Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը
Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն ինչու, խախտելով Եվրոպական դատարանի Մեծ պալատի «Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» (Károly Nagy v. Hungary, [GC], 56665/09), 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճիռով արտահայտված դիրքորոշումը, վարույթ ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հայցը։
«Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» գործով Դիմումատուն Հունգարիայի Ռեֆորմատական (կալվինական) եկեղեցու հովիվ էր, որի ծառայությունը եկեղեցական կարգապահական վարույթի արդյունքում ժամանակավորապես կասեցվել էր, այնուհետև՝ ազատվել էր ծառայությունից:
Նա պետական աշխատանքային և քաղաքացիական դատարաններում հայց է ներկայացրել՝ պահանջելով իրեն վճարել ծառայության ժամանակավոր կասեցման շրջանում չստացած սպասավորության վճարը (վարձատրությունը):
Դիմողի քաղաքացիական հայցն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել էր, իսկ վերաքննիչ ատյանը թողել էր այդ որոշումն ուժի մեջ։ Հունգարիայի Գերագույն դատարանը բեկանել է ստորադաս դատարանների որոշումները և վարույթը կարճել՝ պատճառաբանելով, որ պետական դատարաններն ընդհանրապես իրավասու չեն քննելու գործը, քանի որ հոգևորականի և եկեղեցու միջև հարաբերությունները կարգավորվում են բացառապես եկեղեցական իրավունքով և չեն առաջացնում աշխարհիկ-քաղաքացիական իրավունքներ:
Կարդացեք նաև
ՄԻԵԴ-ի Մեծ պալատը, անդրադառնալով դիմումատուի՝ արդարադատության մատչելիության իրավունքի (ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին կետ) խախտման մասին բողոքին, արձանագրել է, որ եկեղեցու ներքին օրենքներին ու կանոններին առնչվող հայցերը չեն կարող լուծվել պետական մարմինների կողմից: Դատարանն ընդգծել է, որ պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը և իրավասու չեն քննելու այն վեճերը, որոնք վերաբերում են եկեղեցական իրավունքով կարգավորվող հարաբերություններին: Քանի որ դիմումատուի հայցն ուներ եկեղեցական, այլ ոչ թե քաղաքացիաիրավական բնույթ, Դատարանը եզրահանգել է, որ դիմումատուն չի ունեցել «իրավունք», որը կարող էր ճանաչվել Հունգարիայի ներքին օրենսդրությամբ, և, հետևաբար, ՄԻԵԿ 6-րդ հոդվածը կիրառելի չէ:

















































