Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հարց էր հնչեցնում՝ «ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները», Նախիջևանի Օրդուբադ քաղաքում այդ նույն րոպեներին ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը, որին մասնակցում էին նաև գիտնականներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:
Համաժողովի ժամանակ ադրբեջանցիները ոչ միայն Հայաստան իրենց վերադարձի ցանկությունից խոսեցին, այլ նաև հստակ պահանջներ, ուղիղ սպառնալիքներ հնչեցրին Երևանի հասցեին: Ադրբեջանի պետական լրատվամիջոցները երեկվանից պատառիկներ են ներկայացնում միջոցառումից:
«Ղարաբաղից հետո հաջորդ նպատակը Զանգեզուրն է», – ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է ադրբեջանցիներից մեկը:
Կարդացեք նաև
Մեկ այլ բնակիչ էլ, նույն լրատվամիջոցների փոխանցմամբ, նշել է. «Հույս ունեմ՝ շուտով կհանդիպենք նաև Գյոյչայում»:
Ադրբեջանցի լրագրողներն այս մարդկանց ներկայացնում են որպես միջոցառման մասնակիցներ, որոնք հուշեր ունեն անցյալից։ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության նախագահ և Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Էլեքբերլին ավելի հեռուն գնաց. «Լավ կլինի, եթե Հայաստանի ղեկավարությունը, քանի դեռ ուշ չէ, ընդունի այս իրողությունը, և համաձայնություն տա, ապահովի, որպեսզի այդ մարդիկ խաղաղ ճանապարհով վերադառնան իրենց հայրենի բնակավայրեր։ Հակառակ դեպքում, բնականաբար, ցանկացած այլ եղանակով այդ մարդկանց վերադարձը իրենց նախնիների հայրենիք անխուսափելի է»։
Օրդուբադում էր նաև Ազգային ժողովի փոխնախագահ Զիյաֆեթ Ասքերովը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, երեկ էլ իր ելույթում հայտարարել էր. «Նոր իրողությունների պայմաններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» հարցը սահմանել է որպես ազգային օրակարգի կարևոր ուղղություններից մեկը»:
«Խոսքը պարզապես մեր հողերը վերադառնալու, այնտեղ ապրելու, նախնիների հայրենի բնակավայրերը վերադառնալու և մեր կյանքը շարունակելու մասին է», – նշել է նա։
Ի դեպ, բարձրաստիճան պաշտոնյան այս հարթակն էլ բաց չթողեց ևս մեկ անգամ հիշեցնելու հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու Բաքվի պահանջը՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր հարաբերությունների ձևավորման հնարավորություններ են ստեղծվում։ Սակայն դեռ կան իրավական հարցեր, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումը։ Եթե այդ գործընթացները տեղի ունենան, կբացվեն նոր հնարավորություններ քաղաքական, տնտեսական և մարդասիրական համագործակցության համար։ Նպատակն է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովումը։
Ադրբեջանը շարունակելու է իր քաղաքականությունը՝ առաջնորդվելով ազգային շահերով», – ասել է Ազգային ժողովի փոխնախագահ։
Զիյաֆեթ Ասքերովի խոսքերը մեջբերելիս ադրբեջանցի լրագրողը նաև ընդգծում էր՝ վերադարձի հայեցակարգը ներառում է հարյուր հազարավոր մարդկանց անվտանգ և իրավական վերադարձը։
Չնայած Բաքվից արդեն տևական ժամանակ հնչող պահանջին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար պնդում է՝ խաղաղության հաստատմամբ փակում են և՛ Ղարաբաղյան շարժումը, և՛ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող հարցը:
«Մենք փակել ենք 500 հազար հայի Ադրբեջան վերադառնալու թեման և դրանով իսկ փակել ենք ադրբեջացիների վերադառնալու թեման», – հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































