Իրանը նավթային պաշարներով հարուստ երկիր է, բայց ներկա պայմաններում բենզինի սպառման իր օրական կարիքի 10%-ը (14 միլիոն լիտր) ներմուծում է։ ԻԻՀ-ի նախագահի տեղակալ և «Էներգակիրների սպառման ռազմավարության և օպտիմալացման կազմակերպության» նախագահ Իսմայիլ Սաղաբ Էսֆահանին անցած օրը ներկայացրել է հետևյալ թվերը և քննարկվող առաջարկները։
Իրանում միջին հաշվարկով օրական սպառվում է 135 միլիոն լիտր բենզին, որից 121 միլիոնը ներքին արտադրություն է, իսկ 14 միլիոնը ներմուծվում է։ Համեմատության համար ասեմ, որ Հայաստանի բենզինի սպառումն օրական 750-800 հազար լիտր է, այսինքն Իրանից 170 անգամ քիչ է։ Իրանը հիմա բենզինի ներմուծման համար մեծ դժվարություն ունի` ոչ ԱՄՆ-ի ծովային շրջափակումն է թույլ տալիս, ոչ էլ բավարար արտարժույթ կա բենզին գնելու համար։
Իրանը բենզինի իր պակասորդը գնում է միջազգային գներով, բայց սպառողներին կտրոնով վաճառում է լիտրը 1500 թումանով (ՀՀ արժույթով լիտրը երեք դրամով. այո չեմ սխալվում` ընդամենը երեք դրամով). կա նաև 3,000 և 5,000 թուման շուկայական գին։ Վերջերս գործարարներին թույլատրվել է ներմուծել պրեմիում (սուպեր) տեսակի բենզին և վաճառել լիտրը 80,000 թուման (լիտրը 165 ՀՀ դրամ)։
Կարդացեք նաև
Իշխանություններն առաջարկում են մոռանալ բենզինի ներմուծման մասին. երկրի 90 միլիոն բնակչության յուրաքանչյուրին ներքին արտադրանքից հատկացնել օրական մեկ լիտր բենզինի չեկ` 1500 թումանով (ՀՀ երեք դրամով) և վերավաճառքի իրավունքով։ Հարկ է նշել, որ մատչելի գնով բենզինի կտրոն մինչ այժմ տրամադրվում էր ավտոմեքենաներին. իշխանություններն այդտեղ անարդարություն են տեսնում, քանի որ հարուստները մի քանի էժան ավտո են գնում և միայն դրանց հասանելիք բենզինից են օգտվում։
Առաջարկվում է բենզինը տրամադրել երկրի ընդերքի իրական տիրոջը` քաղաքացուն՝ անկախ տարիքից և ավտոմեքենայի սեփականատեր լինելուց։ ԻԻՀ-ի նախագահի տեղակալը հույս է հայտնել նաև, որ հեռակա ծրագրով երկրի բենզինի սպառման քանակը կիսով չափ կիջեցնվի։ Նա հուսով է, որ հնամաշ և շատ վառելիք սպառող ավտոմեքենաները հավաքվեն և միայն Թեհրանի հանրային տրանսպորտի համար 8,000 նոր ավտոբուս գնվի. տասը միլիոնանոց Թեհրանին առայժմ սպասարկում է 3,200 հանրային տրանսպորտ (3,125 բնակչին՝ մեկ ավտոբուս)։
Հիշեցնեմ, որ 1,150,000 բնակչություն ունեցող Երևանին սպասարկում է 800 հանրային փոխադրամիջոց` այսինքն 1,450 բնակչի համար՝ մեկ ավտոբուս։ Թեհրանի երթևեկության ծանր բեռը զգալիորեն մեղմացնում է մետրոպոլիտենը, որն ունի 7 երթուղի և 163 կայարան։ Իրանի ամբողջ քաղաքներում գործում են նաև տրանսպորտի մասնավոր ընկերություններ, որոնք թեթևացնում են ուղևորների փոխադրման ծանր աշխատանքը։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ


















































