Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի զավթողական քաղաքականության մասին հարցերին։ Ադրբեջանի իշխանությունների հովանու ներքո կազմակերպվում են այսպես կոչված փառատոններ, որոնց շրջանակներում հավակնություններ են ներկայացվում ՀՀ տարածքի նկատմամբ։
«Հիմա քննարկվում է, որ ԱՄՆ Սենատում ձեր ասած թեմայով միջոցառում է տեղի ունենալու, բայց լռության է մատնվում այն, որ ընդամենը 10 օր առաջ հայկական կազմակերպություններն օրակարգ են մտցրել հարց, որը վերաբերում է Ղարաբաղյան շարժման շարունակությանը։ Ես էլի ուզում եմ շատ հստակ լինի՝ քանի Ազգային ժողովի դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այս խոսույթը ՀՀ-ում շարունակվում է, դա հայելային ձեւով շարունակվելու է։ Դա ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոն է։ Ես ասում եմ, որ այդ ամենը չունի գործնական կիրառական նշանակություն եւ չի ունենալու գործնական կիրառական նշանակություն, քանի դեռ մենք իշխանություն ենք եւ այդ հարցում հստակ դիրքորոշում ենք արտահայտում»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը դարձյալ մեղադրեց հայաստանյան ընդդիմությանը եւ ՀՅԴ Հայ դատին․ «Հայաստան» դաշինքի առաջնորդն ասում է՝ 29 743 քկմ-ով չպետք է բավարարվի Հայաստանի Հանրապետությունը, բա ի՞նչ պետք է անի։ Բոլորը լսում են, չէ՞, թե Հայաստանում ինչ են խոսում, ինչ է կատարվում։ Ես շատ ուղիղ ասում եմ՝ Միացյալ Նահանգների դաշնակցական լոբբինգն ինչքան այդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, այսինքն՝ ցանկացած քայլ, որը հակասում է ՀՀ ժողովրդի կատարած ընտրությանը, բերելու է հայելային արձագանքների։ Ժողովուրդն ասել է, որ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Սա է պատճառը, որ ես շարունակում եմ պնդել, որ մենք ամեն հնարավոր քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն, այդ թվում՝ այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն այս տեսլականի օգտին քվեարկել է։ Դա մենք գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ եւ մեր լիազորությունների եւ օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք դա կասեցնելու համար»։
Նա նշեց, որ իր առաջարկած «ռազմավարական գործարքը» այն մասին է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն։ Դիտարկմանը, որ Հայաստանում իշխանության մակարդակով հայտարարում են, թե «Ղարաբաղյան շարժման հարցը փակում են», բայց Ադրբեջանում շարունակում են պետական մակարդակով այսպես կոչված «վերադարձի» ծրագրեր մշակել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես չեմ վիճում ձեզ հետ, եթե պետք է բանավիճենք, բանավիճենք, բայց ես ձեզ պետք է ներկայացնեմ հարցի կոնտեքստը»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին, թե այդուհանդերձ ի՞նչ գնահատական ունի ՀՀ իշխանությունը Նախիջեւանի Օրդուբադ քաղաքում տեղի ունեցած այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան վերադարձի» փառատոնի մասին, ոչ ՀՀ ԱԳՆ-ն է արձագանքել, ոչ էլ վարչապետի աշխատակազմը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Դա ընդունելի չէ, բայց մյուս կողմից ես գիտեմ, թե դա ինչ պատճառահետեւանքային կապեր ունի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































