Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ասում է՝ եկեք դուրս բերենք ռուսական կապիտալն այստեղից, որպեսզի մենք ստանանք հնարավորություն։ Սա նոնսենս է՝ քաղաքական, տնտեսական և այլ առումներով»․ Վահե Դավթյան

Օգոստոս 15,2026 23:30 Share

«Այդ բարեկամական լուծման մասին խոսույթը, կարծում եմ, իրավական առումով որևէ չափման չի ենթարկվում։ Կոնցեսիոն պայմանագրում շատ հստակ նշված է այն արբիտրաժային ինստիտուտը, որին կողմերը պետք է դիմեն կամ ենթադրում են, որ պետք է դիմեն նմանատիպ վեճերի դեպքում․ խոսքը Փարիզի արբիտրաժի մասին է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Դավթյանը`անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին կապված «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրի հետ։

Հիշեցնենք՝ անդրադառնալով երկաթուղու հետ կապված հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր․ «Մենք ուզում ենք բարեկամական լուծում, այսինքն՝ մենք չենք ուզում գնալ ինչ-որ սուր լուծումների։ Որո՞նք կարող են լինել բարեկամական լուծումները՝ որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալենք իրար շահերը և գնանք որոշակի կոմպրոմիսների։ Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ, օրինակ, այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցենսիոն իրավունքի վաճառքը, բայց այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասամբ, այսինքն՝ ինչ-որ որոշակի, բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ կարող են լինել, որտեղ տոկոսային բաշխվածությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությունը չխոչընդոտի, և այլն, և այդպես շարունակ, և ես դա նկատի ունեմ»։

Ըստ Վահե Դավթյանի՝ այսպես ասած՝ բարեկամական լուծումը զուտ քաղաքական տրամաբանության մեջ է տեղավորվում, մինչդեռ այն ամբողջ գործընթացը, որը արդեն նախատեսում են առաջիկայում սկսել երկաթուղու ուղղությամբ, պետք է դիտարկել առավելապես իրավական դաշտում․ «Բարեկամական, թե ոչ բարեկամական՝ կա կոնցեսիոն պայմանագիր՝ 2008-ին ստորագրված, ՀՀ կառավարության և «Ռուսական երկաթուղիներ»-ի միջև, որի համաձայն՝ նախատեսված են այն իրավիճակները, որոնց  պարագայում, եթե կողմերից մեկը խախտում է կոնցեսիոն պայմանագրի դրույթները կամ առավել ևս որոշում է կայացնում դուրս գալ կոնցեսիոն կառավարման ռեժիմից, ապա նմանատիպ վեճերը ենթակա են լուծման միջազգային արբիտրաժում»։

Վահե Դավթյանի կարծիքով՝ եթե խոսքը բարեկամական տրամաբանության մասին է, ապա այդ դեպքում նախքան մի շարք հայտարարություններ անելը հայկական կողմը պետք է սկսեր արդեն որոշակի բանակցային գործընթաց կոնցեսիոների հետ՝ «Ռուսական երկաթուղիների», ՌԴ կառավարության հետ․ «Բայց ինչպես մենք տեսնում ենք, դրա մասին էլ կան Մոսկվայի պաշտոնական հայտարարությունները, որ առանց որևէ աշխատանքային քննարկում ծավալելու պաշտոնական Երևանը դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարում էր, որ դիտարկում է մի սցենար, որում երկաթուղու կառավարումը կարող է փոխանցվել երրորդ կողմի, ընդորում նշվում են մի շարք երկրներ, այդ թվում մի քանի անգամ մատնանշվել է Ղազախստանը։ Եվ սա, բնականաբար, կոնցեսիոն կառավարման և առհասարակ գործընկերային հարաբերութունների կոպիտ խախտում էր։ Եթե երկկողմ օրակարգում չկա նմանատիպ հարց, և դու միանգամից հանրային տիրույթ ես բերում կոնցեսիայի ամբողջ կառուցվածքը և ռեժիմը փոխելու մասին խոսույթը, դա արդեն իսկ ոչ բարեկամական պահվածքի մասին է վկայում»։

Մեր այն դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտում է՝ հայկական կողմը ոչ մի խնդիր չունի Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելու հետ, ընդհակառակը՝ հարգանքով և ըմբռնումով է վերաբերվում Ռուսաստանի շահերին և հիմնավորում, թե խոսքը նրա մասին է, որ այսօր հաստատված իրավիճակը խոչընդոտում է, որպեսզի մենք իրացնենք մեր պատմական հնարավորությունը, որ մեր երկաթուղին ինտեգրվի միջազգային երկաթուղային ցանցին, Վահե Դավթյանն արձագանքեց․ «Բոլոր այդ հայտարարություններն ընդամենը դիվանագիտական խոսույթ են։ Գործնականում ունենք ճիշտ հակառակ պատկերը՝ իրականում ինչ է տեղի ունենում։ Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ հայտարարեց, որ ռուսական կապիտալի առկայությունը ՀՀ տրանսպորտային համակարգում խանգարում է իրացնել ՀՀ-ի տարանցման ներուժը, որ ՀՀ երկաթուղին ինտեգրվի այլ երկաթուղային և տրանսպորտային համակարգերի։ Այստեղ պետք չէ մասնագետ կամ փորձագետ լինել հասկանալու համար, որ այդ ինտեգրման և միացումներն ապահովելու համար նախևառաջ անհրաժեշտ է ապահովել տարածաշրջանային տրանսպորտային համակարգերի ապաշրջափակում, մինչդեռ այդ  հարցը լուծված չէ։ Անկախ նրանից, թե որ երկրի կապիտալն է, կամ որ երկրի կառավարիչն է իրականացնում ՀՀ երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը, չի կարող նպաստել կամ խոչընդոտել ՀՀ-ի տրանսպորտային ինտեգրմանը։ Այսինքն՝ հարցը  պետք է լուծվի ռազմավարական,  աշխարհաքաղաքական մակարդակով, հետո բերվի օպերացիոնալ դաշտ։ Բայց այստեղ տրամաբանությունը խեղված է։ Փաշինյանն ասում է՝ եկեք օպերացիոն հարցը լուծենք, դուրս բերենք ռուսական կապիտալն այստեղից, որպեսզի մենք ստանանք հնարավորություն։ Սա նոնսենս է՝ քաղաքական, տնտեսական և այլ առումներով»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այս խոսույթն օգտագործում, Վահե Դավթյանն առաջարկեց ուշադրություն դարձնել, թե ում կարող է խանգարել ՀՀ-ում ռուսական կոնցեսիոների առկայությունը․ «Եթե հարցին աշխարհագրորեն նայենք՝ դա Իրանը չէ, ամենևին էլ Վրաստանը չէ, որն ամեն կերպ խուսափում է ՌԴ-ի հետ հարաբերությունների սրացումներից․ ՌԴ և Վրաստանի երկաթուղային համակարգերը ակտիվորեն փոխգործակցում են։ Դա Կենտրոնական Ասիայի երկրները չեն, որոնք ՌԴ-ի տրանսպորտային ցանցին միացած են և ակտիվորեն օգտվում են։ Այստեղ ի հայտ է գալիս և աշխարհագրական սկզբունքից ելնելով՝ մնում ընդամենը երկու խաղացող՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Իսկ ինչո՞ւ է նրանց շահերից բխում, որ չլինի ռուսական ներկայություն ՀՀ տրանսպորտային համակարգում։ Այսօր մենք տեսնում ենք, որ ՀՀ-ին ակտիվորեն փորձում են ներգրավել միջին միջանցք նախաձեռնության մեջ։ Դա մի նախագիծ է, որը հետապնդում է նպատակ ձևավորել Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջազգային լոգիստիկ հաղորդակցությունը՝ շրջանցելով Ռուսաստանին։ Դրա մասին է հստակ խոսվում ԵՄ «Գլոբալ դարպասներ» հայտնի ծրագրի շրջանակներում, որ գումարներ պետք է հատկացվեն հենց դրա շրջանակներում՝ մասնավորապես միջին միջանցքին՝ շրջանցելու համար ՌԴ ենթակառուցվածքները։ Այդ շրջանակներում ՀՀ-ին խոստացել են արդեն 2,5 միլիարդ եվրո ՀՀ-ԵՄ համատեղ հռչակագրի շրջանակներում։ Այսինքն՝ խնդիրն այստեղ այն չէ, որ ՌԴ-ն խանգարում է ՀՀ լոգիստիկ պոտենցիալի իրականացմանը, այլ այն, որ ՀՀ-ից դուրս բերելով ռուսական ներկայությունը՝ ինտեգրեն ՀՀ-ին՝ որպես հնարավոր մասնակից միջին միջանցքին՝ դրանով դարձնելով ՀՀ-ին որպես խաղացող, որն աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական առումով հակադրվում է ՌԴ-ին։ Այսինքն՝ այստեղ խնդիրը զուտ տնտեսական կամ լոգիստիկ տրամաբանության մեջ չէ»։

Ըստ մեր զրուցակցի՝ կա հարցի ավելի խորքային կողմ ևս, որի մասին քիչ է խոսվում․ «Այս ամենը հակասում է ԹՐԻՓՓ-ին, որովհետև, եթե միջին միջանցքն ակտիվորեն աջակցություն է ստանում ԵՄ-ի կողմից, ԹՐԻՓՓ-ը մի նախաձեռնություն է, որը խառնում է բոլոր խաղաքարտերը․ ապահովում է ԱՄՆ ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկ հաղորդակցության մեջ՝ էապես սահմանափակելով Եվրոպա-Ասիա ինքնուրույն հաղորդակցությունը, այդպիսով սահմանափակելով Եվրոպայի՝ ուղիղ հաղորդակցվելու հնարավորությունները ասիական շուկայի հետ։ Մենք գիտենք, որ ԱՄՆ-ն շարունակում է լուրջ տնտեսական էքսպանսիա իրականացնել ԵՄ-ում․ դա արտահայտվում է առևտրային ամենատարբեր ոլորտներում՝ ներառյալ գազի մատակարարումները։ Վստահեցնում եմ՝ սրանք պետք է դիտարկենք որպես համալիր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31