Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման անարդար որոշումները՝ պրոֆեսիոնալին ազատել միայն այն պատճառով, որ հարազատը Փաշինյանի տեսակետից տարբերվող դիրքորոշում ունի, նվաստացուցիչ է բոլորիս համար»

Հունիս 27,2026 11:40 Share

Ընդդիմադիր Էդգար Ղազարյանի քույրը՝ դեղերի փորձագիտական կենտրոնի 30 տարվա աշխատակից Լիլիթ Ղազարյանը երեկ ծանուցվել է աշխատանքային պայմանագրի լուծարման մասին։ Անակնկալ չէր՝ դեպքերը սկսել էին զարգանալ ընտրությունների հենց հաջորդ օրը։

«Տնօրենն ինձ հայտնեց, որ ես պետք է դիմում գրեմ աշխատանքից ազատվելու վերաբերյալ։ Հիմնավորումը հենց այդպես էլ ներկայացրեց, որ ասվել է, որ ես պետք է դիմում գրեմ՝ աշխատանքից հեռանալու համար»,- «Ազատությանը» պատմել է Լիլիթ Ղազարյանը:

Ղազարյանը վերջին 22 տարին կառույցի փոխտնօրենն էր։ Պնդում է՝ մշտապես իր գործով՝ դեղերի որակի անվտանգության շրջանառության կարգավորմամբ է զբաղվել։ Եղբոր թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կեցվածքը մինչև վերջերս որևէ ազդեցություն չեն ունեցել։

«Իմ եղբայրը նաև տարբեր պաշտոններ է զբաղեցրել. եղել է մարզպետ, եղել է դեսպան, բայց դա էլ չի անդրադարձել իմ մասնագիտական գործունեության վրա։ Ես մշտապես եղել եմ իմ տեղում և հնարավորինս պատշաճ իրականացրել եմ իմ գործը»,- շեշտում է Ղազարյանը։

«Ասվել է՝ հայտնի պատճառներով: Թե որոնք են այդ հայտնի պատճառները, ես կարող եմ կապել միայն իր հետ, որովհետև կոնկրետ իմ գործունեության հետ կապված որևէ բացթողում, որևէ անճշտություն, որևէ թերացում չի արձանագրվել»,- նշում է ընդդիմադիր Էդգար Ղազարյանի քույրը՝ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի նախկին փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը:

Դեղ ներմուծող ու դեղատնային ցանցի հիմնադիր Վահե Վարսանյանը «Հետքին» ասել է․

Ընտրություններից անմիջապես հետո Դեղերի փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանին պարտադրել են աշխատանքից ազատման դիմում գրել: Նա ոլորտի ամենակոմպետենտ մասնագետներից է. բոլոր կարևոր որոշումներում նրա դիրքորոշումը կարևոր էր Առողջապահության նախարարության համար: Այդպես էր հատկապես վերջին տարիներին:

Նման անարդար որոշումները՝ պրոֆեսիոնալին ազատել միայն այն պատճառով, որ հարազատը Փաշինյանի տեսակետից տարբերվող դիրքորոշում ունի, նվաստացուցիչ է բոլորիս համար, այդ թվում նվաստացուցիչ պետք է լինի նաև Փաշինյանին իրենց ձայնը տված քաղաքացիների համար: Ստեղծվում է միջավայր, որտեղ կարծիք արտահայտելուց առաջ պարտադրվում է մտահոգվել՝ դնե՞լ հարազատիդ հարվածի տակ, թե՞լինել քաղաքացի: Իշխանությունը բոլորիս առաջարկում է այս դիլեման:

Ստալինի ժամանակ հետապնդվում էին ոչ միայն զոհերը, այլև նրանց հարազատները: Ռեպրեսիվ մարմիններն ընտանիքի անդամներին հատուկ կարգավիճակ էին շնորհել «Член семьи изменника родины» (ЧСИР): Տվյալ դեպքում՝ Լիլիթ Ղազարյանն աշխատանքից ազատվում է «ընտանիքի անդամ» լինելու մեղքով:

Ավտոկրատական, պախանական համակարգում ենք, երբ բոլոր պետական որոշումներն ընդունվում են մի անձի կապրիզներով: Ընտրություններում արձանագրած տրիումֆից հետո ամեն բան ավելի է վատանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել