«Ռուսաստանը դեռ շատ մեծ լծակներ ունի։ Եթե ամեն ինչ մնա այսպես, մենք Ռուսաստանից ավելի կոշտ գործիքակազմ կտեսնենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը՝ խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածության խորացման մասին։
Վերլուծաբանն ասում է՝ միայն գյուղմթերքի ներմուծման արգելումը կոշտ գործիքակազմ չէ։ Օրինակ, Ռուսաստանն առայժմ չի արգելում գումարների փոխանցումը, ինչն անցած տարի միայն բանկային համակարգով եղել է մոտ 3,9 մլրդ դոլար։ Ռուսաստանը մեծ սահմանափակումներ չի կիրառում աշխատանքային միգրանտների նկատմամբ և այլն։
Նա գտնում է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կկարգավորվեն, եթե մեր երկիրը չշարունակի դեպի Եվրամիություն իր շփումների ակտիվությունը։ Բայց քանի որ հիմա հակառակ միտումն է, դա կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը մեր երկրի նկատմամբ կսկսի կիրառել է՛լ ավելի կոշտ գործիքակազմ։
Բենիամին Պողոսյանը հիշեցնում է Վրաստանի օրինակը, որը Միխայիլ Սահակաշվիլու կառավարման տարիներին գտնվում էր Ռուսաստանի շատ խիստ սահմանափակումների տակ։ Իսկ արդեն նրան հաջորդած Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցության իշխանության շրջանում այդ պատժամիջոցները մեղմվեցին։ Նույնը կարող է լինել Հայաստանի դեպքում, եթե ռուսամետ ուժեր գան իշխանության և դադարեցնեն Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։


















































