Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումների քննությունը, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

A special session is underway at the Constitutional Court following applications filed by several political parties regarding the certification of the results of the June 7, 2026 regular National Assembly elections. Yerevan, Armenia
Դատավոր Էդգար Շաթիրյանը հարցեր ուղղեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Հովհաննես Խուդոյանին եւ Արծվիկ Մինասյանին:
Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո «Հայաստան» դաշինքի կողմից քանի՞ տեղամասերում է ներկայացվել քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում:
Կարդացեք նաև
«Ներկայացվել է մոտ 10 դիմում, բայց նկատի առնելով, որ որոշակի ընթացակարգային խնդիրներ կային, կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հետ նաեւ համաձայնեցված, հարցադրումները փոխանցվել են ԿԸՀ-ին, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ներկայացված դիմումները ընթացավորվեն ու իրականացվի վերահաշվարկ»,- արձագանքեց Մինասյանը:
Դատավոր Շաթիրյանը հստակեցրեց՝ փաստորեն ինչպես ԿԸՀ-ն է փաստում՝ 2005 տեղամասերից մոտ 10 տեղամասի մասո՞վ է միայն ներկայացվել վերահաշվարկի պահանջ: Մինասյանն ի պատասխան լրացրեց. «Ճիշտ եք ընկալում, ավելին՝ հաշվի առնելով, որ այնպիսի տեխնիկական սխալներ են եղել պարզ մուտքագրման շրջանում արձանագրությունից դեպի համակարգիչ, առավելապես կենտրոնացել ենք այս տվյալների վրա, ու մոտ 30 տեղամասի մասով եւ երեք ընտրատարածքների մասով ներկայացրել, ենք մեր առաջարկներն ու ճշգրտման պահանջները կենտրոնական ընտրական հանձնաժողով: ԿԸՀ-ի արձագանքը եղել է շնորհակալություն, որ ներկայացրել եք, մենք ինքներս էլ ենք հաշվարկելու, բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, թերություններն այնքան շատ էին, նույնիսկ հիմա էլ կան բազմաթիվ թվաբանական անհամապատասխանություններ»:
Դատավոր Շաթիրյանը արձանագրեց՝ ինչպես ԿԸՀ-ն է փաստել, ՀՀ տարածքում կազմավորված 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ոչ մեկում չի ստացվել տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու դիմում, ապա անդրադարձավ աղմկահարույց 10/51 տեղամասում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու պահանջին: Ըստ դատավորի՝ այստեղ «Հայաստան» դաշինքի վստահված անձը մատյանում գրառում էր կատարել, որ 20:50-ի դրությամբ 52 զինվոր դեռ գտնվում է տեղամասում ու քվեարկությունը շարունակվում է:
«Վստահված անձը գրառումը կատարել է, քանի որ լայն տարածում էր ստացել հենց այդ տեղամասում ընտրության կարգի խախտումը, հետագայում ոչ թե վերահաշվարկի, այլ այդ տեղամասում խախտումների մասշտաբայնության հարցն է դրվել: Մենք էլ որպես երրորդ կողմ ներգրավված ենք եղել Վարչական դատարանում ԲՀԿ-ի կողմից ներկայացված դիմումի քննության շրջանակներում: Կարեւոր է արձանագրենք, որ խոսքը ոչ թե տեղամասերում արձանագրված նման մասշտաբային խախտումներն են, այլ մինչեւ տեղամաս հասնելն ու տեղամասի մուտքի մոտ, դրա ընթացքում, հաշվարկի ժամանակ: Այս գործի առանձնահատկությունը այն է, որ մրցող քաղաքական ուժը ողջ պետական համակարգը ծառայեցրել է իր քաղաքական շահերին՝ դրանով իսկ իրեն դուրս դնելով մրցակցությունից: Ինչո՞ւ այդքան շատ բողոքներ ու վերահաշվարկի պահանջներ տեղամասերի մասով չի ներկայացվել, որովհետեւ խախտումն ավելի համակարգված ու գլոբալ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































