հազար ստորագրություն մատյաններում պակաս է, քան իրենք ասել են։ Հիմնականը սա է։ Մյուսը նույնն է, ինչ ասացի խոսակցության սկզբում, որ իրավապահ մարմինների հայտարարություններն օգտագործվում են ոչ թե հանցագործություններ կանխելու կամ բացահայտելու համար, այլ քարոզչական նպատակներով։ Ու այնուհետև դա դառնում է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների՝ հակառակորդների վրա ազդելու, ճնշելու, քարոզչական դաշտում մարդկանց մոլորեցնելու միջոց։

Մի շատ կարևոր բան էլ ասեմ։ Փաստորեն, Սահմանադրական դատարանի երկու դատավորի չեն թողել մասնակցել գործի քննություններին։ Բայց չգիտես ինչի, մեկ այլ դատավորի, օրինակ՝ Սեդա Սաֆարյանին, թույլատրվել է մասնակցել այն դեպքում, որ Սեդա Սաֆարյանը 2021 թվականին, եթե չեմ սխալվում, եղել է Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի երրորդ համարը։ Ու հիմա բողոքներից մեկն էլ հենց Բաբաջանյանն է բերել Սահմանադրական դատարան»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930