Այսպես կոչված՝ «արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը պետք է դառնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի քննարկումների մաս: Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր, կառավարող կուսակցության անդամ, «Արեւմտյան Ադրբեջան» կոչվող հասարակական նախաձեռնության ղեկավար Ազիզ Ալեքբերլին:
Հայաստանում կա՞ մարդ, որի համար նրա հայտարարությունը կարող է լինել անսպասելի կամ զարմանալի: Եթե այո, ապա այդ մարդը ֆիզիկապես գտնվելով Հայաստանում, մտքով ու հոգով թերեւս շատ վաղուց գտնվում է այլ տեղերում: Այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջան» նախագիծը պաշտոնական Բաքուն միանգամայն բաց տեքստով առաջ է մղում վաղուց, եւ այն էլ պաշտոնական ամենաբարձր մակարդակով:
Իհարկե, նույն բարձր մակարդակով Երեւանը հայտարարում է, թե չկա այդպիսի հարց: Միայն թե հայտարարում է ի պատասխան Հայաստանի ընդդիմության եւ հանրային տարբեր շրջանակների մտահոգությունների, այլ ոչ թե ի պատասխան Ադրբեջանի: Օրինակ, Երեւանից այդպես էլ որեւէ արձագանք չհնչեց, երբ օրերս Հայաստանին սահմանակից նախիջեւանյան Օրդուբադում կազմակերպված՝ «Արեւմտյան Ադրբեջանի» թեմայով համաժողովի ընթացքում Ադրբեջանի կրթության ու գիտության նախարարը «Արեւմտյան Ադրբեջան» կոչված մորմոքը հայտարարեց ռազմավարական առաջնահերթություն, այն էլ ադրբեջանական ինքնության ու երիտասարդների դաստիարակության հարցում:
Փաստացի, Ադրբեջանի կառավարության անդամը հայտարարում է, որ Հայաստանի հանդեպ հավակնությունը իրենց համար ընդհուպ ինքնության հարց է: Իսկ պաշտոնական Երեւանի համար՝ դա լռության հարց է: Գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե՝ եթե մենք լռենք, Ադրբեջանն էլ չի խոսի:
Կարդացեք նաև
Այս իմաստով հիշեցի հեռավոր 2008-09 թվականների տնտեսական համաշխարհային ճգնաժամի շրջանը: Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունն ասում էր, որ, եթե չխոսենք ճգնաժամի մասին, ճգնաժամն էլ չի իմանա մեր տեղը: Ճգնաժամն իհարկե բավականին իրազեկ էր, ու չնայած լռությանը, Հայաստանի տեղն իմացավ ու Հայաստանն արձանագրեց աշխարհում այդ շրջանում տնտեսական անկման ամենաբարձր ցուցանիշներից մեկը՝ ավելի քան 14 տոկոս:
Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է դե ֆակտո ասում, որ, եթե մենք չխոսենք, Ալիեւը չի իմանա «մեր տեղը»: Բայց, արի ու տես, որ Ալիեւը «մեր տեղը գիտի», ու պարբերաբար խոսում է «ադրբեջանցիների վերադարձ» կոչվածի մասին՝ անձամբ կամ ենթակաների շուրթերով, որ չմոռանա «մեր տեղը» երբեք, մինչեւ մեզ մոտ կտեղավորի ադրբեջանցիներին:
Ընդ որում, նա գործում է ոչ միայն բաց, այլ նաեւ բավականին երկարաժամկետ: Իսկ դա վկայում է այն մասին, որ նա վստահ է այն օրակարգի հարցում, որ բարձրաձայնում է, այն դիտարկելով առհասարակ՝ խաղաղության պայման: Ու, երբ Երեւանը այդ ամենին ունի մեկ պատասխան՝ լռություն, ապա դա այն տարբերակն է, երբ լռությունը համաձայնության նշան է, ոչ թե դիվանագիտական հմտության:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


















































