Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «Լույս» հիմնադրամ

Հունիս 29,2026 15:21 Share

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-մայիս ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. մայիսին տնտեսական ակտիվության աճն էականորեն արագացել է՝ հասնելով 11.7%-ի, ինչի արդյունքում հունվար-մայիս ամիսների կուտակային աճը կազմել է 8.0%, սակայն աճի կառուցվածքը շարունակում է պարունակել կայունության ռիսկեր։ Աճի հիմնական աղբյուրներն են եղել արդյունաբերությունը, ծառայությունները, ինչպես նաև շինարարությունը։ Արդյունաբերության նպաստումը զգալիորեն պայմանավորված է եղել հանքարդյունաբերությամբ և վերաարտահանման տարրեր պարունակող ենթաոլորտներով, որոնց հետագա աճի հնարավորություններն անորոշ են։
  • Շինարարության ոլորտում բարձր աճը ոչ միայն պահպանվել է, այլև մայիսին որոշակիորեն արագացել է։ Հունվար-մայիս ամիսներին շինարարության ծավալներն աճել են 24.1%-ով՝ չնայած նախորդ տարվա բարձր բազային և Երևանի մասով հիպոթեքային վարկերի տոկոսավճարների վերադարձի ծրագրի աստիճանական ավարտից բխող սպասումներին։ Շինարարության բարձր աճը, վարկավորման շարունակական ընդլայնման հետ համատեղ, աջակցում է ներքին պահանջարկին, սակայն միաժամանակ պահանջում է անշարժ գույքի շուկայի հետագա զարգացումների և հնարավոր ռիսկերի մշտադիտարկում։
  • Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն։ Մայիսին արտահանումը նվազել է 11.5%-ով, իսկ հունվար-մայիս ամիսների կուտակային անկումը կազմել է 3.7%։ Արտահանման նվազումը հիմնականում պայմանավորված է թանկարժեք քարերի և մետաղների ապրանքախմբի արտահանման կրճատմամբ, մինչդեռ հանքահումքային արտադրանքի բարձր աճը զգալիորեն մեղմել է անկումը։ Ներմուծման կուտակային աճը դանդաղել է մինչև 2.2%։ Այս զարգացումները ցույց են տալիս, որ արտաքին առևտրի ցուցանիշները շարունակում են մեծապես կախված մնալ առանձին ապրանքախմբերից և վերաարտահանման հետ կապված գործոններից։
  • Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճն արագացել է, մինչդեռ ծախսերի աճը զգալիորեն դանդաղել է։ Հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով, իսկ ծախսերը՝ 4.5%-ով, ինչի արդյունքում ձևավորվել է 95.8 մլրդ դրամ հավելուրդ։ Սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ։ Այսպես՝ ընթացիկ ծախսերն աճել են 15.2%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը կրճատվել են 46.8%-ով։ Հետևաբար, բյուջեի հավելուրդը զգալի չափով պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ և ինքնին չի վկայում ծախսային քաղաքականության արդյունավետության բարելավման մասին։ Ավելին՝ կապիտալ ծախսերի իրականացման կարողությունների հարցը, որը տնտեսության զարգացման առանցքային գործոններից է, դեռևս մնում է չլուծված։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի էհետևյալ հղումով ։

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930