Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր մնաց պատմական անաչառ յիշողութիւնը…

Օգոստոս 15,2026 18:25 Share

Օրերս, լոկ մի քանի արտայայտութիւնների (նաեւ երկրի նախագահի վերջին ասուլիսի ընթացքում խօսքերի) եւ յօդւածների մակարդակով, յիշւեց ու յիշատակւեց Իրանում սրանից 120 տարի առաջ, ժամանակի ղաջարական Շահի՝ Մուզաֆֆարէդդինի՝ Սահմանադրական կարգերի ու Պառլամենտի կազմաւորման հրամանագրի ընդունման ու յայտարարման մասին։

1906 թ. հասարակա-քաղաքական ու պատմական ուշագրաւ սոյն իրադարձութեան մասին վիթխարի գրականութիւն, հրատարակութիւններ, յօդւած-վերլուծականներ ու գիտա-պատմական գրքեր են հրապարակւել մամլոյ գործիչների, քաղաքական-դիւանագիտական այրերի եւ տասնեակների հասնող իրանական, թէ՛ օտարազգի պատմաբան-փորձագէտների կողմից:

Ինչպէս յայտնի է յարգելի ընթերցողներին, թէ՛ վերոգրեալ հրամանագրի, եւ թէ՛ յատկապէս Սահմանադրական շարժման ակունքներում ու ողջ ընթացքում, անհերքելի ու մեծ է եղել ժամանակի իրանահայ համայնքի երեւելի անձանց (Միրզա Մելքոմ Խան, Յովսէփ Միրզայեան, Յովհաննէս Խան Մասեհեան եւ…) ուղղակի, թէ՛ անուղղակի դերակատարումները։ Նաեւ ուշագրաւօրէն ծանրակշիռ մասնակցութիւն-գործունէութիւն են ունեցել հայ ազգային կուսակցութիւններն, ի դէմս՝ ՍԴ Հնչակեան եւ Հ. Յ. Դաշնակցութիւն կուսակցութիւնների։

Պարսկաստանի Սահմանադրական շարժմանը անմիջական ու ղեկավար դիրքի հանգամանքներ է զբաղեցրել նոյնպէս հայ ազատագրական պայքարի ու մասնաւորապէս Կուկունեան արշաւանքի մասնակից՝ գանձակեցի Եփրեմ Դաւթեանը, նոյնինքն՝ Եփրեմ Խանը կամ ինչպէս հետագային հանրահռչակւեց՝ Պարսկաստանի Գարիբալդին…։

Դեռ շատ ու շատ հայերի անուններ ու դէմքեր կարելի է թւարկել՝ առաջադիմական այդ շարժմանն ու երկրում ժողովրդավարական կարգեր ստեղծելուն միտւած նպատակներին ծառայելու եւ իրենց ամենաթանկագինը նւիրաբերելու ճամբին։

Մարտական խմբերից սկսած մինչեւ լուսամիտ հայ մտաւորականներ, որոնք մէկ կողմից պարսկական ցաքուցրիւ ու անկանոն հրացանակիրների (նոյնինքն՝ Սաթթար եւ Բաղեր Խաների զինակիցները) սովորեցրին զինական ու մարտավարական ռազմարւեստը, իսկ զուգահեռաբար հանդիսացան այն ռահւիրաները, որոնք ժամանակի ֆէոդալական-յետամնաց հասարակայնութիւններում ցանեցին առաջին սերմերը՝ ժողովրդավարական հասարակակարգի, որի գլխաւոր ու առաջնակարգ արդիւնք-արգասիքն էր նոյն Մեջլիս-Խորհրդարանը։

Փաստ է նաեւ, որ 1906-ի ազգային-քաղաքական ձեռքբերումն ու հետագայ 5 տարիներում յետադիմական տրամադրութիւնների սաստումը չամբողջացւեց կատարեալ յաղթանակով, նոյն ներքին խժդժութիւնների եւ արտաքին ճակատում՝ ռուս-անգլիական «ուլտիմատումի» պատճառով, որի արդիւնքում էլ՝ Սահմանադրական շարժման պատմակերտ Հանգրւանի անիւը, հասարակական համընդհանուր ռէակցիայի բերումով՝ կանգ առաւ…։

Յեղափոխական ու առաջադիմական ուժերը ճարահատւած քաշւեցին ասպարէզից, իսկ Պարսկաստանի Գարիբալդի հռչակւած հայազգի Եփրեմն նոյնիսկ ամբաստանւեց Սահմանադրական Շարժմանը ընդդիմացող կրօնապետին կախաղան հանելուն…։

Ինչեւէ, 120 տարի անց, «Պատմական յիշողութեան» անսակարկելի օրինաչափութիւնը, պահանջում է անհրաժեշտաբար ,որպէսզի նոյն պատմութեան անցքերը գնահատւեն-արժեւորւեն արդարութեան ու մանաւանդ գիտականութեան հիմքերի վրայ։ Դա նաեւ բարոյական պարտքն է ինչպէս պետական հետնորդ այրերի, այնպէս էլ՝ մեծ յանձնառութիւն ու պատասխանատւութիւն կրող՝ մերօրեայ պատմագիրների, որոնց վաւերականութեան եւ արժանահաւատութեան առաջնակարգ ցուցանիշը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ անաչառութիւնը։

Ցաւ ի սիրտ՝ այդ կարգի պատմագիրների թիւն այսօր, ինչ-ինչ մղումներից ելած՝ ցայժմ խիստ սահմանափակ է։

Իսկ մեզ, որպէս հինաւուրց համայնքի անդամ-միաւորներ, ի մասնաւորի Սահմանադրական Յեղափոխութեան «Պատմական յիշողութեան» հաւաստի ու անաչառ միակ հեղինակն է շարունակում մնալ Եփրեմագէտ Էսմայիլ Ռայինը՝ իբրեւ ազգային եւ էթնօ-կրօնական պատկանելութեանը տուրք չտւող վաւերական պատմագիր…։

Դերենիկ ՄԵԼԻՔԵԱՆ

Պատմական գիտութիւնների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել