«Այդ ամենը տեղի է ունեցել ընդամենը մի քանի ժամվա ընթացքում․ Ալիևի հայտարարությունը, այնուհետև ադրբեջանական ամբողջ տեղեկատվական դաշտը ողողվեց դրա փակագծերի բացմամբ և դրանց հետո արդեն հրահանգ տրվեց ՀՀ դատախազության կողմից դատարանին արագ ընթացակարգով սկսել Արցախի սեփականազրկման հարցը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համամասնական ցուցակով Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթներին և այն փաստին, որ ՀՀ գլխավոր դատախազությունը գրավոր դիմել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով ավելի արագացնել Արցախի սեփականազրկման հարցը։
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ Ալիևը խոսում է Ադրբեջանի՝ տարածաշրջանային պահանջների կատարման մասին, նույն պահին ադրբեջանական տեղեկատվական դաշտը նույն տրամաբանությունը տեղափոխում է ՀՀ ներքին քաղաքական, նաև իրավական դաշտ, և պահանջում է, թե ինչը պետք է փակվի, ինչը պետք է վերացվի և թե ինչ պետք է փոխվի ՀՀ սահմանադրության մեջ․ «Այսինքն՝ այս երեք իրադարձությունը միմյանց հետ միանշանակ փոխկապակցված ու համահունչ են։ Իրականում խնդիրը Արցախի ներկայացուցչության շենքը չէ, եթե որպես նյութական արժեք դիտարկենք։ Մենք ամբողջ հայրենիք ենք կորցրել, և բնականաբար, շենքը չէ, որ մեզ պետք է սփոփի կամ հույսեր ներշնչի։ Բնականաբար, խոսքը Արցախի ներկայացուցչության մասին չէ նույնիսկ, խնդիրն այստեղ եկել, հասել է ՀՀ ինքնիշխան որոշումների սահմանին։ Ստացում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն պահանջում է՝ ՀՀ-ում ինչ կառույցներ պետք է փակվեն, ինչ խորհրդանիշներ վերացվեն, ինչ սահմանադրական փոփոխություններ պետք է կատարվեն, անմիջապես այդ պահանջների ֆոնին ՀՀ-ի ներսում տեղի են ունենում հենց այդ բովանդակությանը համահունչ գործընթացներ։ Այսինքն՝ այստեղ, եթե մենք այդ նեղ քննարկման դաշտից դուրս ենք գալիս, ավելի լայն շրջանակ է ներառում, ու հարց է առաջանում՝ ո՞վ է այս պահին ձևավորում ՀՀ ներքին օրակարգը։ Եթե հիմա Արցախի պետականության հետքերի մասին են այդպես ակնհայտ պահանջները, բայց չէ՞ որ հաջորդ պահին կա այլ պահանջ, ու ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության օրակարգը խաղաղության հետ որևէ կապ չունի, դա Բաքվի պահանջների կատարման օրակարգ է, և խաղաղության մասին ընդհանրապես խոսք չկա։ ՀՀ իշխանությունը ըստ էության՝ կատարում է Ադրբեջանի թելադրանքը, ուրիշ որևէ գործառույթ ՀՀ իշխանությունը չի իրականացնում, և հետևաբար ստացվում է, որ ՀՀ ներքին ու պետական օրակարգը ոչ թե հենց պաշտոնական Երևանն է որոշում, այլ ուղիղ Բաքուն է որոշում, և այստեղ որևէ դերակատարություն ՀՀ իշխանությունները չունեն բացի թելադրանք կատարելուց»։
Մետաքսե Հակոբյանը ցավով նշեց, որ ՀՀ քաղաքական շատ ուժերի կողմից այդպես էլ արձագանք չտրվեց Ալիևի հայտարարություններին․ հատկապես խորհրդարանական ուժերի կողմից ուղիղ հարցադրումներ ու պահանջներ չտրվեցին իշխող ուժին։ Խոսելով ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին դիմելու փաստի և Իլհամ Ալիևի ելույթների մասին՝ Մետաքսե Հակոբյանը նշեց․ «Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել էր ՀՀ-ի հետ հարաբերություններին և իր խոսույթը բացարձակ խաղաղության մասին չէր։ Հատկապես վերջին իր անդրադարձը, երբ հիշեցնում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը բնականաբար՝ շրջանցելով այն հանգամանքը, որ որևէ կերպ այդպես էլ չկատարեց պայմանավորվածությունները, բայց ինքը հստակ արձանագրում էր նոյեմբերի 9-ի արձանագրության 9-րդ կետը, որով պահանջ էր դրվում ՀՀ տարածքով հենց միջանցքի ձևավորումը, ինչն իրենք անվանում են Զանգեզուրի միջանցք։ Եվ բնականաբար, հենց դա է իրենց խոսույթը և հիշեցրեց, որ ժամանակին՝ այսինքն՝ այն ժամանակ Երևանը չէր համաձայնում Ադրբեջանի և Նախիջևանի միջև ՀՀ-ի միջով հաղորդակցության երթուղու բացմանը, սակայն իրենց ճնշման արդյունքում, ինչպես Ալիևն է ասում՝ ՀՀ իշխանությունները կապիտուլյացիայի են ենթարկվել, հետևաբար տարբերակ չունեին չհամաձայնելու։
Այստեղ նորից հարցը մնում է այն, որ եթե իշխանությունը կապիտուլյացիայի է ենթարկվում, ապա ինչու է շարունակում իշխանավարել, հետևաբար այստեղ կա իրենց ներքին մութ պատճառը, և դա ամենայն հավանականությամբ իրենց ֆիզիկական անվտանգության ապահովումն է, իշխանավարության հետագա ընթացքի ապահովումը, այդ պատճառով էլ իրենք ամեն բան արեցին, որպեսզի այստեղ շարունակեն իշխանավարել։ 2020-ից հետո այն, ինչ տեղի ունեցավ, Ադրբեջանի նախագահը ներկայացնում է՝ որպես գործընթաց, հենց որի շրջանակում ՀՀ-ն պետք է կատարի Ադրբեջանի կողմից առաջադրվող պայմանները։ Ինքը սրա մասին ուղիղ ասաց իր խոսքում։ Այսինքն՝ ըստ Ադրբեջանի՝ անցյալում տեղի ունեցածը ոչ թե զուտ պատմական էքսկուրս էր, որն անում էր Ալիևը, այլ դա ուղիղ օգտագործում է՝ որպես ՀՀ-ի նկատմամբ պահանջներ ներկայացնելու հստակ քաղաքական հիմք։ Եվ ստացվում է, որ հնչում է այդ հայտարարությունը մի ժամանակահատվածում, երբ հենց նույն օրը ադրբեջանական տեղեկատվական դաշտում սկսվեց շրջանառվել մեկ այլ ուշագրավ միտք, որտեղ ուղիղ պահանջվում էր ՀՀ իշխանություններից փակել Արցախի ներկայացուցչությունը, ապամոնտաժել Արցախի հետ կապված քաղաքական և կազմակերպական կառույցները, վերացնել անջատողականության խորհրդանիշները, և դրա մեջ ներառված էր նաև անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունների կատարումը։ Այս բոլոր իրադարձությունները, որոնք ասում եմ, նույն օրվա մեջ է եղել, դրանից հետո արդեն փաստաբանի առաջին հայտարարությունը եղավ, որ արդեն դատախազությունը դատարանին պահանջ է ներկայացրել արագ ընթացակարգով լուծել Արցախի սեփականազրկման հարցը։ Հենց այդ օրը ադրբեջանական տեղեկատվական դաշտում եղան հայտարարություններ՝ լավ կլինի՝ չհասնի անհրաժեշտության ավելի կոշտ մեթոդներով հիշեցնելու, թե ով է այսօր որոշում տարածաշրջանային օրակարգը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































