Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը մե՛կ իրեն համեմատում է Քրիստոսի հետ, մե՛կ` Պապ թագավորի, բայց այդ համեմատություններն արժեք չունեն». պատմաբան. «Հրապարակ»

Հունիս 25,2026 10:59 Share

Հունիսի 23-ի նիստում Երեւանի ավագանին որոշում ընդունեց մայրաքաղաքի Ամիրյան փողոցը վերանվանել Պապ թագավորի անվամբ։ Հարցը նախկինում մի քանի անգամ քննարկվել էր, մերժվել, բայց այս անգամ ընդգրկվել էր չզեկուցվող հարցերի փաթեթում՝ հավանաբար, աղմուկից խուսափելու համար, ինչը չհաջողվեց: Բացասական մեկնաբանությունները շատ են:

Ինչո՞ւ է Փաշինյանն այսքան կպած Պապ թագավորի կերպարին: Պապին նա հաճախ է հիշատակում ելույթներում եւ հարցազրույցներում, երբ խոսում է պետություն-եկեղեցի հարաբերությունների, ինքնիշխանության ամրապնդման, «իրական Հայաստանի» մասին: 19 թվականին սփյուռքյան մի հանդիպման ժամանակ ասել էր, որ հաճախ է մտածում Պապ թագավորի մասին, որի օրոք «մեր պատմության ընթացքը խաթարվեց»։ Ըստ Փաշինյանի՝ Պապ թագավորը փորձում էր փոխել Հայաստանի եւ հայ ժողովրդի կարգավիճակը: 24 թվականին, բյուջեի քննարկումների ժամանակ, նա իրեն եւ իր կառավարությանը համեմատեց Պապ թագավորի հետ՝ հայտարարելով, որ երբ Պապ թագավորը եկավ իշխանության, «տեսավ, որ բյուջեն դատարկ է», իսկ եկեղեցին ու վանքերը տիրում են երկրի հողերին եւ ազատված են հարկերից։ Ու դրանից հետո սկսեց պայքարը հայոց եկեղեցու դեմ: Ահա թե ինչու է Փաշինյանը սիրում Պապ թագավորին՝ նրա հակաեկեղեցական հայացքների համար, կարծում է պատմաբան եւ դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանը:

Ինչով է Պապ թագավորը, որը մեր պատմության հակասական կերպարներից է, կարճ թագավորած, ըստ որոշ տվյալների` արվամոլ, Եկեղեցու դեմ պայքարած գործիչ, արժանի, որ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչեն նրա անունով՝ հարցրինք Ղուկասյանին։ «Այո, կան հակասական կարծիքներ Պապ թագավորի մասին, բայց Փաշինյանն ընտրել է նրան` առանց հասկանալու, որովհետեւ նա պայքարել է Եկեղեցու դեմ, ու համարում է, որ ինքն էլ է նրա նման պայքարում Եկեղեցու դեմ` հանուն Հայաստանի Հանրապետության: Բայց Պապ թագավորին նրա հետ համեմատելն ամոթ է, սարերի ու ձորերի տարբերություն կա նրանց միջեւ, Պապ թագավորը դա անում էր ոչ թե Եկեղեցուն նսեմացնելու ու ջարդելու համար, այլ կենտրոնական իշխանությունն ամրապնդելու, ելնում էր Արշակունիների եւ մեր ժողովրդի շահերից: Նա ազգային մեծ գործիչ էր, հոգեւորական հեղինակների մի մասը նրա այդ քայլը չէր կարողանում գնահատել ու համարում էր Եկեղեցու դեմ ուղղված: Այդ հեղինակները՝ բոլորը եկեղեցական գործիչներ էին: Իսկ Փաշինյանը մե՛կ իրեն համեմատում է Քրիստոսի հետ, մե՛կ` Պապ թագավորի, բայց այդ համեմատություններն արժեք չունեն»:

Ինչո՞ւ են այսքան վերանվանումներ իրականացվում հիմա: «Ռեսուրսային կամ բյուջետային ընտրակաշառքով իշխանությունը պահած մարդիկ փորձում են ընտրակաշառքի մեղքը բարդել ժողովրդի վրա ու դրա հետ մեկտեղ էլ խաղալ ժողովրդի զգացմունքների հետ: Այդ զգացումներից մեկն էլ հենց անվանափոխությունների մեջ է»,- պատասխանում է պատմաբանը: Նա բարձր կարծիք ունի Պապ թագավորի մասին՝ որպես պատմական կերպարի: «Նա մեր ժողովրդի մեջ սիրված անձնավորություն է, որը հսկայական դեր ու ներդրում ունի: Բայց իշխանությունը, նրա կերպարն օգտագործելով, փորձում է նսեմացնել 10-20-ական թվականների հայ հեղափոխական գործիչների անունն ու կատարած գործը: Եվ դրանցից մեկն էր մեր հեղափոխության, մեր պատմության մեջ մեծ դեր խաղացած Արսեն Ամիրյանը: Նրան կպչելով՝ խաղում են մարդկանց զգացմունքների հետ, հակառակ դեպքում, նրանք այս քաղաքական ճգնաժամի պայմաններում այսպիսի հարց չէին բարձրացնի»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930