Լրահոս
«Փառքի թակարդը»
Օրվա լրահոսը

Մարդկության ամբողջ պատմությունը երկու սիրո պայքար է․ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Օգոստոս 16,2026 21:17 Share

Հատված Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզից՝ խոսված Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցում, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով։

«Մարդկության ամբողջ պատմությունը երկու սիրո պայքար է՝ Աստծո հանդեպ սիրո, որը հասնում է ինքնանվիրումի, և ինքն իր հանդեպ սիրո՝ եսասիրության, ատելության ու բռնության։
«Հայտնության» գրքում այս պայքարը ներկայանում է երկու մեծ կերպարներով՝ կարմիր վիշապով և արև հագած կնոջով (Հայտն․ ԺԲ 1-6)։

Վիշապը խորհրդանշում է Աստծուց հեռացած իշխանությունը, բռնությունն ու եսասիրությունը, իսկ արև հագած կինը՝ Աստվածամորը, ինչպես նաև եկեղեցին։

Պատմության ընթացքում վիշապը տարբեր կերպերով է հայտնվել՝ բռնապետությունների, հալածանքների, նյութապաշտության և այն մտածելակերպի միջոցով, որը մարդուն սովորեցնում է ապրել միայն սեփական ցանկությունների համար։ Քրիստոնեական պատգամը, սակայն, մնում է անփոփոխ․ Աստված ավելի զորավոր է, քան վիշապը, սերն ավելի զորավոր է, քան ատելությունը։
Մարիամը՝ արև հագած կինը, ամբողջությամբ Աստծով լցված մարդու պատկերն է։ Նրա կյանքը մեկ ամբողջական պատասխան է Աստծուն՝ «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ․ Ա 38)։ Նրա Վերափոխումը մեզ վկայում է, որ ինքնանվիրումի ճանապարհը տանում է դեպի իսկական կյանք։ Մարիամը մեզ ասում է՝ քաջալերվե՛ք, ի վերջո, սերն է հաղթում։

«Հայտնության» կինը նաև Եկեղեցին է՝ բոլոր ժամանակների ուխտավոր ժողովուրդը, որը տառապում է, հալածվում, սակայն Աստծո լույսով ապրելով և Սուրբ Հաղորդությամբ սնվելով՝ շարունակում է Քրիստոսին աշխարհ բերել։ Եկեղեցին Աստծո սիրո ներկայությունն է՝ ընդդեմ ատելության ու եսասիրության։

Վերափոխման տոնը մեզ հրավիրում է վստահելու Աստծուն և ընդօրինակելու Աստվածամորը՝ կյանք տալու, ոչ թե կյանք խլելու։ Սիրո ճանապարհը ինքներս մեզ կորցնելու ճանապարհն է, բայց հենց այդ «կորուստն» է առաջնորդում դեպի իսկական կյանք։

Տոնի այս խորհրդի մեջ իր առանձնահատուկ տեղն ունի նաև Խաղողօրհնեքի կարգը։ Մենք օրհնում ենք պտուղը՝ աշխարհը ճանաչելով որպես Աստծո պարգև։ Հողը, մարդու աշխատանքը, հացը, պտուղը և խաղողը Աստծո արարչագործության բարիքներն են։ Քրիստոսով, սակայն, արարչությունը վերստին օրհնվում և իր ողջ լիությամբ ուղղվում է դեպի Աստծո փրկարար ներկայությունն ու շնորհը։

Խաղողի խորհուրդը մեզ ուղղում է դեպի Քրիստոս, ով ասում է․ «Ես եմ ճշմարիտ որթատունկը, իսկ դուք՝ ոստերը» (Հովհ․ ԺԵ 5)։ Ուստի, Խաղողօրհնեքը միայն պտղի օրհնություն չէ, այլ նաև ինքնաքննության հրավեր․ ի՞նչ պտուղ է տալիս մեր կյանքը։ Արդյո՞ք մեր հավատքը, խոսքը, գործն ու ներկայությունը բարիք են ծնում, խաղաղություն սերմանում, Քրիստոսի սերը փոխանցում մեզ շրջապատող մարդկանց։

Մենք կոչված ենք պտղաբեր կյանքի։ Ինչպես որթատունկը չի կարող պտուղ տալ՝ կտրված արմատից, այնպես էլ մենք չենք կարող հոգևոր պտուղ տալ՝ կտրված Քրիստոսից։

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Տոնական այս օրը երախտագիտությամբ ողջունում ենք Կանաչուտի հավատավոր համայնքին՝ եկեղեցասիրության և համայնքային նվիրվածության համար։ Մեր աղոթքն է, որ Աստված առատապես օրհնի համայնքի հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի նվիրյալ ծառայությունը, զորացնի նրան և պահի Կանաչուտի հավատավոր ժողովրդին միաբանության, խաղաղության և սիրո մեջ։

Երախտիքի խոսք՝ ուղղված երգչախմբին և դպրաց դասին, որոնք իրենց հրեշտակաձայն երգեցողությամբ փափկեցնում են հավատացյալների հոգիները՝ դրանք դարձնելով պարարտ անդաստան Աստծո խոսքի պտղաբերման համար։ Ձեր օրհնյալ ծառայությամբ եկեղեցու սրբազան կամարների ներքո խաղաղվում են հոգիները, իսկ սրտերը լցվում են հոգևոր ուրախությամբ և Աստծո ներկայության զգացումով։

Շնորհավոր Վերափոխումը Սուրբ Աստվածածնի, շնորհավոր տոնը բոլոր նրանց, որոնք ունեն Մարիամ, Սրբուհի, Տիրուհի անունները, շնորհավոր մեր մայրերի տոնը։ Աստվածամոր բարեխոսությամբ լեցուն կյանք ունենաք։

Սիրելի՛ հավատացյալներ,

Թող օրհնված խաղողի յուրաքանչյուր ողկույզ, որ այսօր տանելու ենք տուն, մեզ հիշեցնի․ մեր կյանքը Աստծո պարգև է, մեր աշխատանքը՝ պատասխանատվություն նրա առաջ, մեր պտուղը՝ երախտագիտություն նրա շնորհի համար, իսկ մեր վերջնական նպատակը՝ Աստծո հետ հավիտենական կյանքը»։

ՄԱՍՅԱՑՈՏՆԻ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել